Սերժ Թանկյանն ու Տարոն Մալաքյանը՝ խումբը չմիավորելու պատճառների մասին

Սերժ Թանկյանն ու Տարոն Մալաքյանը՝ խումբը չմիավորելու պատճառների մասին

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամներ Սերժ Թանկյանը և Տարոն Մալաքյանը մեղադրանքներով են փոխանակվել՝ կապված խմբում առաջացած փակուղու և տարաձայնությունների հետ:

Հուլիսի 20-ին Մալաքյանի Scars on Broadway խումբը կթողարկի նոր ալբոմ՝ Dictator: Նա ալբոմը պատրաստել է 2012թ., բայց մի կողմ է դրել՝ հույսով, որ System-ը նոր ալբոմ կձայնագրի: Ալբոմը որոշել է թողարկել միայն այն ժամանակ, երբ հասկացել է, որ նախկին խմբից հույսեր չկան:

«Կա որոշակի ձև, որով System-ը ցանկանում է ալբոմ ձայնագրել, և կան մի խումբ մարդիկ, որոնք ցանկանում են ձայնագրել հենց այդպես,- ասել է խմբի կիթառահար Տարոն Մալաքյանը:- Բայց, ինձ թվում է, մեզնից մեկը չի ցանկանում ալբոմը ձայնագրել այն ձևով, ինչպես ցանկանում են խմբում բոլորը»:

Թանկյանի հետ համաձայնության չգալու իրավիճակը փակուղու առաջ է կանգնեցրել խմբի անդամներին: Մալաքյանն ասել է, որ եթե Թանկյանն ավելի ճկուն լիներ, իրենք կարող էին նոր ալբոմ ձայնագրել:

«System-ի նոր ալբոմի համար ես բոլոր նյութերն ունեմ,- ասել է երաժիշտը:- Հենց հիմա, եթե բոլորը հավաքվեն, ես պատրաստ եմ համագործակցել, ես ունեմ պատրաստի ալբոմը: Եթե ինձնով լիներ, System-ը երբեք ընդհատակ չէր անցնի»:

Մալաքյանն ասել է, որ մի ժամանակ այդ հարցում իրեն էր մեղավոր համարում, բայց հետո այդ թեմայով բազմաթիվ հանդիպումներից հետո հասկացել է, որ խնդիրն իր մեջ չէ:

«Heavy metal-ը կամ ռոքը երբեք իսկապես Սերժինը չի եղել: Չգիտեմ՝ արդյոք նա նույնպիսի սեր է տածում այս տեսակի երաժշտության նկատմամբ, ինչպես որ ես: Ես մեծացել են՝ պատերիս Slayer-ի և KISS-ի պոստերներ: Ես ցանկանում էի մի օր լինել նրանց նման: Սերժն այդպես չի մեծացել: Նա չի մեծացել որպես մոլի երկրպագու»,- ասել է Մալաքյանը:

Նա հավելել է, որ նախկինում էլ տարաձայնություններ են եղել Թանկյանի հետ: «Անկեղծ ասած՝ Սերժն անգամ չէր ցանկանում ձայնագրել Mezmerize-ը և Hypnotize-ը: Մենք բառացիորեն խնդրել ենք նրան կատարել այդ ձայնագրությունները»,- ասել է նա:

Ավելի ուշ Սերժ Թանկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով խմբից հեռանալու պատճառները: Մասնավորապես, նա գրել է, որ դրա պատճառներից մեկը ստեղծագործական էր, քանի որ երկար ժամանակ ինքը զբաղվում էր միևնույն գործով և միևնույն մարդկանց հետ: «Այդ ժամանակ ես հասկացա, որ ինձ մի փոքր ժամանակ է պետք, որպեսզի անեմ իմ աշխատանքը: Ես չէի հրաժարվել խմբի հետ հետագայում աշխատելուց»,- գրել է նա:

Մյուս պատճառը, նրա խոսքով, էգալիտարիզմն էր, քանի որ Տարոն Մալաքյանը Mezmerize / Hypnotize-ից հետո վերահսկում էր և՛ ստեղծագործական, և՛ արտադրական գործընթացը:

«Անցավ ժամանակ, մենք բոլորս մեր գործն արեցինք: Իմ անհատական կարիերան ինձ վստահություն տվեց որպես երգերի հեղինակ, հետո որպես կոմպոզիտոր, որպեսզի վերադառնամ SOAD ուժեղի դիրքից…Ես գիտեի, որ նրանք ցանկանում են ձայնագրություն անել, բայց հաշվի առնելով անցյալի փորձը, տատանվում էի: Մտավախություն կար, որ ժամանակ առ ժամանակ խմբի անդամներից մեկի կամ մյուսի կողմից կլինեն զգացմունքային պոռթկումներ, որոնցով հիմնականում ինձ կմեղադրեն խմբի անգործության մեջ»:

Թանկյանը գրում է, որ երկար մտորումներից հետո մոտ երկու տարի առաջ ինքը գնացել է խմբի մյուս անդամների մոտ՝ ներկայացնելով մի քանի կետ, որոնցով հնարավոր կլինի առաջ շարժվել առավել հավասար պայմաններով:

«Վերջին հաշվով, ես ստիպված էի սահմաններ գծել, քանի որ գիտեի, որ երբեք երջանիկ չեմ լինի վերադառնալ նույն բանին, ինչ եղել է խմբում:

Ու քանի որ մենք չկարողացանք լիարժեք համաձայնության գալ այդ կետերի շուրջ, մենք որոշեցինք մի կողմ դնել միասին նոր ձայնագրություն անելու գաղափարը:

Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ մենք համատեղ չկարողացանք SOAD-ի ևս մեկ ձայնագրություն մատուցել: Դրա համար ներողություն եմ խնդրում»,- եզրափակել է Սերժ Թանկյանը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում