Մասնագիտական խումբն աշխատում է հայկական Սինեմաթեքի ստեղծման ուղղությամբ

Մասնագիտական խումբն աշխատում է հայկական Սինեմաթեքի ստեղծման ուղղությամբ

Առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելելու է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն և ի թիվս այլ նախագծերի, ծանոթանալու է նաև հայկական Սինեմաթեքի՝ ժամանակակից հայկական կինոթանգարանի ստեղծման աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջից։

«Ամիսներ առաջ էր ընդամենը, որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի նախաձեռնությամբ ստեղծվեց հանձնաժողով, որի կազմում էր նաև հայկական կինոյի լեգենդար օպերատոր, հայ կինոպատմության լավագույն գիտակ Լևոն Աթոյանցը և Սինեմաթեքի նախագծման, զարգացման ծրագրերի ստեղծման, տեսլականների մշակման աշխատանքներին զուգահեռ սկսվեց հայ կինոպատմության նմուշների հավաքագրումը, որի առաջին նվիրատուներից էր նաև Լևոն Աթոյանցը:

Կարճ ժամանակ անց Կինոյի տան հանրահայտ Բուխարու սրահում բացվեց հավաքագրված ցուցանմուշների առաջին խորհրդանշական ցուցահանդեսը: Դրանց հավաքագրումը շարունակվում է հետևողականորեն և անդադար: Հատուկ այցելություններ են եղել մեր կինոյի գործիչներին, նրանց ժառանգներին և այլն:

Մասնագիտական խումբն աշխատում է աշխարհի ժամանակակից Սինեմաթեքների ուսումնասիրությամբ և հայկական Սինեմաթեքի զարգացման ծրագրերի, տեսլականների ստեղծման ուղղությամբ»,- գրված է միության ֆեյսբուքյան էջում:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում