Քարտաշները

Քարտաշները

Քարտաշները՝ նման քարհանքի,
Կիզված մաշկի տակ մկանունք,
Կոշտ են հողից դուրս ցցված
Բազալտից:
Կակաչները, որ խաղում են քիչ վերև,
Ոչինչ չեն ասում քարտաշին:
Նա զարկում է մուրճը,
խրում սեպը,
Պատռում քարը, ինչպես մատնաքաշը,
Որի մեջ սոխ է դնում, պանիր
Եվ ծամում փոշոտ բերանով:
Շոգը, ցուրտը ապխտում են քարտաշի հոգին,
Նա տուն է գնում թուջե քայլերով:
Ու թե խոսի, բառը ծանր կընկնի,
Լինի բարի բան, թե ցավի,
Թե հայհոյանք:
Այդ բառերով է բարձրանում
Տաճարը,
Ծածկվում գերեզմանը:

Խորալը
Ձեռքս իջնում է Սարի թաղի քարհանքին,
Գեղամա լեռներին,
(Ստեղները կոտրած բարեկեցության ակորդեոնը բերնի պես չխչխկում է):
Բարձր Տատրաների քարանձավային շթաքարերին,
Եգիպտոսի ծայրերը մաշված բուրգերին
Տեղ-տեղ գլուխ բարձրացնող ջրհեղեղի ալիքներին:
Երկու ձեռքով զարկում եմ կյանքի և մահվան
Գաղթնաթաքույց թմբուկներին,
Հոշոտված երկու երկնաքերների հիմքերին
Եվ միայն ես ու միայն ես եմ լսում խորալը
Ընդերքից բարձրացող, ծավալվող, ինքն իրեն նեշնչող:
Այդ անանուն ոմն Բախի թոքերն ու կողերը
Իսկը երգեհոն:
Առանց նոտայի որևէ նշանի երկնում է
Խորալն իր անդնդախոր և լավ մշակած ծաղկեպսակի պես
Դանդաղորեն դնում համայն լսողաց և տեսողաց արձանախմբին:
Եվ դու՛ խորալ, ցավից բարձր, լույսի արագությունից ավելի ճառագող:
Ապրել-մեռնելու հանելուկից դուրս.
Երանության նժույգը քո ի՜նչ խրխնջոցով է արածում
Կեղծամը Բախի:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում