Օսկարակիր ռեժիսոր. «Կինո նկարելը ամուսնության նման է, միշտ չէ, որ կատարյալ է ստացվում»

Օսկարակիր ռեժիսոր. «Կինո նկարելը ամուսնության նման է, միշտ չէ, որ կատարյալ է ստացվում»

Օսկարակիր ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրն է, իսկ նրա ֆիլմերը՝ փառատոնի շրջանակում ցուցադրվում են: Հուլիսի տասին ամերիկացի ռեժիսորը վարպետության դաս անցկացրեց AGBU- ի գրասենյակում: Ասեղ գցելու տեղ չկար, երիտասարդներն անգամ հատակին էին նստել:

Ռեժիսորն ասաց, որ իր ստեղծագործելու ոճն առանձնահատուկ է, քանի որ իր ձեւակերպմամբ, ինքը ֆիլմը երեք անգամ է նկարում. մեկ անգամ՝ սցենարը գրելիս, երկրորդ անգամ՝ դերասանների հետ աշխատելիս, երբ արդեն նյութը նկարված է եւ երրորդ անգամ՝ մոնտաժելիս:

«Ոմանց թվում է, թե իմ ֆիլմերը մեկ շնչով են նկարված, սակայն դրանք անընդհատ փոփոխվել են…Ընդհանրապես Ֆիլմարտադրությունը արվեստ լինելուց բացի, նախ եւ առաջ բյուրոկրատիա է՝ անվտանգության հարցեր, փողի փնտրտուք, հազար ու մի բան, այնպես որ՝ արվեստի համար քիչ տեղ է մնում:

Ռեժիսորի աշխատանքն էլ հիշեցնում է նվագախմբի դիրիժորի աշխատանքը, պետք է այնպես անես, որ ողջ նվագախումբը կատարյալ նվագի… Մի խոսքով, կինո նկարելը ամուսնության նման է, միշտ չէ, որ կատարյալ է ստացվում»,- ասաց ռեժիսորը:

Նա խոսելով իր ֆիլմերի մասին՝ նշեց, որ իրեն միշտ գրավել են հինավուրց, աստվածաշնչյան պատմությունները. «Դրանք հզոր են, ու որպես պատմող փորձում ես զգացմունքային արձագանքի հասնել…Մարդկային զգացմունքները թարգմանվում են բոլոր լեզուներով, անկախ նրանից՝ այդ զգացողությունն ունեցողն ինչ կրոնի ներկայացուցիչ է, մանավանդ բոլոր ուսմունքներն էլ համաշխարհային մշակույթի մաս են»:

Հարցին՝ ո՞վ է իր լսարանը, Դարրեն Արոնոֆսկին պատասխանեց, որ նկարելիս պատկերացում չունի, թե ով է այդ ֆիլմը դիտելու, մյուս կողմից էլ, նրա ձեւակերպմամբ, դրանք այն մարդիկ են, որոնք մարտահրավեր են ուզում, ձանձրացել են Մարվելի ֆիլմերից: Արոնոֆսկին միաժամանակ ավելացրեց, որ իր վարպետի գրասեղանին միշտ նման բովանդակությամբ գրություն է եղել. «Որտեղ է իմ հանդիսատեսը» եւ սա է ուղեցույց հանդիսացել:

Դերասանների հետ աշխատանքին էլ անդրադարձ եղավ: Արոնոֆսկին նշեց, որ ռեժիսորը պարտավոր է այնպիսի միջավայր ապահովել, որ իր հետ աշխատող դերասանը հարմարավետություն զգա, վստահի. «Որովհետեւ, երբ դերասանները բացվում են, դառնում են գեղեցիկ ծաղիկներ: Մյուս կողմից էլ՝ փորձառու դերասանները ոչ միշտ են ցանկանում անել այնպիսի բաներ, որ նախկինում չեն արել, ու ռեժիսորը ստիպված է հիմնավորել դրա անհրաժեշտությունը, որ նրանք «չխրտնեն»:

Արոնոֆսկին ասաց, որ մինչեւ կինոյով լրջորեն զբաղվելը դիտել է լավագույն ռեժիսորների ֆիլմերը, որոնց թվում՝ Ջարմուշի, Ֆելինիի… Ներկաներին էլ խորհուրդ տվեց անպայման նայել Ֆելինիի «Քաղցր կյանքը»:

Ասաց, որ չի բացառվում մի օր Հայաստանում ֆիլմ նկարելը, սիրում է համագործակցել նրանց հետ, որոնք արհեստը արվեստի են վերածում, նաեւ հավատացած է, որ երկրագնդի վրա բոլոր մարդիկ հավասար են:

Ներկաներից մեկի դիտարկմանը, որ ինքը աթեիստ է, տեղյա՞կ է արդյոք, որ գտնվում է առաջինը քրիստոնեություն ընդունած երկրում, օսկարակիր ռեժիսորը ժպտաց, ապա պատասխանեց. «Հուսով եմ՝ այստեղ կհանդուրժեն այլ կրոնի ներկայացուցչի կամ աթեիստի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում