Բաց աչքերով նայիր լույսին

Բաց աչքերով նայիր լույսին

«…Սև՛ թունել… սև՛-սև՛…

Ոտաբոբիկ, կյանքի հարվածներին վարժ իմ ոտքերը՝ բոբիկ, մերկ, աշխարհի ցավերին դիմացկուն, քայլում են ու քայլում…, իսկ սիրտս… սի՛րտս ժամանակից շուտ անկողնուն գամված հիվանդի աղերսող աչքերի պես իմ կյանքի առաստաղին է նայում:

Ո՞ւր է այն ձեռքը, որ կարող է այնքան երկարել, որ հենարան դառնա և զսպի առաստաղի զայրույթը, թույլ չտա, որ այն փուլ գա: Թունելի նման երկա՛ր, երկա՛ր մի ձեռք, որն այնքան կենդանի կլինի, զորեղ ու այնքան կերկարի, որ կկարողանա աշխարհին օգնել դիմանալ այն մարդկանց ծանրությանը, որոնց երակներում չարության հոսքն է:

Վեր կենամ, գիտե՞ս, վեր կենամ, քանի դեռ առաստաղը փուլ չի եկել:

Առաստաղի վրա ստվերագծվել են սև դեմքեր, որ կորցրել են իրենց խիղճը… խի՛ղճ…. անմեկնելի ապրում, զգացում… խի՛ղճ, որ ոչ այնքան տեսանելի պետք է լինի մարդկանց աչքերում, որքան զգալի նրանց արարքներում, իսկ մարդիկ… մարդիկ հաճախ բառերի շինանյութով հասկացության բովանդակությունը կառուցելու անհրաժեշտությանն են գնում, այնինչ՝ պետք է Աստծո հետ համերաշխության և միասնության անքակտելիությամբ դիմացինին զգալու ընդունակությունը չկորցնեն: Երևի… դրա համար է խոժոռվել առաստաղը. բեռը ծանր է: Ստվերագծված դեմքերը նույնիսկ չեն մտածում որոնել իրենց խիղճը և քամու հետ շշնջում են, շշուկով համոզում, որ այն փուլ գա մարդկանց գլխին: Ու նույնիսկ մտքերը, որ երբեմն փախչում են մեր գլխից, անպայման հետ են գալիս ու մեղավոր նստում պատի տակ` գլխակեղևով կառուցված սենյակում, իսկ նրանք իրենց խիղճը որոնել, գտնել ու զգալ չեն ցանկանում. չարից կախված են մնում, ինչպես ստրուկը՝ տիրոջ հայացքից:

Ժամացույցի սլաքն անգամ կաղում է, ուզում է ետ մնալ ժամանակից, հոգնել է, վախենում է, որ գիշերվա ստվերում կթաքնվեն նենգադավ շշուկները… գուցե լույսը վառե՞մ. կվախենան լույսից: Չարը հավանաբար լույս չի սիրի, քանի որ մերկանում է, անպաշտպան դառնում իր թաքնված և դարանակալած ողջ գոյությամբ: Վախենում է, որ լույսը կշլացնի, կկուրացնի իր աչքերը. այս կարելի է տեսնել բազմաթիվ մարդկանց աչքերում, որոնք բարեկամի շղարշով են տարազվում՝ դարանակալելով չարության ստվերի տակ:

Աշխարհը նեղանում է՝ դառնալով թունել, ուր միայն Աստծո լույսով կարելի է գտնել իրական ճանապարհը, քայլել, ապրել, արարել, որ այն ընդարձակվի, լուսավորվի մեր արարչագործ գոյությամբ:

Մի՞թե կյանքը ծանրացել է մարդկանց երակներում. չէ՞ որ այն հանդարտ հոսում է, ի՞նչ հարկ կա պղտորելու: Նայում եմ առաստաղին և ուզում ասել բոլոր այն ստվերագիծ դեմքերին, որոնք դարանակալում են չարության ստվերի տակ. «Մաքրե՛ք ձեր աչքերի մեջ խտացած զայրույթը, աշխարհին մաքրությա՛մբ նայեք, ձեր աչքերում տե՛ղ բացեք, տե՛ղ թողեք ձեր խղճի համար… ինչո՞ւ եք այդքան շնչահեղձ, կարծես արշավանքի պատրաստվեք… չարությա՞մբ եք արշավում աշխարհի դեմ: Անվարագույր և նաև թաքցրած նախանձով մի՛ նայեք աշխարհի, ձեր երեսը մաքրե՛ք ազնվությամբ, աչքերը բա՛ց պահեք լույսի համար…

– Ինչո՞ւ եք կորցնում հանդարտությունը. չէ՞ որ մտքով և սրտով պետք է հանդարտ լինել, հանդարտությունն անհրաժեշտ է հոգեպես կազդուրվելու համար: Տիրավանդ պատվիրանն է. «Հանդա՛րտ եղեք ու ճանաչե՛ք, թե Ես եմ Աստված»: Հապճեպության մեջ Աստծուն չճանաչելով՝ չարին ընդառաջ եք գնում. ինչո՞ւ,- կիսաքուն, քնատ աչքերով նայում եմ առաստաղին:

Առաստաղը լռում է…»:

Մարդը Երկիր է այցելում՝ հարստացնելու շրջակա աշխարհն իր սիրով: Աստծո գետը ջրով լեցուն է: Երկրի ակոսները լցնում է, ջրում՝ անձրևներով փափկեցնելով այն, օրհնելով աճեցրած բույսերը: Օրհնում է տարին, կյանքն իր բարությամբ, և իր շավիղները պարարտացնում են Երկիրը:

Առավոտ է. շրջում եմ իմ քաղաքով ու զգում, որ քաղաքիս շուրթերը ծանրացել են այն բառերով, որ չասված, չգրված են մնացել… բոլոր նրանց, ովքեր իրենց չարակամությամբ ծանրացել են աշխարհի ուսերին. «Բա՛ց աչքերով նայեք լույսին, մի՛ վախեցեք լույսով օծել ձեր աչքերը, լույսի շողի համար բա՛ց դուռ թողեք ձեր հոգու համար»:

Երեկ ողջ գիշեր իմ և առաստաղի զրույցից մի բան պարզ էր. աշխարհը ծանրացել է առաստաղներին, առաստաղները փուլ են գալիս մարդկանց չարակամ արշավանքներից:

Էլինա ՄԻՐԶՈՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում