«Ցուցադրվածը բուն Գեղարդն էր, բայց Մայր Աթոռն ունի նաեւ դրա կրկնօրինակը». Տեր Ասողիկ

«Ցուցադրվածը բուն Գեղարդն էր, բայց Մայր Աթոռն ունի նաեւ դրա կրկնօրինակը». Տեր Ասողիկ

 Օրերս Մայր Աթոռում հավատացյալների երկրպագության համար դուրս բերված գեղարդը բուն՝ աստվածամուխ սուրբ Գեղարդն է, սակայն Մայր աթոռն ունի նաեւ դրա կրկնօրինակը: Այս մասին այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց Մայր Աթոռի արխիվի եւ թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե դա բնօրինակը չէ, եւ եկեղեցին խաբում է հավատացյալներին: «Կրկնօրինակը եւս սուրբ մասունք է: Եկեղեցին իր կարգն ունի. եթե առարկան հատուկ կարգով օրհնվում է եւ օծվում մյուռոնով, այն ոգեղենանում է: Երկրպագության համար միշտ դուրս է բերվել բուն Գեղարդը, որը Վեհափառ Հայրապետի հատուկ հսկողության ներքո է»,-հայտարարեց Տեր Ասողիկը:

Նա վստահեցրեց, որ եկեղեցին ժողովրդից թաքցնելու ոչինչ չունի. «Հայոց եկեղեցին ունի մեկ՝ բուն Գեղարդ եւ 1980-ականներին պատրաստված գեղարդի կրկնօրինակը: Դա արվել է բուն Գեղարդը հափշտակությունից պաշտպանելու համար: Այդ կրկնօրինակը, ինչպես շեշտեցի, օրհնվել է եւ սրբացվել»: Տեր Ասողիկը նշեց, որ աշխարհում հինգ գեղարդ է հայտնի, սակայն բնօրինակը Մայր Աթոռում պահվողն է. «Այդ գեղարդներից երեքի հանդեպ խորհրդապաշտական մոտեցում կա, թե՝ ով տիրի գեղարդին, աշխարհին կարող է տիրել: Այդպիսի նկրտումներով Հիտլերն, ի վերջո, գեղարդներից մեկը տարավ Գերմանիա: Սա մարդկային խաբեություն է: Մեր գեղարդը աստվածամուխ սուրբ մասունքն է»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու բուն Գեղարդը եւ բնօրինակը միասին չեն ցուցադրվում, որպեսզի թերահավատները եւս համոզվեն: Տեր Ասողիկը պատասխանեց, որ իմաստ չկա. «Կրկնօրինակի նկարները կան համացանցում: Ցանկացողը կարող է գալ Մայր աթոռ եւ տեսնել բուն Գեղարդն ու կրկնօրինակը»: Ինչ վերաբերում է Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամ տեր Կորյուն աբեղա Առաքելյանի հայտարարությանը, թե բուն Գեղարդի վրա չորս կնիքներ կան, Տեր Ասողիկը պնդեց. «Դա սուտ է: Ի սկզբանե երկու կնիք է եղել, ինչը փաստաթղթերով է հաստատված»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում