Նյութական աշխարհից վեր

Նյութական աշխարհից վեր

Հավատացյալն ընդունում է գերբնականի գոյությունը, որը վեր է կանգնած նյութական աշխարհից, ավելի զորեղ է և կարող է ազդել այս աշխարհի իրադարձությունների, մեզանից յուրաքանչյուրի ճակատագրի վրա, երբ և ինչպես ցանկանա: Արդյոք այս մտածելակերպը սեփական կյանքի պատասխանատվությունից խուսափելու ձև չէ՞:

Խոսքը գուցե սկսնակ հավատացյալի մասին է, ով մտածում է, թե Աստված ամեն ինչի վրա ուղղակիորեն ազդում է, և ում ճակատին ինչ գրված է, այն էլ լինում է: Շատ բաներ թողնված են մարդու ազատ կամքին, որով չարիքներ են պատահում մարդու մեղքով: Եկեղեցին բոլորովին մերժում է ճակատագրի գաղափարը, քանի որ այդ դեպքում բոլոր մեղքերի, հանցագործությունների պատասխանատուն մնում է միմիայն Աստված: Բոլոր այն եկեղեցական հեղինակները, որոնք անդրադարձել են ճակատագրի թեմային, խստորեն դատապարտել են այս գաղափարը:

Ճակատագրի հասկացությունն ընդունելու դեպքում բոլոր չարիքների հեղինակը դառնում է Աստված և ոչ թե մարդը, որովհետև, ըստ այդ տեսակետի, մարդն անում է այն, ինչ նրա ճակատագրով որոշել է Աստված: Մինչդեռ մարդն ստեղծված է ազատ կամքով և իր արարքների պատասխանատուն է: Ազատ կամքը դառնում է նաև չարիքի պատճառ: Բայց Աստված մարդուն անձնիշխան է ստեղծել, որպեսզի արարչագործության պսակ հանդիսացող մարդն անգիտակից, անբան կենդանու չվերածվի, այլ հասկանա բոլոր բարիքները, քանզի միայն ազատ կամքի ընտրությունն է արժևորում և ընկալելի դարձնում բարիքը:

Աշխարհում չարիքների գոյության և Աստծո կողմից դրանք իսպառ չվերացնելու մասին Քրիստոս թերևս առավել պատկերավոր և հասկանալի ասում է որոմների մասին առակում (Մատթ. 13.24-30): Տերն իր արտում բարի սերմ սերմանեց, այսինքն` ինչ որ Աստված ստեղծեց բարի էր (Ծննդ. 1.31): Այնուհետև եկավ թշնամին և որոմ ցանեց: Հետևաբար չարիքը ծագում է ոչ թե Աստծուց, այլ չարից: Արտի մշակները գնում են տիրոջ մոտ և առաջարկում արմատախիլ անել չար սերմերը, բայց տերը պատվիրում է դրանք պահել մինչև հունձը:

Հունձն աշխարհի վախճանն է և Աստծո դատաստանը, ինչը նշանակում է, որ աշխարհում չարիքներն ու բարիքները լինելու են միասին: Պատճառն այն է, որ Աստված կարող է անգամ չարիքներից մեծագույն բարիքներ վեր հանել, բացի դրանից Եկեղեցին իր սրբարար, մաքրագործող և պայծառակերպող զորությամբ կարող է որոմները մաքուր ցորեն դարձնել, այսինքն` չարագործ մարդկանց վերափոխել բարեպաշտների և անգամ սրբերի:

Աղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում