«Հարսանիք թիկունքում». երևանյան երեք հյուրախաղերի բոլոր տոմսերը սպառված են

«Հարսանիք թիկունքում». երևանյան երեք հյուրախաղերի բոլոր տոմսերը սպառված են

Այսօր՝ հուլիսի 14-ին Գ. Սունդուկյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված ներկայացման պրեմիերան: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը՝ հավելելով, որ Երևանում նախատեսված հյուրախաղային բոլոր երեք ներկայացումների տոմսերը վաղուց սպառված են:

«Մինչև հուլիսի 20-ը խաղացվելիք 12 ներկայացումները դիտած կլինի ընդհանուր առմամբ 10 հազար հանդիսատես, տոմսերի վաճառքից ստացված գումարը կկազմի 13 միլիոն դրամ»,- ասաց նա:

Թատրոնի տնօրենի տեղեկացմամբ, նախորդ 7 ներկայացումները խաղացվել են Գյումրիում, Երևանից հետո ներկայացումը հյուրախաղային շրջագայություներ կունենա նաև Արցախում և արտերկրում:

«Ներկայացումը բեմադրվել է Մշակույթի նախարարության աջակցությամբ և Գյումրու պետական թատրոնի արտաբյուջետային միջոցներով: Առաջին ներկայացումների տվյալներով, ֆինանսական ծախսերն ամբողջովին փակվել են, այսուհետ խաղացվող ցանկացած ներկայացում եկամուտներ է ապահովելու Գյումրու դրամատիկական թատրոնի արտաբյուջեն լցնելու համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է արտասահմանյան ներկայացումներին, Տիգրան Վիրաբյանը տեղեկացրեց, որ այս պահին բանակցություններ են ընթանում լիբանանցի և ամերիկացի գործընկերների հետ:

«Բանակցային գործընթացները սկսվել են, ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ում ներկայացումը կբեմադրվի մինչև այս տարվա վերջ»,- ասաց նա:

Տիգրան Վիրաբյանը նաև տեղեկացրեց, որ «Հարսանիք թիկունքում» ներկայացումն Արցախում կխաղացվի հինգ անգամ, ինչն աննախադեպ է:

«Հայաստանի և Արցախի Մշակույթի նախարարություններն առաջին անգամ նախապատրաստում են նաև մեկ այլ համատեղ ներկայացում: Պիեսն արդեն պատրաստվում է, բեմադրիչները կլինեն երկուսը՝ Արցախի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը, և Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիոսոր Լյուդվիգ Հարությունյանը»,- նշեց Տիգրան Վիրաբյանը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն էլ ասաց, որ Մշակույթի նախարարության գերակա խնդիրներից մեկը նախանշվել է մարզերում մշակութային կյանքի աշխուժացումն ու տարածումը:

«Ուրախ ենք, որ այս առումով կապ կա Մայր թատրոնի և Գյումրու դրամատիկական թատրոնի միջև: Հույս ունեմ, որ ՀՀ մյուս մարզերի թատրոնները ևս հնարավորություն կունենան Երևանում ներկայանալու»,- ասաց նա:

Փոխնախարարը շեշտեց, որ «Հարսանիք թիկունքում» ներկայացման հաջողությունը հակասում է տարածված այն կարծրատիպին, որ մարդիկ թատրոն չեն գնում, թատրոնով հետարքրված չեն. «Պահանջարկը կա, մարդիկ սիրում և կարոտում են թատրոնը»:

Գյումրու պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն էլ հայտնեց, որ «Հարսանիք թիկունքում» ներկայացման վրա թիմն աշխատել է շուրջ մեկ տարի:

«Սա մի իրական պատմություն է՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից մեկի Հրաչի, և նրա ընտանիքի մասին: Ներկայացումն ամբողջությամբ իրական հիմքերի վրա է: Որպես ռեժիսոր՝ փորձել եմ, որ ներկայացման մեջ, ինչքան հնարավոր է, լաց չլինի, հակառակը ծիծաղ և Գյումրու հումոր»,- ասաց ռեժիսորը՝ շեշտելով, որ իր համար խիստ կարևոր է՝ ինչպես ներկայացումը կընդունի երևանցի հանդիսատեսը:

Ներկայացման երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Հայկոն իր հերթին նշեց, որ Գյումրիում՝ ներկայացման ժամանակ, իր հուզմունքը շատ մեծ էր, սակայն այսօր հուզմունքն առանձնակի մեծ է, քանի որ այն ներկայացվելու է Երևանում՝ Մայր թատրոնում:

«Ինձ համար շատ յուրահատուկ աշխատանք էր, կյանքի շրջան, որն ապրեցի ամբողջ անձնակազմի հետ: Մի տեսակ մտել եմ այդ ներկայացման մեջ: Առաջին անգամ եմ աշխատել թատրոնի համար: Շատ կուզենայի, որ նման աշխատանքներ էլի լինեին: Թատրոնի հետ աշխատելը յուրահատուկ հաճույք է»,- ասաց կոմպոզիտորը:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում