318 մլն եվրո բյուջեից օգտվելու հնարավորություն. մշակութային արժեք ստեղծողները կարող են դրամաշնորհ ստանալ

318 մլն եվրո բյուջեից օգտվելու հնարավորություն. մշակութային արժեք ստեղծողները կարող են դրամաշնորհ ստանալ

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության համար փոխըմբռնման հուշագրի հարցն է քննարկվում խորհրդարանում: Այն ներկայացրեց մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 1,46 մլրդ եվրո է, իսկ մշակութային ենթածրագրի բյուջեն 318 մլն եվրո: ՀՀ-ն ծրագրին մասնակցելով՝ կարող է օգտվել այդ 318 մլն եվրո բյուջեի հատկացման դրամաշնորհային հայտերից, բայց տարեկան պետք է վճարի 52 հազար եվրո: Բայց հնարավոր է, որ բանակցությունների շնորհիվ եվրոպական հանձնաժողովը մասամբ ինքը վճարի այդ 52 հազարի մի մասը: Ընդ որում, այդ տարեկան վճարն ամեն տարի կարող է փոփոխվել:

Նա ասաց, որ ծրագրով աջակցություն կլինի մշակույթի բնագավառին եւ այդ բնագավառի արդյունաբերողներին, այսինքն, այն մարդկանց, որոնք մշակութային արժեք են ստեղծում՝ որպես արտադրանք:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե մենք ի՞նչ հնարավորություն ունենք այդ 318 մլն եվրոյից օգտվելու՝ հաշվի առնելով, որ մի շարք երկրներ կարող են այդ գումարը ստանալ, իսկ ՀՀ-ն առաջին անգամ է մասնակցում: Տիկին Ղարիբյանը պատասխանեց, որ եթե անգամ Հայաստանից 1 հայտ լինի, այդ հայտը հնարավորություն ունի բերել 60-200 հազար եվրո գումար, իսկ եթե լայնամասշտաբ ծրագրով հանդես գա, կարող է շահել մինչեւ 2 մլն եվրո՝ մեկ հայտով:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հարթակ ձեւավորելու համար գրասենյակ է գործելու, որտեղ աշխատելու է 3 փորձագետ:

Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փոխըմբռնման հուշագիրը վավերացնելը համարեց պատմական եւ ուշացած: Նա ասաց, որ նախորդ կառավարությունների հանցավոր անգործության պատճառով այս հուշագիրը ձգձգվել է տարբեր բյուրոկրատական քաշքշուկներով եւ մեր ստեղծագործողները զրկված են եղել այդ ծրագրի բյուջեից օգտվելու հնարավորությունից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում