«Եթե ԱԱԾ-ն Նարեկ Սարգսյանից բացի մյուսների տներն էլ մտնի, այնքան գողացված նկար կգտնի, որ կարող է մի մեծ պատկերասրահ լցվի»․Սամվել Գալստյան

«Եթե ԱԱԾ-ն Նարեկ Սարգսյանից բացի մյուսների տներն էլ մտնի, այնքան գողացված նկար կգտնի, որ կարող է մի մեծ պատկերասրահ լցվի»․Սամվել Գալստյան

Գյումրեցի ճանաչված գեղանկարիչ Սամվել Գալստյանի համոզմամբ, հայտնի նկարիչների աշխատանքը գողանալը մի նպատակ է հետապնդում. դրանք միմիայն փողի վերածել։ «Հաստատ համոզված եմ, որ Սարյանի կամ Մինասի նկարները գողանալով՝ չեն տանի իրենց պատից կախեն, իրենց նպատակը վաճառելն ու ահռելի գումարներ աշխատելն է։ Իրենք գործերից չեն հասկանում, գիտեն, որ Սարյանը թանկ է գնահատվում, Մինասը թանկ է գնահատվում, բայց այն, որ գողացողը խելագարվի, թե Մինասի գործը իր տան պատից պիտի կախվի, չկա էդպիսի բան։ Հասկացող, գնահատող մարդը կարող է վերին աստիճանի աղքատ լինել, բայց երազի մի հատ Մինաս ունենալ տանը։ Էդ օլիգարխը երբեք չի երազի Մինաս ունենալ, կմտածի Մինաս ունենամ, վաճառեմ»։

Գեղանկարչի ասելով, իրենից էլ մեծ թվով նկարներ են գողացել, սակայն այդպես է չի հայտնաբերվել, թե ո՞վ էր գողացողը։ «Ինձանից շատ են գողացել, անգամ մի հաղորդում եղավ՝ շատ լավ վերնագիր էին դրել․ հարցազրույցի ժամանակ ես ասել էի, որ ինձանից շատ աշխատանքներ են գողացվել, վերնագրել էին՝ Սամվել Գալստյանի աշխատանքներն ավելի շատ գողացվել են, քան ցուցադրվում են։ Ես անգամ ոստիկանություն եմ դիմել, դրանք համացանց մտած աշխատանքներ էին, գնահատված։ Անգամ մի աշխատանք կար, պայմանավորվել էինք, Ամերիկայից մի կոլեկցիոներ կար, նա արդեն գնել էր, ես պիտի տանեի, իրեն հանձնեի, «Եվրոպա» հյուրանոցում էինք պայմանավորվել , 15 րոպեի ընթացքում մեքենայի միջից գողացան նկարը, բավական էլ թանկարժեք նկար էր։

Շատերը գերադասում են գողացվածը գնելը, դա նույնպես գողություն է, երբ որ գիտես գողացված է․․․ Նպատակը ո՞րն է․ գողացված աշխատանքը վերավաճառել մեծ գներով։ Ես չեմ հասկանում, որ վերջերս Սարյանի գծանկարները տարել էին, տարե՞լ էին իրենց պատերից կախեի՞ն, աբսուրդ կլիներ, որ էդ մակարդակի մարդը Սարյան․․․ Էս էդ մարդուն էնքան կհարգեի,եթե էդպես լիներ, բայց ես գիտեմ, որ տարել է մեծ թվերով վաճառելու։

Եթե ԱԱԾ-ն մյուսների տներն էլ մտնի, միանշանակ գողացված նկարներ կհայտնաբերի, ազնվությամբ եմ ասում։ Նույնիսկ եթե խնդիր դնի, որ հատուկ նկարները պիտի նայեն, էքսպերտի միջոցով ճանաչեն, թե դրանք ում աշխատանքներն են, էնքան աշխատանք կգտնի, կարող է մի մեծ պատկերասրահ լցվի»,- ասում է գեղանկարիչը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում