Մենավոր ծառ

Մենավոր ծառ

Մի ծառ է կանգնել հողմ ու ցրտի դէմ,
Կանգնել է` որպէս մէնաւոր մի խաչ,
Որ ամէն գարնան ծաղկում է ու մեղմ
Տերեւներ շարում ճիւղերին կանաչ:
Նեկտար է տալիս հոգնատանջ մեղուին,
Որբ ճնճղուկներին` ապահով բներ,
Ստուեր է անում ամռանն անցորդին,
Աշնանը` տալիս մեղրածոր մրգեր:

Եւ լուռ ու տոկուն, համառ ու աննինջ,
Հողմերի առաջ կանգնած մէն-մէնակ,
Վնա՜ս չի տալիս ոչ մէկին, ոչինչ,
Բայց վնասւում է` որքա՛ն կամենաք:

Ճիւղերն է ջարդում կարկուտն ամեհի,
Անցնող ու դարձող մրգերն են փետում,
Նշան են բռնում քարով իր բնին,
Ճիւղից լատան ու ճիպոտ են կտրում:

Ապրում է հազար հոգս ու ցաւի մէջ,
Բայց զարմանալին ա՜յն է աշխարհում,
Որ այդքանի հետ դեռ իր փոխարէն
Դարձեալ նրա՜նք են ծառից դժգոհում:

Կարո ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում