Խանութը

Խանութը

Հագուստեղենի խանութ է մահը։
Երբ նոր ծնվեցի բարուրի պես էր
Նա ինձ սպասում,
Երբ քիչ մեծացա ճերմակ շապիկի։
Հետո՝ դպրոցական համազգեստի,
Ապա կոստյումի նման ջոնջոլե
Եվ մի փողկապի ծաղկավոր խաղով՝
Խեղդելու պատրաստ։
Հիմա կանգնել է բրդյա ու խավոտ
Վերարկուի պես խիստ թանկագին,
Թևերը բացած, աստառը փայլուն։
Իսկը Նյուտոնի թիկնոցն է, եղբայր։
Բայց ես, ներիր ինձ, պիտի ընտրեմ
Քունջ ու պուճախում կոլոլված ու հին
Շաղրածուի շորն ու դիմակը այն,
Որի պատկերից մահն ինքը խնդա։
Հի՜-հի՜-հի՜ հա՜-հա՜-հա՜,
Այ թե խելառ մահ եմ, հա՜։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում