Երախտագիտության համերգ՝ հայրենյաց պաշտպանին

Երախտագիտության համերգ՝ հայրենյաց պաշտպանին

Հուլիսի 17- ին «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինհաշմանդամներին» բարեգործական հ/կ-ի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հանգստի սրահում կենտրոնում բուժվողների եւ բուժանձնակազմի համար տրվեց ինքնատիպ բարեգործական համերգ: Նախաձեռնությունը ԵՊՀ Մշակույթի կենտրոնի խմբավար Նորայր Շահբազյանինն էր, որին ընդառաջել էին Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը եւ մենեջեր Լիլիթ Նալբանդյանը: Եռամաս ծրագիրը թիրախավորել էր երաժշտական տարբեր նախասիրություններ ունեցող ունկնդրին: Համերգի մասում հնչեցին եվրոպական միջնադարյան, բարոկո ոճում ստեղծագործած դասական կոմպոզիտորների (Դ. Ագուադո, Մ. Ջուլիանի, Ֆ. Սոր, Մ. Կարկասսի) գողտրիկ, գործիքային ստեղծագործություններ, երկրորդ մասում հնչեցին հայկական ժողովրդական եւ ժամանակակից կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ, իսկ համերգի երրորդ բաժնում ելույթ ունեցավ պոետ-երգահան, «Բարդ» ոճի երիտասարդ, տաղանդավոր ներկայացուցիչ Վարդան Գալստյանը: Նրա բարձրաճաշակ հուզիչ պոեզիան, կիթառի մեղմ նվագակցությամբ, գերեց ունկնդրին:

Ծրագրված քառասուն րոպեանոց համերգը, հանդիսատեսի ծափերով, ձգվեց մոտ ժամ ու կես: Նորայր Շահբազյանի նախաձեռնությամբ նմանատիպ համերգ ԵՊՀ Մշակույթի կենտրոնը կազմակերպել էր 2016թ. ապրիլի 22-ին, Կենտրոնական զինվորական հոսպիտալի տարածքում: «Քառօրյայի» վերքերը դեռեւս չէին սպիացել եւ ունկնդիրներից շատերն էին վիրակապերով, հաշմանդամի սայլակի վրա: Բազմամյա համերգային կենսագրություն ունեցող երաժիշտ-մանկավարժ Նորայր Շահբազյանի պնդմամբ, նմանատիպ համերգի մթնոլորտը, ծափերը ոչնչի հետ չես համեմատի: «Գեհենի» միջով անցած հերոս տղերքին գեղագիտական հաճույք պատճառելը վեր է ամեն պարգեւից… Շահբազյանի ղեկավարությամբ, «Նորայր եւ ընկերներ» երաժշտախմբի կազմում, Վերականգնողական կենտրոնի համերգին մասնակցեցին երաժիշտներ Արմինե Պետրոսյանը, Ժիրայր Պետրոսյանը եւ Վարդան Գալստյանը: Կենտրոնում բուժվողների եւ ղեկավարության ցանկությանը գոհունակությամբ ընդառաջելով, երաժիշտները խոստացան կրկին այցելել ու անպայման համերգային նորացված ծրագրով, նաեւ խնդրեցին իրենց երախտիքի խոսքեր չասել, քանի որ ինչպես ողջ հայ ազգը, այնպես էլ իրենք` երաժիշտներն են անսահման երախտապարտ Հերոս հայ զինվորին:

ԱՆԱՀԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում