Ձայն է գալիս

Ձայն է գալիս

Քո մոտիկը հիմա շատ է հեռու․
ես գնում եմ ինձնից ու չեմ հասնում քեզ:

Կեսգիշերի այն կողմից
գալիս է ձայնը էլի՝
իմը չես լինի երբեք…
ու ժամանակը քեզնից հետո է 

Քեզ սիրեի նորից,
հոգ տանեի քո մասին,
թևերիս մեջ պինդ գրկեի սիրուն մարմինդ՝
պահեի հեռու էս գեշ ու անդուր աշխարհից:
Հետո կրակ կտրած
խառնեի խոպոպներդ խուճուճ-խուճուճ,
հոգիդ հանեի՝ ցույց տալով լեզու,
անհասկացող ու դեռահաս պատանու պես:

Մինչդեռ կեսգիշերից այս կողմ
գալիս է ձայնը քո մոտիկից՝
իմը չես լինի,
որ սև թելի նման
սրտիս միջով անցնի՝
իրագործվող մահապատիժ:

Ափս սեղմում է բաժակը դիպված,
որ քեզնով սովորական է արդեն.
ագռավների սևն է պատուհանի մեջ՝
երամ-երամ.
խուճապ են ու ցրիվ մոլորվելուց առաջ,
իսկ երկինքը խարխափում ու վստահ չէ:

Քո մոտիկը հիմա
համացանցում թափառող մի լուսանկար,
որ վրիպում է հայացքիս մեջ:

Ագռավների սևի հետ ես կմտնեմ դժոխք՝ երամ-երամ,
թե իմանամ քո հեռուն կդառնա մոտիկ վերջին անգամ:

Արա ՀՈՒՍԻԿ

Հետևեք մեզ նաև Telegram-ում