USD
EUR
RUB

Վարդավառ

 
 

Այս տոնին սովորություն կա ժողովրդի մեջ աղավնիներ թռցնելու և միմյանց վրա ջուր ցողելու, որը գալիս է Նոյ նահապետի օրերից, ի հիշատակ ջրերի ետ քաշվելուն:

Քրիստոնեական լուսավոր Գրքերից իմանում ենք, որ այս տոնն օրենքներով ու մարգարեություններով չի նկարագրված, այլ հետագայում՝ Քրիստոսի միջոցով երևաց և դրա կատարումը հանդերձյալում է լինելու, քանզի սա գալիք՝ ութերորդ անվախճան օրվա պատկերն է, որը սկզբնավորվում է դատաստանի ատյանից:
Մյուս տոների պատճառները շոշափելի կերպով են երևում, ինչպես օրինակ Ծննդյան, Հարության և այլն, որոնց մասին օրենքներում և մարգարեություններում ասվեցին, իսկ այսօրվա սքանչելիքների փոքր մասն անգամ չկարողացան տեսնել աշակերտներն իրենց կիսաբաց աչքերով, քանի որ թմրած ընկել էին իրենց երեսների վրա: Թաբոր լեռան վրա Տերը նրանց հանդերձյալ փառքը ցույց տվեց, սակայն նրանց ո՜չ աչքը տեսավ, և ո՜չ ականջը լսեց: Ահա այդ պատճառով են բացակայում ընթերցվածներն օրենքներում և մարգարեություններում:

Հոգեգալուստից հիսուն օր անց, Սուրբ Հոգու հրամանով և առաքյալների հավանությամբ, Պետրոս առաքյալը Հակոբոս Տյառնեղբորը ձեռնադրեց Երուսաղեմի առաջին եպիսկոպոս և քահանայապետ: Մինչ այդ օրն առաքյալները չգիտեին նոր քահանայության մասին և հնով էին վարում, իսկ այդ օրը Սուրբ Հոգուց հրաման ստացան փոխել ղևտական քահանայությունը քրիստոնեական քահանայությամբ, քանզի մինչ այդ օրը Քրիստոսի Մարմինն ու Արյունը չէր պատարագվում:

Հարց. -Ինչո՞ւ ենք այս տոնը Վարդավառ կոչում:

Պատասխան. -Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում՝ նախքան բացվելը, այդպես էլ Տերը նախքան Իր պայծառակերպվելը պահում էր Իր մեջ Աստվածության պայծառությունը: Եվ ինչպես վարդը բացվելով բոլորին հայտնապես երևում է, այդպես էլ մեր Տերն այսօր պայծառակերպվելով հայտնում է Իր Աստվածությունը:

Վարդը փշերի մեջ է բուսնում, այդպես էլ մեր տերը հրեաների մեջ երևաց, ովքեր էլ խաչեցին Նրան: Վարդն անուշահոտություն է բուրում, այդպես էլ մեր Տիրոջ պայծառակերպությունից անուշահոտություն բուրեց, որից աշակերտները թմրելով ընկան խոր քնի մեջ:

Իսկ նախնիներն այդ տոնը Վարդավառ անվանեցին, որովհետև վարդը քանի դեռ կոկոն է, ո՜չ իր գեղեցկությունը և ո՜չ էլ իր անուշահոտությունն է հայտնում, իսկ ժամանակի լրանալուն պես քաղցրությունից շարժվելով փթթում է և իր գույնով ու անուշահոտությամբ մարդկանց ուրախացնում: Այդպես էլ Քրիստոս կուսական արգանդում սնվեց ու զարգացավ ինչպես կոկոն և ապա ծնվելով՝ աստղերով ու հրեշտակներով հայտնվեց մոգերին ու հովիվներին, իսկ հասնելով կատարյալ հասակին՝ հայտնվեց մարդկանց՝ նշաններով ու սքանչելիքներով:

Տերը մարմնի վարագույրով ծածկվելով ինչպես կոկոն, այսօր բացվելով հայտնեց հայրենի փառքը, իսկ անուշահոտության բուրմունքով՝ Աստվածությունը:

Վարդն ունի երեք որակ. կարմրություն, սպիտակություն և անուշահոտություն, ինչը խորհրդանշում է Երրորդությունը: Իսկ Քրիստոսի տնտեսության խորհրդում կարմրությունը խաչի վրա թափված արյունն է, սպիտակությունը՝ անմեղությունը, իսկ անուշահոտությունը՝ Հոգին, որ փչեց առաքյալների վրա՝ ասելով. «Առե՜ք Սուրբ Հոգին»: Եվ դա ըստ այս խոսքի. «Իմ սիրեցյալը սպիտակ է և կարմիր, ընտրյալ է՝ տասը հազարից» (Երգ Ե 10):
Այսօր առաքյալները կարգվեցին ուսուցիչ ու վարդապետ ողջ աշխարհի համար, և Տերն այսօր համբերության ու աղքատության դաս տվեց աշակերտներին Մովսեսի ու Եղիայի միջոցով, որպեսզի աշակերտները նրանց նման լինեն:

Հարց. -Ինչո՞ւ ենք Վարդավառը տոնում Հարությունից ու Համբարձումից հետո, քանզի Տերը խաչելությունից քառասուն օր առաջ պայծառակերպվեց:

Պատասխան. -Քանզի Ինքն ասաց, որ Իր մասին չպատմենք մինչև Իր՝ մեռելներից հարություն առնելը (տե՜ս Մատթ. ԺԷ 9), այդ պատճառով Հարության տոնը կատարելուց հետո ենք Վարդավառը տոնում:

Այն բանից հետո, երբ մեռելները հարություն առան, մտան քաղաք և շատերին հանդիպեցին, ժողովուրդը հավատաց, որ Վարդապետը բերել է Եղիային և Մովսեսին հարություն է տվել: Իսկ երբ տեսան կատարվածները. երկրաշարժը, արեգակի խավարումը, Տիրոջ Հարությունը և Սուրբ Հոգու գալուստը, հավատացին, որ Տերը պայծառակերպվել է:

Հիսուսի պայծառակերպությունը
(Մատթ. ԺԷ 1-13, Մարկ. Թ 2-12, Ղուկ. Թ 28-36)

«Վեց օր հետո Հիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբորը՝ Հովհաննեսին, և նրանց հանեց առանձին, մի բարձր լեռ և նրանց առաջ պայծառակերպվեց. և Նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը» (Մատթ. ԺԷ 1-2):

Այն այրերին, որոնց ասաց, որ մահ չեն ճաշակելու մինչև Իր գալստյան նշանը տեսնելը, հանեց լեռան գագաթը և ցույց տվեց, թե ինչպես է Ինքը գալու վերջին օրը՝ Աստվածության փառքով ու Մարմնով: Նրանց լեռը հանեց, որպեսզի ցույց տա, թե Ով է Ինքը կամ՝ Ով է Որդին: Որովհետև մարդիկ Նրա մասին ասում էին, թե Հովհաննես Մկրտիչն է, իսկ ուրիշները՝ Եղիան, ոմանք էլ թե՝ Երեմիան, կամ մարգարեներից մեկը, այդ պատճառով էլ այսօր նրանց լեռը բարձրացրեց, որպեսզի ցույց տա նրանց, որ Ինքը Եղիան չէ, այլ Եղիայի Աստվածը, և Երեմիան չէ, այլ Նա, Ով սրբեց Երեմիային որովայնից (տե՜ս Երեմ. Ա 4): Եվ ոչ էլ մարգարեներից մեկն է, այլ մարգարեների Տերը, Ով առաքեց նրանց: Եվ որպեսզի ցույց տա նրանց, որ Ինքն է Արարիչը երկնքի ու երկրի և Տերը՝ ողջերի ու մեռելների: Ինքն է հավիտենականությունից առաջ Հորից ծնված Աստծու Որդին, այնպես, ինչպես Ինքը գիտի, առանց սերմի ծնվելով և անապական պահելով Իր ծնողի կուսությունը:
Լեռը տարավ, որպեսզի ցույց տա Իր Աստվածության փառքը և ճանաչեցնի նրանց, թե Ինքը Նա է, Ով փրկելու է Իսրայելը, ինչպես որ մարգարեների միջոցով էր հայտնել, որպեսզի աշակերտները չգայթակղվեն՝ տեսնելով Նրա կամավոր չարչարանքները, որն Իր մարդեղությամբ կրելու էր մեր փրկության համար:

Աշակերտները Նրան որպես մարդ էին ճանաչում և չգիտեին, որ Նա Աստված է: Ճանաչում էին Նրան որպես Մարիամի որդի, բայց Տերը նրանց հայտնեց, որ Ինքն Աստծու Որդին է: Տեսնում էին Նրան, որ ուտում է և ըմպում, հոգնում ու չարչարվում, տքնում ու ննջում, երկնչում ու քրտնում և խորհում էին, որ սա չի վայելում աստվածային բնությանը, այլ՝ մարդկային բնությանը: Այդ պատճառով էլ հանեց նրանց լեռան գագաթը, որպեսզի ցույց տա Իր թագավորությունը մինչ Իր մահանալը, որովհետև Հայրը ձայն պիտի տար Որդուն և հայտներ աշակերտներին Իր փառքը, որ Նա Իր Որդին է ճշմարտությամբ ու Աստվածությամբ: Տերը ցույց տվեց նրանց Իր զորությունն ու փառքը, մինչ Իր անարգվելը և Իր պատիվը, նախքան նախատվելը, որպեսզի երբ հրեաների կողմից ձերբակալվի ու խաչվի, իմանան, որ Իր տկարության պատճառով չխաչվեց, այլ կամովին և հաճությամբ, որպեսզի աշխարհը փրկի:

Այն մեծ խորհուրդը, որ կատարեց Քրիստոս Թաբոր լեռան վրա, մինչ այդ երբեք չէր եղել, քանզի բոլոր տեղերից այնտեղ հավաքվեցին. երկնքից երևաց Սուրբ Երրորդությունը՝ Հայրը ձայնով, Սուրբ Հոգին՝ լուսավոր ամպով, իսկ Որդին՝ պայծառակերպված, դժոխքից եկավ Մովսեսը, իսկ Դրախտից՝ Եղիան: Եղիան նաև մարդկանց կողմից եկավ: Այդտեղ էին նաև Քրիստոսի աշակերտները, ովքեր դեռևս չունեին բավարար միտք:

Ամբողջ ժամանակ, որ մեր Տերն աշխարհում շրջեց, առավելապես ըստ մարդկային խոնարհության անցկացրեց, իսկ այդ լեռան վրա Իր ահավորությամբ հրեշտակներին էլ գերազանցեց: Ոչ միայն, որ լուսեղեն փառքով երևաց, այլ նաև, որ խորտակեց մահվան դռներն ու իրականացրեց առաքյալներին տված Իր խոստումները:

Այդտեղ ճշմարիտ արքայությունն էր, քանի որ այդտեղ միասնական Երրորդությունը լիալիր էր: Աստված ինչ-որ վայրում չի լինում, սակայն երևաց մարմնավորներին՝ ինչպես տարածական: Ու այն տեղը, ուր Աստված հայտնվեց, առանց վարանելու կարելի է արքայություն կոչել, քանի որ արքայությունը այն է, ուր Աստվածությունն է երևում:

Արամ Դիլանյան
Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Լրահոս
Դանիել Վարուժան․ Հարճը Կոմիտասի քնարերգությունը Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը Ռեժիսորը դեռ հացադուլ է անում, իսկ Մակունցը՝ ֆռռիկներ «Տեսնել չլիներ` կույրի պես կլինեին, ճանաչել և սիրել չլիներ` անասունի պես կլինեին» Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձակումների տարափը պետք է առավել միավորեն մեր հասարակությանը «Երկրագնդի վրա որևէ երկրորդ պետությունը չունի այդպիսի կոմպոզիտոր, ինչպիսին Կոմիտասն է» Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին Համո Սահյան «Վշտացել եմ ամեն ինչից» Կյանքի ծառը․ Կոմիտաս «Վալենտինոմանիա». կեղծքրիստոնեական, ապազգային և կոմերցիոն տոն «Կինոպարկում» տեղի է ունեցել Օսկարի հավակնորդ «Իշխանություն» ֆիլմի փակ ցուցադրությունը Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը Տեառնընդառաջ Վերադարձնենք լույսի եւ ջերմության մեր պատառը Հրանտ Մաթեւոսյանին Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Ռեժիսոր. Մեր գործադիր իշխանությունը հումանիզմի տարրական չափաբաժին չունի Կալկաթայի մարդասիրական ճեմարան «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում հաղթող գործն առնչվեց հայի անվան հետ» Զարդերի վերածված Կիլիկիայի մանրանկարչությունը Լևոն Խեչոյան․ Սև գիրք, ծանր բզեզ Ժամանակի ոգով գրված գիրք՝ «Շիլափլավ եւ շիլաշփոթ» Կա դրվագ, որը հոգեբանորեն դժվար է խաղալը. Ալեքսանդր Խաչատրյանի «Գարուն ա» ֆիլմը Ապրիլյան պատերազմի մասին է. լուսանկար Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին «Նոր սերունդ, նոր անուններ» խորագրով ցուցահանդեսը նվիրվեց Հովհաննես Թումանյանի հոբելյանին «Ավրորան» Մատենադարանին տված դրամաշնորհը կուղղի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը Պետրոս Դուրյան․ Բանաստեղծություններ Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը Ամերիաբանկը Հայաստանում ներկայացնում է օպերային մեծանուն երգիչ Պաատա Բուրչուլաձեին Հայ Եկեղեցու 20-րդ դարի նշանավոր գործիչներին նվիրված գիտաժողով ԱՄՆ-ում Հիսուսի՝ տաճարին ընծայման տոն կամ Տեառնընդառաջ. փետրվարի 14-ին «Նոր Թումանյանի բացահայտման փուլ պետք է սկսվի» Ազգային կինոկենտրոնի քմայքները կամ վերաձևված կանոնակարգ Այսօր մրուրն է իրեն սերուցք հորջորջում, մարմինը գլխիվայր է տեղաշարժվում Պաշտոնական ընդունելություն Մելբուռնում ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մուշեղ Իշխան․ Բանաստեղծություններ Վահագն Դավթյան․ Լույս առավոտի Ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կինոռեժիսորը դադարեցնի հացադուլը Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել թատրոնի և կինոյի հայտնի դերասան Սերգեյ Յուրսկիին Հանրայինը զբաղված է մեր եկեղեցու հանդեպ ատելության քարոզով
Ամենաընթերցված
website by Sargssyan