Այծերը

Այծերը

Կգան այծերն արածելու իմ այգում։
Նրանց առաջ նաև ջուր եմ դնելու։
Իսկ աղաքար դեռ չունեմ։

Հովիվը մի տղա է։ Նա գիտի, որ գրում եմ
Եվ բառերը ոլործուն այծեղջյուրի նման
Դեպի սիրտն են երկարում։

Տղայի հետ խոսում ենք այծի կաթից ու պանրից,
Որ Կանադա են ճամփում։
Թող օրհնվի Կանադան իր սառցալեռներով։

Հանկարծ մի այծ ծառի կեղևն է կրծում,
Տղան զարկեց ճիպոտով, այծը փախավ հովի պես։
Ինչ հրաշք է պատիժը, երբ տեղին է։

Այս վերջին տողը, թե այծը գրեր,
Կկարդայինք. Երանի թե դուք լինեիք այծամարդ,
Նաև շվի նվազեիք։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում