Օդում ինչ-որ շունչ կա

Օդում ինչ-որ շունչ կա

Օդում ինչ-որ շունչ կա անձրեւացած օրվա
ոտնաքայլեր դանդաղ՝ ջրափոսերի մեջ:
Ինչ-որ ձայն կա հիմա, որ գալիս է հեռվից
որ բռնում է ձեռքս, խաղում մազերիս հետ:
Փողոցներում գունատ ինչ-որ երազներ կան,
գիրկն առնելու կարոտ հոգիներ կան կորած,
ինչ-որ տեղից ծնվող ինչ-որ սրտաթրթիռ
ու անսովոր կապույտ երկինքներ կան հիմա:
Բառարանում թողած ինչ-որ սիրուն բառեր,
որ սպասում են մտքից դեպի շուրթեր հասնեն:
Քաղաքներ կան, որտեղ մեն-մենակ ենք արդեն
ու ձեռքեր կան հիմա՝ օդին հպվող միայն:
Հոգոցներ կան այս մութ երեկոյում հանգչող
ու կարոտ կա՝ երբեք դիմագիծ չփոխած,
Օդում արձագանք կա գտած-կորցրած օրվա,
իսկ ձեռքերին՝ հուշեր, մատնահետքեր գծված:
Եւ ծովեր կան ներսում՝ բիբերի մեջ լցված,
ալեկոծվող ծովեր՝ թարթիչներում մեր խիտ,
եւ տողեր կան այնքան, հատակներում պահված,
ու կապտացած խոսքեր՝ իրար դեռ ասելիք:

Անահիտ ՂԱԶԱԽԵՑՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում