Հին ուրվականները

Հին ուրվականները

Ջիմ Բրեննանի ծննդյան օրն է: Օգոստոսյան այս խոնավ առավոտ` նա արթնանում է այգում թռչունների արձագանքող դայլայլից ցնցված, երկար ժամանակ տարված խառնիխուռն հիշողություններով, սևեռուն հայացքով նայում է դեպի նարնջի պճնագեղ արևը, որն այրում է թափթփված անկողնու դիմացի պատի խունացած ծաղկանկար պաստառը:

– Ծնունդս է, – վերջապես գլխի է ընկնում նա,- այսօր դարձա յոթանասունվեց տարեկան:

Ու՞ր գնացին տարիները:

Դժվարությամբ մագլցելով ծանր ներքնակի վրայով, զոլավոր ննջազգեստը հագին` Ջիմը կանգնել է պատուհանի մոտ` աչքերը հառած այգու կողմը: Անելու շատ բան կա: Ավելի ուշ: Շատ ավելի ուշ: Այս օրերին ամեն ինչ սպանում է: Մեջքի երկարատև ցավերն ու ցանկությունները: Դրսում արևի ծագող շողերի հետ արթնացել են նաև այգու վարդերը, հողմավարդերը մեծացող երեխայի պես ոլոր-մոլոր վեր են խոյանում, իսկ այգու եզրերը պատող նարգիզները բոցավառվում են:

– Ծննդյանս օրն է:

Հարևանի շունն է հաչում: Մի կատու բարձրանում է ապակե պատը և ցած է ընկնում ապակու ստվերի կողքին`խնձորենու տակ, արևի առաջին շողերի հետ գաղտագողի մոտենում է տագնապած ճնճղուկներին: Թռչունների կոտրված տնակի տակ մի մկնիկ խաղում է երեկվա հացի պատառիկներով: Այգիների ցանկապատերից ստվերները հեռանում են պայծառ երկչոտությամբ, իսկ վերջին աստղը հալչում է ծեգում: Արդեն իսկ տաք է օգոստոսյան այս քամուց զուրկ օրը:

Յոթանասունվեցամյա Ջիմի Բրեննանը նստած է խոհանոցում: Լուռ է: Տունը չի շնչում, կտուրը ծանր է, իսկ վառարանում ինչ-որ բան է եփվում: Ջիմի հաստ երակներով ծածկված ձեռքերը թեթևակի դիպչում են պլաստմասսայե սեղանագոգի վրայի բոված հացի փշուրներին, և երբ շարժում է մաշված հողաթափեր հագած ոտքերը, արևի շողերից բծավոր դարձած գորգի վրայի փոշին պարում է այնքան, որ գլուխդ պտտվում է: Նա ունկնդրում է նոր օրվա զարթոնքը. խոհանոցի պահարանի վրա դրված ժամացույցը տկտկացնում է փութկոտ, իսկ նամակների արկղիկը զգոն սպասում է նամակներին:

Ջիմը քայլում է դեպի նախասենյակ և ընտրում զվարճանքի ծրագրեր և գովազդներ, որոնք զեղչեր և արտասահմանում հանգիստ են խոստանում: Ջիմը երբևիցե Իռալնդիայից դուրս չի եկել, երբևիցե չի հատել ծովը: Նրա հոգնատանջ աչքերը թռուցիկ զննում են ծրարները: Չկան ծննդյան բացիկներ–այս օրերին ո՞վ կարող է նրան հիշել:

Վերադառնալով հարազատ խոհանոց` նա դանակը սահեցնում է նամակի վրայով և երկարությամբ կտրում ծալակցված տեղեկատվությունը: Ոչնչից լավ է: Նույնիսկ եթե էլեկտրականությունն անջատվի և ուշանա, նրանք առնվազն կապի մեջ կլինեն: Այլևս թողնելով իր նամակներ բացելու գործը` Ջիմը նայում է արևի լույսին, որը շողում է իր ապակե շագանակագույն թեյամանի վրա, իսկ հետո, վատ լուրերը մի կողմ թողնելով, գոլ թեյն է ավելացնում: Նստում և մտածում է այնցյալում տոնած ծննդյան օրերի մասին: Տորթեր և գարեջուր, երգեր և տոնակատարություն, և վաղուց մեռածները, որոնց նա իրոք պետք էր: Հետ գնալ այն ժամանակ, երբ…

– Ժամանակը թռչում է,-ասում է նա:

Շատ է պատահում, որ ինքն իր հետ է խոսում, իսկ նրան լսող չկա: Վերևում խաղաղ, ստվերոտ հյուրասենյակում ժամացույցը ժամն է խփում, իսկ Ջիմը վեր է կենում հոգնած և պատրաստվում դիմավորել նոր օրը: Երբ միացնում է ռադիոն, լուրերը խոցում են հոգին:

Աշխարհը լեփ-լեցուն է մահացած երեխաներով ու ցավով: Վատ լուրերը զվարճացնում են բոլորին, մինչդեռ գովազդով զբաղվող մարդիկ իրենց գործն են առաջ տանում: Աշխարհը դաժանությունից գժվել է, և թվում է` ոչ ոք դա չի նկատում: Փոխում է ռադիոալիքը, և օտար ձայները եթերում արագ-արագ շատախոսում են: Բռնությունն է լեզու առել, պատմում են երեխաների բռնաբարման դեպքերի մասին. ոչ մի կասկած:

Լրատվամիջոցներին դուր է գալիս վիրավորել անմեղ մարդկանց հանուն հուզառատ դեպքերի թարմացված տարբերակներ և հրատապ պատմություններ լուսաբանելու: Այն ժամանակ ամեն ինչ ուրիշ էր: Թվում էր, թե շուրջը խաղաղ էր, և երեխաները կարող էին փողոցներում խաղալ: Հետ գնալ այն ժամանակ, երբ…

Զընգ-զրնգոց, խինդ ու ծիծաղ.

Ջիմը ժպտում է, գտնում է ‹‹Մոցարտին››, և առավոտը փրկում է ‹‹Չերուբինոն››: Հետո հագնվում է, վերցնում է ձեռնափայտն ու կտորից գլխարկը, քայլում է դեպի դիմացի դուռը և ստուգում պատուհաններն ու սողնակը. ամեն ինչ ապահով է: Երբ գիշերը տունը սեփական տարիներից հնացած ճռռում է, Ջիմի մտքով գողերն են անցնում, պատկերացնում է բռնություններ և սարսռում է այն մտքից, որ կարող են իր տուն էլ ներխուժել:

Ի՜նչ է դարձել այս աշխարհը:
Ջիմը ձեռնափայտով բացում է դիմացի դուռը և տեսնում, որ այնտեղ Էլլեն Քելլին է կանգնած. նա ժպտում է արևի շողի պես:

– Շնորհավո′ր ծնունդդ, Ջի′մ:

Այլևս չզարմանալով` Ջիմը նրան փոխադարձ ժպտում է և հոգոց հանում, քանի որ Էլլենն իրականում այնտեղ չէ:

Էլլեն Քելլի. անցած շաբաթ տասնչորս տարեկան էր: Վերջերս շատ է տեսնում Էլլենին: Երեկ գրադարան տանող ամբողջ ճանապարհին աղջիկը քայլում էր նրա հետևից, և երբ հանգստանալու պատրվակով նստեց Քարոլին զբոսայգում, աղջիկը կանգնած սպասում էր ծառի շվաքում:

– Ես չե′մ մոռացել, – ասաց Էլլենը:

– Գիտե′մ, գիտե′մ:

– Դուրս կգա՞ս, խաղա′նք:

– Չե′մ կարող, Էլլե′ն, դու մեռած ես:

Արևը սահում է փողոցն ի վար և իր տեղն է գտնում Ջիմի տան շուրջը, իսկ Էլլենը չքանում է սարսափած ստվերի նման:

– Խեղճ Էլլեն,- տխրադեմ շշնջում է Ջիմը,-իմ խեղճ մեռած թանկագինս:

Ջիմը խուսափում է սուպերմարկետներից. այնետղից առևտուր անելը շատ բարդ է նրա համար: Մռայլ դեմքով գանձապահներ, որոնք շտապում են հասնել տուն: Երեխաներ, որոնք շնչարգելությամբ են տառապում: Մանուկներ, որոնք բղավում են իրենց բնական կարիքները հոգալու համար: Ճաղատ գլխով երիտասարդները առաջ են նետվում` ականջակալներն ականջներին, բռնաբարման մասին մտքերն իրենց անշնորհք աչքերում:

Երբեք հետ մի′ նայեք: Աղջիկները շատ ավելին են պահանջում: Ավտոկանգառները լցված են ճնշմամբ վաստակած փողերով: Տնային տնտեսուհիները շտապում են, մեքենան անկարող է աշխատել: Ազատագրված կանայք` սահմանափակ ազատությամբ: Սուպերմարկետների լիությունն ու ընտրության չափազանց մեծ հնարավորությունները:

Չափազանց մեծ, չափազանց ժամանակակից: Չափազանց միայնակ զբաղմունք Ջիմի համար:

Ջիմն ավելի փոքր խանութներ է հաճախում, զրուցում է ծանոթների հետ, գնում է կաթ, ձու և թարմ հացի մի փոքրիկ բոքոն: Իսկ դրանից հետո՝ օգտագործված իրերի խանութից դուրս գալուց, Տիկին Բարրետը` համար քսանիննից, պրպտող հայացքով գլխով բարևում է:

– Ինչպե՞ս ես,- հարցնում է կինն այն ժամանակ, երբ անցնում է նրա կողքով և նայում խանութի պատուհանից երևացող էժան ապրանքներին:

– Հոյակապ, փառք Աստծո, իսկ դու՞:

– Ավելի լավ չէր էլ կարող լիներ:

Կյանքը խեղդված է քաղաքավարի ստերով:

Տաք փողոցներով Ջիմը քայլում է տուն` դեպի ապաստարան յոթանասունվեցում:
Նա հյուրասենյակում նստած է բազկաթոռին և նայում է ճամփին: Լսում է հյուրասենյակի ժամացույցի տասը զանգերը, և սարսափելի հավերժություն թվացող երկարաձիգ օրն առաջ է ընթանում: Առավոտյան ժամը տասի սարսափը: Ոչինչ չկա անելու, իսկ առավոտյան դրսում պայծառ աղջնակներն ինչ-որ տեղ են շտապում` նրանց գլխավերևում արևն է, իսկ ժամանակը` ձեռքերում: Ոտքերով թխկթխկացնում են. սև զուգագուլպաներ, կիսաշրջազգեստներ` այլանդակ կարճ: Նրանք խոստումներ են տալիս:

Ուրախ եմ, որ այլևս երիտասարդ չեմ:

Ջիմի համար տաղտկալի է օրվա այս ժամը: Արդեն շատ շոգ է այգի գնալու համար, և այլևս ոչինչ չի մնում միտքը զբաղված պահելու համար, քան նախաճաշ պատրաստելը:

Թեթև ուտելիքներ է պատրաստում երկարատև կեսօրի համար, որը ձանձրույթից ձգձգվում է այնպես, որ կարծես մի ունայն ճամփա լինի, որ ոչ մի տեղ չի տանում: Ջիմը փորձում է որևէ բան ընթերցել, բայց նույնիսկ ակնոցներով բառերը մշուշոտ են:

– Էլլե′ն,-շշնջում է Ջիմը, և նրա անունը զրնգում է Ջիմի գլխում գուժող զանգի պես:

Էլլեն Քելլի, Քելլի Էլլեն, Քելլեն Նելլի:

Ջիմը խաղում է նրա հետ: Աչքերը փակ են: Երազներից զառանցում է և հեռուներից լսում է Բրասսոդ կոչվող նամակների արկղիկի տակ ժամանակին թխկթխկացող տախտակի բռնակի ձայնը: Ջիմն իրեն քարշ է տալիս մինչև նախասրահ և, երբ զգուշորեն բացում է լայն դուռը, այնտեղ տեսնում է Էլլենին: Էլլենը տասնհինգ տարեկան է և սիրունիկն է, կարծես հրաշք լինի` արեգակով պատված: Էլլեն Քելլին բողբոջում է կանացիության և մանկության երջանկությամբ:

– Դուրս չե՞ս գա խաղալու, Ջի′մ:

Հետևում մի ուրիշ ուրվական է կանգնած, միջանցքում` մթության մեջ. Ջիմի մայրն է. նա ժպտում է:

– Էլլե′ն, թանկագի′նս, նա որոշ գնումներ պետք է անի ինձ համար:

Տասնվեցամյա Ջիմը` երկու կանանց մեջտեղում կանգնած. Էլլենն է ` դեռահասի պես երջանիկ:

– Ես քեզ հետ կգամ,- պատրաստակամ ասում է Էլլենը,- միասին կգանանք գնումների:

Եթե, իհարկե′, դեմ չեք:

Մայրը համաձայնում է: Նա սիրում է հարևանուհի Էլլենին իր հարազատ դստերը պես:

– Իհարկե′, գնացե′ք, սիրելի′ս:

Ջիմն ու Էլլենը իջնում են ճանապարհով, իսկ մայրիկը, դռան մոտ կագնած, ձեռքով հրաժեշտ է տալիս և սպասում այնքան, մինչև երեխաները անցնեն դարպասը. նա անհանգիստ է, քանի որ երեխաները պետք է փողոց անցնեին, և նրան անհանգստացնում են անկանխատեսելի հիվանդությունները՝ պալարախտը, թոքախտը, մանկական կաթվածը, կարմրուկը, խոզուկը. մի խոսքով, ինչքան ուզես: Այն ժամանակ երիտասարդները հաճախ էին նման հիվանդություններից մահանում: Ջիմն ու Էլլենը` գլուխներն իրար հակած, տոգորված առինքնող զգացմունքով, որը նրանց միացնում էր իրար, զրուցում էին, ծիծաղում. մի զույգ իրարից հեռու: Սիրահարված: Էլլենի սևաթույր մազերը գանգուրվել էին փոքրիկ ու կախարդական ականջների շուրջ: Էլլենը լուսնի պես հանգիստ է, լուսնի պես վստահելի:

– Կսիրե՞ս ինձ ընդմիշտ,- հարցնում է Ջիմը:

– Մեկընդմիշտ,- վստահաբար պատասխանում է Էլլենը` սեղմելով ձեռքերն իրար:

Վերադարձին նրանք ընտրում են կարճ ուղի և գնում օգոստոսյան անտառների միջով: Երկար, կարճ ուղի: Թավ կանաչի մեջ նստում են շվաքում, այնտեղ, ուր շուրջբոլորը ձարխոտներ են աճում, անմեղ համբուրվում են: Երկար տարիներ նրանք այդպես համբուրվում էին:

Կյանք. մինչև տասնյոթ տարեկան դառնալը դեռ ամառային արձակուրդներն են առջևում:

Ջիմը հայրիկի հետ գնում է Քորք: Գործնական ճանապարհորդություն: Վեհաշուք Քորքը.

նավակի վերուվար շարժվելը. առաջնորդական Քոբհը և հետո Մետրոպոլ հյուրանոցը:

Ամեն ինչ նորաձև է: Ճաշը և աղանդերը: Սև փողկապներն ու շագանակագույն սիգարները: Ջին տոնիկ` լիմոնի շերտով: Այժմ Ջիմի մարող հիշողություններում Քորքը միշտ չոր ջին և լիմոնի կտոր կմնա: Դառը լիմոնի:

Ջիմը հոր ընկերների հետ է: Խնջույք ու սեռական հարաբերություններից առաջացած տալկի հոտը: Ընկերներից մեկի հետ հայրիկն ավելի շուտ է հեռանում: Հայրիկին թվում է, թե ինքը կիսով չափ է ամուսնացած: Մատների արանքով է նայում տղամարդու նշանին:

Մեղքի թույլտվություն: Թփերի մեջ մի թռչուն:

Ջիմը ուլունքաշարով ու մարգարիտներով պարում է մինչև լուսաբաց: Երբ վերադառնում է կաղնեպատ սենյակներով վերևի տունը, աղջիկն ասում է, որ ծնողները տանը չեն, իսկ

Ջիմը դեռ սթափ չէ:

– Թու′յլ տուր օգնեմ քեզ, որ պառկես,- ասում է նա` սովորելով խաղի կանոնները և գիտե խաբելու ճիշտ ժամանակը:

Տասնվեցամյա Էլլենը սիրով ու վարդերով է բուրում: Իսկ այս աղջիկը քսան է և ջինով արբեցած: Ականջներին մարգարիտներ են, իսկ սրտում` քարեր: Լոգանքից հետո աղջիկը մերկ է, իսկ վրայից ջրի կաթիլներն են ծորում ցած: Ջիմը սիրահարվում է, իսկ աղջիկը հափշտակում է նրան: Ամենաքաղցր տասնվեցամյա Էլլենը տվել էր իրեն ամեն ինչ, բացի այդ մեկից: Նա ցանկալի մարմինը պահում էր ամուսնական անկողնու համար: Ջիմն ավելին էր տենչում: Մարգարիտը պետք չէ խոզերի առաջ գցել:

Mea culpa, Ellen- mea maxima culpa!

Շիկահերը ձյան հետ եկել էր Դուբլին, Ջիմին կիրքն էր հետապնդում, իսկ բոլորը մեծացել են և գիտեն: Արյուն է ձյան վրա: Տասնյոթամյա Էլլենը լքված էր, ինչպես վիրավոր մի խաղալիք` ջարդված ու անպետք:

– Այլևս ինձ չե՞ս ուզում:

– Ո′չ:

Էլլենի կծոտած շուրթերին արցունքներ հայտնվեցին: Նրա աչքերը շիկացան վշտից: Հոգին այրվեց: Մնաս բարով, Էլլե′ն:

– Ո′չ, ես քեզ չեմ ցանկանում:

Ջիմը խիզախ է և վճռական: Նա ձմռան նման դաժան է: Լքված Էլլենը անխռով սպասում է, որ նա հասունանա:

Հաջորդ տարի Ջիմը մարգարտյա աղջկա հետ հեռանում է: Արձակուրդներն են անցկացնում: Գունատ Էլլենին նույնիսկ հրաժեշտ չտալով, նրան տասնութ տարեկանում մատնելով միայնության` ավելի է սաստկացնում երիտասարդ աղջկա թոքերի հիվանդությունը, իսկ աղջկա սիրտը մթնած էր սիրուց: Էլլենի անմեղությունը նման էր խոտերի վրա փթթող ծաղկաթերթերի, որոնք կարմրին էին տալիս, պարում ու հեռանում:

Թագավորական գահի է արժանի Էլլենը` իր կուսական հարսնացուի պատկերով:

Արցունքի քողեր:

Հիվանդ Էլլեն:

Երբ Ջիմը վերադառնում է, մայրը նրան ողջունում է` ձեռքերն իրար շփելով, մատները ծալած: Թաց այտեր:

– Խեղճ Էլլեն, – շշնջում է մայրը, – Աստված հոգին լուսավորի:

Ջիմը հասունանում է: Իսկույն:

Բայց արդեն ուշ է:

Էլլենի սևացած արյունը հորդում է շուրթերից: Նրա գերեզմանի ծաղիկները ցրտից փայտացել են: Շագանակագույն տերևները թափվում են, վայրագ սավառնում են սառած օդում և նրան նորից ու նորից թաղում: Այլևս չկան այն տաք համբույրները, այլևս չկա այն սիրտը, որը ճախրում էր սիրուց: Էլլենը տասնինը տարեկան է. այլևս երբեք քսան չի դառնա: Մաման դագաղի հետևում կանգնած. մաման իր սեփական մայրական գերեզմանին: Եվ այս ամենից հետո հիսուն և ավելի երկար ու ձիգ տարիներ` անձրև:

Իմ թանկագինը գնաց հավերժ:

Ժամացույցը զնգում է: Ղողանջ մեկ, ղողանջ երկու, և այսպես շարունակ:
Ջիմը պայքարում է մի երազի դեմ, որն աղջկա անունն է տալիս նրան ունկնդիր դարձած ստվերներում:

– Էլլե՞ն:

Բացարձակ մութ ստվերները լուռ են կարծես մահացածի շուրթերց հնչող սիրո խոսքեր լինեն: Մարմարյա գերեզմանոցի շուրթեր` քարի պես սառը: Բաղեղ ու մամուռ:

Հիշողությունները տանջահար են անում նրա ներկան: Ջիմը սարսռում է և քայլում դեպի պատուհանի արևը: Շփում է երակներով պատված հաստ ձեռքերը: Աղոթում է: Հետո նախաճաշ է պատրաստում: Լոլիկ ու խոզապուխտ: Նա ամբողջ երեկո երազների գիրկն է ընկնում` կիսով չափ կյանքից հեռանալով: Ռադիոյով մի կին երգում է ‹‹Վերջին չորս երգեր›› կոչվող երգը: Ստիպված չես լեզուն իմանալ:

Այսքա՜ն քաղցր թախիծ: Ո՞վ ասաց:

Ավելի ուշ. այգում մի նստարան կա, որը նայում է դեպի երգող մայրամուտը: Տեսնելու ոչինչ չկա, բացի սև կեռնեխներից ու ճնճղուկներից. լսվում է միայն, թե ինչպես են թիթեռները թափահարում թևերը:

Նույնիսկ ավելի ուշ հյուրասենյակի ժամացույցը զարկում է սրտի տասներկու զարկերը:

Գալիս է գիշերը` շոգ ու ահագնացող:

Բարձրանալով դատարկ մահճակալին՝ Ջիմն անջատում է ցոլալապտերը և զննում է ծաղկանկար պաստառը, որն իր վրա է հավաքել ստվերները: Աստղերը նայում են նրա մոխրագույն դեմքին: Բաց պատուհանին` շոգ օգոստոսյան մի լուսին: Փափուկ, ինչպես լռությունը, խաղաղ, ինչպես խնձորենու թափվող ծաղկաթերթերը, նրբին ինչպես Էլլենի այտափոսիկներով ժպիտը: Էլլենի նույն թախծոտ, ուրախ ժպիտն է, կանգնած է նա իր մահճակալի մոտ: Հավատարիմ Էլլենը սպասում է:

– Հիմա ուզու՞մ ես ինձ:

– Այո′, թանկագինս, քա′ղցրս, Աստվա՜ծ, այո′:

Նա ասում է.‹‹ Այժմ ես կարող եմ խաղալ, Էլլե′ն, եթե իհարկե դու ուզում ես: Վերջապես, ինչպես հարկն է, մեռած եմ››:

– Ուրախ եմ: Այնքա՜ն երկար եմ սպասել այս օրվան:

Ջիմը վեր է կենում մահճակալից` թողնելով յոթանասունվեց տարիները լվացված սավանների ներսում: Նա սավառնում է լուսնի լույսի ներքո, նրա ձեռքերում Էլլենն է.

զույգը սլանում է գիսաստղի նման դեպի հավերժություն, իսկ մինչ այդ հյուրասենյակում դադարում է զարկել ժամացույցը:

Ընդմիշտ ու ընդմիշտ:

Ա. Ջ. ՄքՔեննա
Թարգմանությունը անգլերենից՝ Հասմիկ Դանոյանի

Ա. Ջ. ՄքՔեննան Դեյվիդ Դոնովանի կեղծանունն է: Վերջինս հեղինակել է մի շարք պատմվածքներ, որոնք հրատարակվել են անգլիական և իռլանդական ամսագրերում:

Դեյվիդ Դոնովանը ամուսնացած է և բնակվում է Սուրրեյում: Այժմ նա գրում է վեպեր և կինոսցենարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում