Ի՞նչ տարբերություն…

Ի՞նչ տարբերություն…

Անցյալն՝ անմտնելի, հետոն՝ վախենալու,
խխունջը նահանջում է տուն,
տանը տաք է, ապահով, անժամանակ,
տանը – կանայք ու կարիքը՝ գեղեցիկ,
և օրահատիկ է նուռը,
որ արժանանանք
անհիվանդանոց մեռնելու բախտին,
տանը – հազար տարի առաջ
ու հազար տարի հետո – անշարժունակ՝
պահարանը, պատը, լուսամփոփը, դուռը,
մտերմությունը թախտի,
երբ հիվանդ ես մի քիչ ու սիրելի,
համարյա դրախտում,
գիրք ես կարդում,
թողնում են, մանավանդ
չեն կոթում հիմար բաների համար,
իսկ ձմեռը կանգնել շեմին
ու ներս չի գալիս
խռով ազգականի նման,
ո՞ւր գա՝
իր խխունջն ունի ամեն տուն,
և ամեն խխունջ՝ իր կատուն
կամ մուկը, որ պահում է արթուն,
երբ որ գիրք ես կարդում,
ու քնկոտ է բարձը,
և նույնիսկ եթե Տրոյան անց է,
ու սիրեններից ոչ մեկն է հարսնացու,
Ոդիսևսի վերադարձը
հաղթական նեղուցներով
նույն նահանջն է մինչև վերջաբանը խեցու,-
ի՞նչ տարբերություն…

Ներսես ԱԹԱԲԵԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում