Երաժիշտները կրոնական պատկերագրության մեջ

Երաժիշտները կրոնական պատկերագրության մեջ

Սկսած XIII-XIV դարերից, երբ պատկերագրական սրբազան կանոնը նվազ խստությամբ էր պահպանվում, և մատյաններն ավելի ազատ և բազմազան դրվագներով էին նկարազարդվում, աստվածաշնչյան տեսարաններ են մուտք գործում կենցաղային ամենատարբեր մանրամասներ, այդ թվում՝ երաժիշտների ու նվագարանների պատկերներ, որոնք առավել հաճախ հանդիպում են «Ծնունդ», «Հարսանիք Կանայում», «Սաղմոսերգու Դավիթ թագավորը» և «Քրիստոսի Երկրորդ գալուստը» տեսարաններում:

Ըստ դասական պատկերագրության՝ Տերունական շարքի «Սուրբ Ծննդյան» տեսարանը ներկայացվում է «Մոգերի երկրպագության» և «Հովիվների երկրպագության» հետ բաղադրյալ հորինվածքով: Գրեթե բոլոր հայ մանրանկարչական դպրոցներում հովիվները հաճախակի են պատկերվում սրինգ կամ բլուլ նվագելիս: Հարկ է նշել, որ մանրանկարներում պատկերված փողային նվագարանների ձայնանցքերի, ինչպես նաև լարային նվագարանների լարերի քանակը կարող է պայմանական լինել, քանի որ միջնադարում դրանց տրվում էր խորհրդանշական բնույթ: Նրանք կարող են լինել մեկ, երկու՝ ալեհեր և երիտասարդ, կամ երեք հոգի: Անշուշտ, սրինգ նվագող հովվի կերպարն այս մանրանկարներում ընկալվում է որպես հայկական կենցաղի իրական արձագանք, քանի որ Ավետարանում (Ղուկաս Բ 8-14) չի նշվում, թե աստվածահայտնության ավետիսը ստացած հովիվները որևէ երաժշտական գործիք էին նվագում: Հնուց մինչև մեր օրերը պահպանված ավանդույթով՝ սրինգով ու բլուլով կատարվող քնարական հարուստ մեղեդիներն ուղեկցել են ոչխարի հոտը, դրանց հնչյուններով հովիվն իր շուրջն է հավաքել ցրիվ եղած անասուններին: Ավետարանական համատեքստում հատկապես Հիսուսի Ծննդյան տեսարանում, բավականին հստակ է սրինգի մեղեդիով իր հոտը հավաքող հովվի այլաբանական կապը՝ Աստծո խոսքով և Նոր ուխտով Իր եկեղեցին հավաքող Քրիստոսի հետ: Հաճախ այս մեկնաբանությամբ է, որ սրնգահար հովիվները ոչխարների հոտի հետ առանձին հորինվածքով տեղադրված են լինում ձեռագրերի լուսանցքներում, ծննդյան դրվագի նկարագրության կողքին:

Երաժշտի ու նվագարանի պատկերով աստվածաշնչյան հաջորդ սյուժետային մանրանկարը «Հարսանիքը Կանայում»-ն է (Հովհաննես Բ 11): Այս թեման հայ մանրանկարչության մեջ հայտնվում է հարաբերականորեն ավելի ուշ շրջանում և հատկապես մեծ տարածում է գտնում XIV-XV դդ. Վասպուրականի դպրոցում ընդունված Տերունական ընդարձակ պատկերաշարում: Վասպուրականի օրինակներում հարսանիքի սովորական, աշխարհիկ խնջույքին հրաշագործության արտառոց, վերերկրային դիպվածի ընդելուզումը հետաքրքիր կոմպոզիցիոն լուծում է ստացել. Քրիստոս ու հրաշագործության մասնակիցները տեղակայված են պատկերի վերևում, իսկ հարսանքավորները` ներքևում:

Այս տեսարաններում բացահայտվում են լարային գործիքների ամենաբազմազան տեսակները, որ հավանաբար գործածել են հայ գուսանները, մինչև անգամ մի մանրանկարում հանդիպում է գրիֆի վրա հատ-հատ պատկերված 11 ականջներով լարային գործիք:

Սկսած XV դարից՝ հայկական Տերունական շարքում կանոնական է դառնում «Քրիստոսի Երկրորդ գալստյան» տեսարանը, որի պատկերագրությունը ևս բառացի վերարտադրում է ավետարանական և հայրաբանական տեքստերը: Արդ, բացի Մատթեոսի հայտնի պարբերությունից (ԺԶ 27), որ ներկայացնում է «մարդու Որդու» փառավոր էջքը՝ հրեշտակներով շրջապատված, Երկրորդ գալստյան պատկերային ավանդության հիմքում մեծ դեր ունի 351 թ. երուսաղեմյան «Խաչի տեսիլքը» և այդ տեսիլքի նկարագրությունը՝ Կյուրեղ Երուսաղեմացու թղթում: Ըստ այդմ՝ միջնադարյան ակնկալիքներում Գալստյան պահին «երկնքում կծագի փրկչական խաչը եւ կկանգնի Գողգոթայի վրա…»: Ահա այս ազդեցությամբ է, որ տեսարանի պատկերագրությունը ներկայացնում է զարդանախշ-ժապավեններով պարուրված Գողգոթայի Խաչը, իսկ կենտրոնում, շրջանի մեջ՝ գահին բազմած Քրիստոսին, որի չորս կողմերում նրա Գալուստն են ազդարարում փողահար հրեշտակները: Վերջիններս աղերսվում են մարգարեների գրքերում և Հովհաննու Հայտնության մեջ կանխասած՝ Ահեղ դատաստանին ներկայանալու համար բոլոր մեռյալներին հարության կանչող հրեշտակների հետ: Այս փողահար հրեշտակների կերպարների շնորհիվ կարող ենք պատկերացում կազմել ուշ միջնադարում տարածված տարատեսակ մետաղական շեփորների, փողերի մասին (երկար` ներքևի մասում լայն բացվածքով, հավասարաչափ լայնացող, երբեմն էլ՝ միջնամասում գնդիկավոր, որոնց կիրառումը բացատրում են գրավոր աղբյուրները. «Փողն այն է, բուկ կամ սուռնա լինի, որ ի բերդի վերայ կամ ի բարձր տեղայց վերայ փչեն, որ հավասար լսեն: Փող հնչեն, որ զորքն երկու կողմանքն յորդորի, ի պատրեազմն շարժին. դարձեալ փող է յորժամ հնչեն նա(յ) թե ի յուրախութեան եւ խնդութեան, եւ նայ ի սուգ եւ ի յարտասուս… որպէս գուսանացն ձայնքն: Եւ փող է դարձեալ որ ի տարեկան տաւնքն հնչեն, որ ժողովին եւ ի տաճարն գան եւ Աստուծոյ երախտեացն տօն եւ յիշատակ կատարեն: Եւ փող է ի գալստեան յորժամ հրեշտակապետ գոչէ, որ ամենայն մեռեալք… յառնեն»:

Ուշագրավ է, որ այս մեջբերման մեջ հիշվող Գաբրիել հրեշտակապետը հայ մանրանկրչության մեջ պատկերվում է նաև փողով, շեփորով կամ գալարափողով, ինչպես Ավետման և Ահեղ դատաստանի տեսարաններում, այնպես էլ առանձին՝ որպես «Գ» սկզբնատառ: Փողահար Գաբրիելի կերպարը ներշնչված է Ադամի գրքի պարականոն տեքստից, որտեղ հրեշտակապետը կանչում է բոլոր երկնաբնակներին՝ դրախտում Աստծո կողմից Ադամի դատին ներկա լինելու, և խորհրդաբանորեն կապված է Նոր Ադամի ծնունդով մարդկության փրկության գաղափարի ավետման հետ: Փողահարի կերպարը երբեմն հանդիպում է Հիսուսի մատնության տեսարանում, ինչպես նաև՝ Մովսեսի տապանակի տեղադրման արարողության՝ հազվագյուտ մի մանրանկարում Մարկոս Պատկերահանի Աստվածաշնչից:

Լարային նվագարանների պատկերման ամենալայն ընտրանին պահպանված է Սաղմոսարանում, որ ամենատարածված և սիրելի գրքերից էր միջին դարերում: Սաղմոսաց գրքի բանաստեղծական օրհնությունները հնում երգվել են քնարի կամ տավիղի նվագակցությամբ, և Դավիթ մարգարեի կերպարը հայ մանրանկարներում իսկույն ճանաչելի է հենց լարային նվագարանի հետ միասին: Վերջինս պատկերագրորեն ներկայանում է Առաքել Սյունեցու և Հակոբ Ղրիմեցու մոտ նկարագրված տարբեր տիպերով: Թերևս Դավիթ մարգարեի կերպարից ազդված են XVII դ. մի Աստվածաշնչում Հովհաննու Հայտնության տեսարանում Աստծուն փառաբանող մարգարեները՝ նկարված տավիղներով, որի պատկերագրությունն ակնհայտ արևւմտյան ծագում ունի:

Հատկանշական է, որ ուշ շրջանի հայկական ձեռագրերում Դավիթ թագավորը հանդես է գալիս առավելապես սազատիպ նվագարանով: Մշակութային փոխառնչության տեսանկյունից հատկապես հետաքրքիր են պատկերագրական տարածված կանոնից շեղված նմուշները, որտեղ Դավիթը ներկայանում է կոթավոր քանոն կամ երգեհոն նվագելիս:

Ուշ միջնադարում երաժշտական գործիքների շարքին է դասվում նաև եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ օգտագործվող քշոցը, որի ամենասկզբնական գործառույթը տաճարի սրբազան տարածքից տարբեր միջատներին, այնուհետև՝ չար ոգիներին քշելն էր: Այն խորհրդանշում է սրբությունը պահպանող սերովբեներին, որոնց թևերի իմանալի շրշյունը կոչված է վերարտադրելու մետաղյա պատկերազարդ շրջանակին ագուցված բոժոժները կամ զանգակները:

Պատրաստեց Անի ԵՆՈՔՅԱՆԸ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում