Հասմիկ Պապյանն Արցախում հանդես կգա մենահամերգով

Հասմիկ Պապյանն Արցախում հանդես կգա մենահամերգով

Հուլիսի 20-ին Արցախում՝ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, կայանալու է ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի համերգը։ Համերգին հնչելու է Կոմիտաս, հանրահայտ օպերային արիաներ։

Panorama.am-ը համերգի կազմակերպիչ «ԱՐՏ PR» ընկերության տնօրեն Գայանե Դավթյանից տեղեկացավ, որ Արցախում հանդես գալու ցանկությունը Հասմիկ Պապյանին էր։

«Հասմիկ Պապյանի ցանկությունը հետաքրքրորեն համընկավ Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերով և զբոսաշրջության նախարարության հրավերի հետ։ Նախարարությունն էլ պատրաստվում էր հրավիրել երգչուհուն։ Ստացվում է, որ Հասմիկ Պապյանը նախարարության հրավերով է Արցախում»,- ասաց նա։

Գ. Դավթյանի խոսքով, «Այց Արցախ» ծրագիրը ենթադրում է ոչ միայն համերգ, այլ բավականին հագեցած գրաֆիկով, հետաքրքիր հանդիպումներով է առանձնանալու 4-օրյա այցն Արցախ։

Հադրութի Տող գյուղի արվեստի դպրոցում Հ. Պապյանը հանդիպելու է դպրոցի երեխաներին, նաև երաժշտական դպրոցների երեխաներին, գնալու է զորամասեր, իսկ հուլիսի 20-ի համերգով կավարտվի այցը։

Գ. Դավթյանի խոսքով, Հ. Պապյանի կազմած համերգային ծրագիրը պետք է հետաքրքի հենց Արցախի հանրությանը։ Հասմիկ Պապյանին նվագակցելու է դաշնակահարուհի Էլլա Մելիք-Հուսյանը։

«Դաշնակահարուհուն ընտրել է Հասմիկ Պապյանը։ Հետաքրքիր համագործակցություն է Հասմիկի և նրա միջև։ Էլլա Մելիք-Հուսյանի համար էլ, ով աշխատում է Հայաստանից դուրս, կարևոր այց է, մեծ ոգևորությամբ պատրաստվում է համերգին: Շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում դասական երաժշտության սիրահար արցախցիների համար»,- ասաց համերգի կազմակերպիչը։

Համերգի մուտքն ազատ է։
Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում