Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայում կներկայացվի տարբեր մշակույթների երաժշտական ժառանգությունը

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայում կներկայացվի տարբեր մշակույթների երաժշտական ժառանգությունը

Մալթայի մայրաքաղաք Վալետայում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգան Մալթայի ֆիլհարմոնիկ և Մալթայի երիտասարդական նվագախմբերը։
Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, համատեղ համերգի ընթացքում երաժշտասեր ունկնդիրներին կներկայացվեն Ջոակինո Ռոսսինիի, Ժոզեֆ Վելլայի, Չարլզ Քամիլերիի, Պյոտր Չայկովսկու ստեղծագործություններից։

Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Ստեֆան Քալեյան։ Ստեֆան Քալեյան Մալթայի երիտասարդ սերնդի լավագույն ջութակահարներից է և հունիսի 30-ի համերգին նվագախմբերի հետ համատեղ կներկայացնի մալթացի կոմպոզիտոր Ժոզեֆ Վելլայի ռապսոդիան։

Համերգը կայանում է Մալթայի արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում։ Եվ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախմբերի համատեղ ելույթով ներկայացվելու է տարբեր մշակույթների երաժշտական ժառանգությունը։ Սերգեյ Սմբատյանը, ի դեպ, բազմիցս է հանդես եկել Մալթայում և սիրված ու սպասված երաժիշտ է եվրոպական այս երկրում։

Նշենք, որ Մալթայի արվեստի միջազգային փառատոնը, որ անցկացվելու է հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 16-ը, արվեստասեր հանրությանը ներկայացնելու է մշակութային հետաքրքիր միջոցառումներ՝ համերգային ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ, թատերական ներկայացումներ և այլն։

Հիշեցնենք, որ Մալթայի մայրաքաղաք Վալետան այս տարի հռչակվել է որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, ինչի շրջանակներում ամբողջ տարվա ընթացքում եվրոպական այս երկրում անցկացվում են բազմապիսի մշակութային միջոցառումներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում