Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորին

Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր դոկտոր Քրիստոֆ Փլոսին՝ ուղեկցությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների:

Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջպետական հարաբերությունները սերտանում ու զարգանում են՝ նպաստելով հայ և գերմանացի ժողովուրդների բարեկամական կապերի խորացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի իշխանություններին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը հյուրին տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի առաքելության, հայ ժողովրդի կյանքում քրիստոնեական հավատի կարևոր դերակատարության, Հայոց ցեղասպանության արհավիրքների, ինչպես նաև Եկեղեցու ներկա գործունեության մասին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Հայաստանի և Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին՝ հույս հայտնելով, որ դրանք ևս կհաղթահարվեն հայ ժողովրդի զորեղ հավատքի շնորհիվ:

Բուդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Փլոսն իր հերթին տեղեկացրեց Հայաստան իր այցի մասին, որի նպատակն է նպաստել երկու երկրների տնտեսական, քաղաքական և մշակութային հարաբերությունների առավել զարգացմանը:

Զրույցի ընթացքում խոսվեց նաև միջեկեղեցական հարաբերությունների, ի մասնավորի` Հայոց Եկեղեցու և Գերմանիայի Լյութերական-ավետարանական Եկեղեցու միջև կապերի մասին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում