«Եկեղեցին չի կարող շարունակաբար իր սրբությունների հանդեպ անհնազանդություն ցուցաբերողներին ընդունել իր մեջ»

«Եկեղեցին չի կարող շարունակաբար իր սրբությունների հանդեպ անհնազանդություն ցուցաբերողներին ընդունել իր մեջ»

Ներկա դարում, զանց առնելով, անշուշտ, միջնադարյան մի քանի դրվագներ, Եկեղեցին ընդհանրապես չունի իր Վարդապետական իշխանությունը գործադրելու բռնի ու ստիպողական միջոցներ։ Այնուամենայնիվ, կանոնական տեսանկյունից Եկեղեցին իր վարդապետական-ուսուցչական իշխանությունը կիրառում կամ յուրացնում է այս աշխարհում հետեւյալ ընթացակարգով․

– Իր վարդապետությունն ու խրատական խոսքը նախ այդ նույն վարդապետության և կարգերի դեմ մեղանչողներին դիմում է անհատաբար՝ համապատասխան նվիրապետական կարգն ու շնորհն ունեցող ձեռնադրյալ հոգևորականի միջոցով։

– Այնուհետեւ նույն այդ հորդորով եւ խոսքով դիմում է հավաքականորեն՝ Եկեղեցու քահանայից, վարդապետաց եւ եպիսկոպոսաց դասի շուրթերով։

– Այս ամենից հետո միայն, իբրեւ ճարահատյալ մի քայլ, կիրառվում է Եկեղեցուց դուրս դնելու շատ ցավոտ, բայց անհրաժեշտ քայլը, որով Եկեղեցին նպատակ ունի այս միջոցով ուղղելու մոլորյալին, ինչպես նաեւ իր հավատացյալներին հեռու պահելու անհնազանդության վատ եւ գայթակղիչ օրինակից։

Եկեղեցին չի կարող շարունակաբար իր սրբությունների հանդեպ անհնազանդություն ցուցաբերողներին ընդունել իր մեջ եւ աստվածային շնորհները մատակարարել, համաձայն Տիրոջ խոսքի՝ «Մի՛ տվեք սրբությունը շներին եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով՝ ձեզ չպատառոտեն» (Մտթ․ Է 6)։

Վստահաբար, նման իրավիճակի առաջ էր կանգնած նաեւ Վաղ եկեղեցին, երբ Ս․ Պողոս առաքյալը հորդորում էր Եփեսոսի եպիսկոպոս Ս․ Տիմոթեոսին․ «Որդյա՛կ իմ Տիմոթեոս, ավանդում եմ քեզ այս պատվիրանը, որպեսզի․․․պահես հավատը բարի խղճմտանքով, որը ոմանք, հեռու վանելով իրենցից, նավաբեկության ենթարկվեցին հավատի մեջ․ դրանց թվում են Հիմենոսը եւ Աղեքսանդրոսը, որոնց մատնեցի Սատանային, որպեսզի խրատվեն ՉՀԱՅՀՈՅԵԼ» (Ա Տիմ․ Ա 18-20)։

Շահե Ծ․ վրդ․ Անանյան
Ռուբեն վրդ․ Զարգարյան
Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում