Գրոշների դիմաց չնչին՝ կտանք մինչև թելը վերջին

Գրոշների դիմաց չնչին՝ կտանք մինչև թելը վերջին

Կպակասեն մեր կյանքերից
դեռ շատ բաներ –
Մինչ ավարտը տալիք դեռ կա.
Կյանքն անհագուրդ ախորժակով
Հառված վրադ –
Շորթելու է՝ մեկ բռերով,
Մեկ՝ հատ առ հատ…
Դեռ շատ բաներ կպակասեն –
Հաճախ կարծես առուծախի
Կարգով անխախտ՝
Ես քեզ, դու՝ ինձ…
Բայց որքան էլ հաշվարկենք ճիշտ՝
Կողոպուտ է եղածը միշտ…
Այդպես քիչ-քիչ –
Գրոշների դիմաց չնչին
Կտանք մինչև թելը վերջին
Ու բաց շեմի դիմաց մեր այն
Կյանքավերջի –
Կապույտի դեմ կանգնած վեհեր,
Ադամի պես հանկարծ կզգանք
Ամոթը մեր…
Բայց չենք գտնի նրա նման
Ոչ թզենու, ոչ էլ մի այլ
Գեթ կենտ տերև…
Հիմա, քանի դեռ կան օրեր,
Ընդամենը փորձենք խարդախ առուծախում
Կյանքին միայն իր տվածը
Վերադարձնել,
Իսկ Աստծունը
Պահել Աստծուն…

ՆԱՆԵ

Հետևեք մեզ նաև Telegram-ում