USD
EUR
RUB

Ֆրանսահայ ռեժիսոր. «Ծնված լինելով Ֆրանսիայում՝ ես խորապես կապված եմ Հայաստանի հետ»

 
 

Ֆրանսահայ կինոռեժիսոր Առնո Խայաջանյանի վերջին ֆիլմը, որ կոչվում է «Մենք ենք, մեր սարերը», պատմում է Արցախի մասին: Այն ընդգրկված էր «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Հոբելյանական «Ոսկե ծիրանին» Առնո Խայաջանյանը ճանաչվեց լավագույն սփյուռքահայ կինոգործիչ իր նշյալ ֆիլմով:

«Առավոտը» ռեժիսորից հետաքրքրվեց, թե իր համար ինչ նշանակություն ունի իր այդ պարգեւը: Առնո Խայաջանյանը հիշեցրեց, որ 2016-ին իր նախորդ աշխատանքը լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել, ինչ վերաբերում է «Մենք ենք, մեր սարերը» աշխատանքին, ռեժիսորի ձեւակերպմամբ, այն յուրահատուկ է, քանի որ իր առաջին հայալեզու ֆիլմն է: Ինքը անչափ հպարտ է, սակայն դա միայն իր անձնական հաղթանակը չի համարում, քանի որ այդ հաղթանակը նաեւ Արցախինն ու նրա ժողովրդինն է:

Հետաքրքրվեցինք, թե ինչու որոշեց հենց Արցախի մասին ֆիլմ նկարել, Առնոն պատասխանեց. «2016-ին ես հրավիրվել էի Ստեփանակերտ իմ նախորդ ֆիլմի ցուցադրության առիթով: Արցախյան այցս ինձ համար հայտնություն էր ինչպես անձնական, այնպես էլ գեղարվեստական առումով: Ես տառացիորեն տեղափոխվեցի ոգու ու լանդշաֆտի գեղեցկություն, ծանոթացա քաջ ու լավատես մարդկանց հետ: Ուստի որոշեցի վավերագրական ֆիլմ նկարել՝ Արցախը ժամանակակից եւ դրական իմիջով ներկայացնելու համար: Ֆիլմի հիմնական լսարանը միջազգային հանդիսատեսն է: Ես ցանկանում եմ ցույց տալ, որ քաղաքական կոնֆլիկտի հետեւում մարդիկ են, որոնք փնտրում են սեր, ազատություն եւ խաղաղություն…»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի` Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ցուցադրվելուն: Կինոռեժիսորը հայտնեց, որ Ֆրանսիայում մարդիկ տեղյակ չեն Արցախի մասին, բայց նաեւ փաստեց, որ անակնկալի է եկել թեմայի վերաբերյալ նրանց հետաքրքրությունից: Նշեց, որ ֆրանսիացիները տպավորված էին արցախյան կերպարներով ու բնապատկերներով: Նրա խոսքերով, Արցախում մարդիկ խելացի են, համարձակ ու անչափ թանկ իր համար:

Առնո Խայաջանյանին հարցրինք, թե ինչպիսի՞ն կլինի իր հաջորդ նախագիծը, ի՞նչ է ծրագրել նկարահանել առաջիկայում: «Արցախի մասին իմ նոր նախագիծը խաղարկային ֆիլմ է, այն կլինի դրամա` հայ դերասանների մասնակցությամբ»,- հայտնեց ռեժիսորը: Ապա հավելեց, որ նկարահանումները կսկսեն 2019-ի սեպտեմբերին, ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն կլինի: Իր պրոդյուսերներն են Սերժ Ավեդիքյանը, Միքայել Դովլաթյանը եւ Մարտին Սալմոնը: Ֆիլմում պատմվելու են ունիվերսալ պատմություններ, գործողությունները տեղի են ունենալու Արցախում: Պատմության հիմքում կլինի արցախյան հակամարտությունը: Ես ավելի շատ կկենտրոնանամ առօրյա կյանքի, մարդկանց զգացմունքների, երազանքների ու փոխհարաբերությունների վրա: Դա նման կլինի յուրատեսակ խճանկարի, որտեղ կխաչաձեւեն ութ կերպարների պատմությունները»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Առնո Խայաջանյանին հարցրինք, թե բացի հայկական ազգանունից, էլ ի՞նչն է իրեն կապում Հայաստանի հետ:

«Որպես հայկական ծագմամբ ֆրանսիացի ռեժիսոր, կարծում եմ` ինձ ճակատագրով վիճակված է ուսումնասիրել, հարգել ու գնահատել իմ արմատները: Ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոթն ասել է. «Ողջ մնալու համար պետք է հիշողություններ թողնես», իսկ Պիեռ Պաոլո Պազոլինին մի առիթով նշել է. «Պատմությունը իրենց հայրերին հասկացող որդիների ուշադրությունն է»: Ես լիովին համաձայն եմ այս մեջբերումների հետ: Նաեւ կարծում եմ, որ շատ կարեւոր է բարձրաձայնել Հայաստանի ընթացիկ, արդիական խնդիրների ու թեմաների մասին, ինչպիսիք են, օրինակ, վերջերս տեղի ունեցած հեղափոխությունը, կանանց առաջադիմությունը, երիտասարդների ստեղծարարությունը… Անգամ ծնված լինելով Ֆրանսիայում՝ ես խորապես կապված եմ Հայաստանի ու հայ ժողովրդի հետ: Որպեսզի հասկանամ, թե ով եմ ես, պետք է հասկանամ, թե որտեղից եմ սերում»,-ասաց ֆրանսահայ ռեժիսորը:

Հավելենք, որ Առնո Խայաջանյանը 2012-ին նկարահանել է «Կորուսյալ հորիզոններ» կարճամետրաժ ֆիլմը, որը ցուցադրվել է 22 միջազգային կինոփառատոներում, լավագույն դերակատարման համար մրցանակ բերել Մըլուզում, իսկ լավագույն ֆիլմի համար՝ Ֆենասյեի կինոփառատոնում: 2014-ին Խայաջանյանը կարճամետրաժ ֆիլմի է վերածել Լորա Դեպրենի ֆրանսիական պիեսը: «Վատ աղջիկը» ներկայացվել է 23 միջազգային կինոփառատոներում՝ նվաճելով Vimeo-ի եւ Ժյուրիի մրցանակները Sundance հեռուստաալիքի մրցույթում: 2015-ին Խայաջանյանը ասպարեզ է հանել իր հայ նախապապերի պատմությունից ոգեշնչված «Քարքարոտ ճամփաներ» վավերագրական աշխատանքը, որն արժանացել է ֆրանսիացի քննադատների գնահատանքին եւ մասնակցել 24 կինոփառատոնի, շահել Իսմայիլիայի (Եգիպտոս) կինոփառատոնի Ժյուրիի մրցանակը, փառատոնում լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվել: 2017-ին ARTE ալիքով ցուցադրվել է Խայաջանյանի «Խուլ սրտեր» նոր ֆիլմը:

Առնո Խայաջանյանը նկարել է հետեւյալ ֆիլմերը՝ «Կորուսյալ հորիզոններ (2012), «Վատ աղջիկը» (2014), «Քարքարոտ ճամփաներ» (2015), «Մենք ենք, մեր սարերը» (2017), «Խուլ սրտեր» (2017):

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
«Առաւօտ լուսոյ»․ «Գեղարդ» երգչախումբ Հովհաննես Բադալյան․ «Գարեգին Նժդեհ» «Չախու» Ռաֆայել Պատկանյան.«Արաքսի արտասուքը» «Սպարտակը» կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում Համերգ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության մասնակիցներին Նիկոլա Ազնավուր. Իմ հայրը գերմարդ էր Հայաստանյան պրեմիերա՝ Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ»-ի համերգին Մոնթե Մելքոնյան Տէր ողորմեա. Հայր Աղան Երնջակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Ո՞ւր Մնաց Օրօր Մանրադիտակային քանդակների հեղինակների աշխատանքները՝ կողք-կողքի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». Էրմենիհաբեր Հայաստանում ելույթ կունենա Գալան տրիոն «Լեգենդ և իրականություն» Մասոնները՝ Հայաստանում «Մի՜ տխրիր, Ե՜ս եմ Քո ընկերը»...Ֆորշ Բարձր գրականություն Արքմենիկ Նիկողոսյանի հետ. Պարույր Սևակ Արևի լույսը «Երդիկն ի վար» Հենրիկ Էդոյան. Գիշերվա նախադռան առջև Պատարագ. Մակար Եկմալյան Նա, ով ողջախոհություն, չափավորություն, ժուժկալություն չի իմացել, չի կարող ներս մտնել Բենքսին ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվել կտավի ինքնաոչնչացմանը «Ժառանգած բարձրագույն մշակույթը պահելու հիմքը դրվում է ուսանողական տարիներից» Նարեկ Հախնազարյան. Հոկտեմբերի բոլոր համերգները նվիրված կլինեն Ազնավուրի հիշատակին «Սիրուն քո աչքերի մեջ կորցնում եմ ես ինձ» «Միայն Էդուարդ Տեր-Ղազարյանին հաջողվեց մեծ հանճարներին տեղավորել ասեղի անցքի մեջ» Բինգյոլ Հայոց լեզու Հոգևոր զրույցներ. Նարեկաբուժություն Ով երանելիդ «Չնայած ապրում եմ Ֆրանսիայում, ճամփորդում աշխարհով մեկ, իմ ազգայինից երբեք չեմ օտարվում» Կամերային նվագախմբի և երգչախմբի համերգը նվիրվեց Շառլ Ազնավուրի հիշատակին Մոմերով երթ` նվիրված Ազնավուրի հիշատակին Սրտի մաքրութիւն. Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետ
Ամենաընթերցված
website by Sargssyan