Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայի եկեղեցիների հոգևոր առաջնորդներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայի եկեղեցիների հոգևոր առաջնորդներին

Հունիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի եկեղեցիների հոգևոր առաջնորդների էկումենիկ պատվիրակության անդամներին՝ գլխավորությամբ պատվիրակության նախագահ, Սիդնեյի Բյուզանդական կաթողիկե եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Ռոբերտ Ռաբաթի և ուղեկցությամբ Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի Հայրապետական պատվիրակ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի:

Ողջունելով Քույր Եկեղեցիների հոգևոր առաջնորդներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատեց, որ պատվիրակության այցելությունը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին լավագույն վկայությունն է եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունների: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ Ավստրալիա կատարած հովվապետական այցի ժամանակ ականատեսն է դարձել հայ առաքելական և քրիստոնեական մյուս համայնքների միջև առկա սիրո, համերաշխության և սերտ համագործակցության: Այս կապակցությամբ Գարեգին Բ Կաթողիկոսը հույս հայտնեց, որ Ավստրալիայի եկեղեցիների առաջնորդների այցը Մայր Աթոռ կնպաստի այդ կապերի առավել ամրապնդմանը:

Իր հերթին արքեպիսկոպոս Ռոբերտ Ռաբաթն ընթերցեց էկումենիկ պատվիրակության անդամների անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված ողջույնի խոսքը, որում հոգևոր առաջնորդները, անդրադառնալով Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությանը, նաև իրենց զորակցությունը հայտնեցին հայ ժողովրդին և Հայոց Եկեղեցուն` Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում:

Վերջում Վեհափառ Հայրապետը հյուրերին մաղթեց Աստծո օգնականությունն ու առաջնորդությունը, որպեսզի անսասանորեն իրագործեն իրենց սրաբազան առաքելությունը Քրիստոսի Եկեղեցու պայծառության և շենացման համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական սերն ու ողջույնները փոխանցեց Քույր Եկեղեցիների հոգևոր պետերին:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում