Գրիգոր Ղափանցյանի թանգարանը շենքային պայման չունի

Գրիգոր Ղափանցյանի թանգարանը շենքային պայման չունի

Panorama.am-ը մշակույթի նախարարությունից հետաքրքրվել էր, թե նախարարության ենթարակության տակ գտնվող ո՞ր թանգարանները, տուն-թանգարաններն են վատ վիճակում։ Նախարարությունից ներկայացրել են այն թանգարանների ցանկը, որոնց շենքային պայմանները դեռևս վատ վիճակում են, կարիք ունեն վերանորոգման և հիմնանորոգման։

Հիմնանորոգման խնդիր ունի Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանը (Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ), Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը (Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի մասնաճյուղ), վերանորոգման խնդիր՝ Գևորգ Գրիգորյանի /Ջոտտո/ արվեստանոց-թանգարանը (Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ), Ալավերդու պատկերասրահը (Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ), Մարտունու պատկերասրահը (Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ), ջեռուցման խնդիր ունի Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը (Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ), տանիքի վերանորոգման խնդիր՝ Էջմիածնի պատկերասրահը / Խորեն Տեր-Հարությանի Թանգարանը/ (Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ)։

Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահի շենքը վարձակալությամբ է օգտագործվում։ Գրիգոր Ղափանցյանի թանգարանը (Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ) շենքային պայման չունի։

Նախարարությունից հայտնում են, որ վերջին տարիներին պետական աջակցությամբ հիմնանորոգումից հետո նոր մշտական ցուցադրությամբ վերաբացվել են նախարարության ենթակայությամբ գործող Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը (2010 թ.), Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը (2011 թ.) և նույն թանգարանի Միջին Արևելքի թանգարան բաժինը (2015 թ.), Ա. Բակունցի տուն-թանգարանը (2011 թ.), Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը (2011 թ.), Խ. Աբովյանի տուն-թանգարանը (2010 թ.), Օրբելի եղբայրների տուն-թանգարանը (2010 թ.), Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը (2016 թ.), Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը (2017 թ.), ինչպես նաև մարզային և համայնքային ենթակայությամբ գործող Պարույր Սևակի տուն-թանգարանը՝ նոր մասնաշենքով (2015 թ.), Համո Սահյանի տուն-թանգարանը (2017 թ.):

Ներկայում ընթացքի մեջ են Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի պետական աջակցությամբ հիմնանորոգման աշխատանքները: Այն կվերաբացվի 2019 թ. առաջին եռամսյակում, ինչպես նաև 2019 թ. պետական աջակցությամբ նախատեսվում է իրականացնել Հրազդանի երկրագիտական թանգարանի հիմնանորոգման աշխատանքները:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում