Ֆրանսահայ ռեժիսոր. «Այսօր ավելի շատ հայ եմ զգում, քան ֆրանսիացի»

Ֆրանսահայ ռեժիսոր. «Այսօր ավելի շատ հայ եմ զգում, քան ֆրանսիացի»

15-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ հուլիսի 10-ին տրվեց «Ֆրանկոֆոն երկրների կինոն» ծրագրի մեկնարկը եւ այդ շրջանակում ցուցադրվեց ֆրանսիացի դերասան, սցենարիստ եւ կինոռեժիսոր Վալերի Մասադյանի «Միլա» ֆիլմը:

Փառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ ծրագրում ներառված է տասնհինգ, այդ թվում՝ կանադական, լիբանանյան, բելգիական եւ այլ ֆրանկոֆոն երկրների արտադրության ֆիլմեր:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը նշեց, որ 2018 թվականը Հայաստանում յուրահատուկ տարի է: «Գարունն արդեն յուրահատուկ էր, ամառը նույնպես յուրահատուկ է 15-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնով, իսկ աշունը կլինի ավելի յուրահատուկ՝ Երեւանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շնորհիվ»,-ասաց դեսպանը:

Նրա ձեւակերպմամբ, այս տարի ֆրանկոֆոնիան ներկա է Հայաստանում. «Շնորհակալ ենք, «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, որ այս տարի հատուկ տեղ է հատկացրել ֆրանկոֆոն ֆիլմերին: Փառատոնը բացվել է Ռոբեր Գեդիկյանի «Առանձնատունը» ֆրանսիական ֆիլմով, եւ բոլորս անհամբեր սպասում ենք տեսնել Վալերի Մասադյանի «Միլա» ֆիլմը: Ֆրանսիական դեսպանությունը սատարել է «Ոսկե ծիրան» փառատոնին՝ ստեղծման տարեթվից»: Պարոն Լաքոթի խոսքերով, փառատոնում ներկայացված ֆիլմերը ֆրանկոֆոնիայի արժեքների համատեքստում են:

Վալերի Մասադյանն ասաց, որ ուրախ է Հայաստանում գտնվել փառատոնի շրջանակում, ինչում իրեն աջակցել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը: «Այսօր ինձ ավելի շատ հայ եմ զգում, քան ֆրանսիացի: Քառասունհինգ տարեկան եմ, ապրում եմ Երոպայում, որտեղ մի փոքր լարվածություն կար: Այն, ինչ տեսանք, որ կատարվեց Հայաստանում այս օրերին, բոլորս ուշադիր հետեւում էինք, նույնիսկ ոչ հայերը: Դա բոլորիս շատ մեծ հույս տվեց»,-ասաց Մասադյանը:

Նա նշեց, որ չի սիրում, որ ֆիլմից առաջ խոսում են. «Պետք է ինչ-որ առումով կույս լինել ֆիլմը դիտելուց առաջ եւ ոչ մի սպասում չունենալ, մտքով հնարավորինս ազատ ու պատրաստ լինել ֆիլմն ընդունելու համար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում