Ինչու է եկեղեցու լեզուն գրաբար

Ինչու է եկեղեցու լեզուն գրաբար

Նկատի ունենալով եկեղեցական ծիսակատարությունների գրաբար լեզուն, որով հայությունն այսօր չի խոսում, ոմանք անհրաժեշտ են համարում գրաբար լեզվի փոխարեն խոսակցական լեզվի գործածումը եկեղեցական արարողություններում, հատկապես` Սուրբ Պատարագի արարողության ընթացքում: Սակայն Եկեղեցին նպատակահարմար չի նկատում ծիսական լեզվի փոփոխումը: Կան մի քանի պատճառներ: Այսօր աշխարհասփյուռ հայությունն ապրում է տարբեր երկրներում, որով ծեսի լեզվի փոփոխության պարագային պիտի խախտվի արարողությունների միօրինակությունը. կունենանք արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, թուրքերեն, ռուսերեն, իսպաներեն և այլ լեզուներով պատարագներ, և որևէ առիթով տվյալ երկրներում ապրող հայերը, մեկ այլ երկրում Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցելով, օտար և անհաղորդ պիտի լինեն:

Մինչդեռ մեր Սուրբ Եկեղեցու արտասահմանյան թեմերում վաղուց արդեն գործածության մեջ են հավատացյալների համար նախատեսված պատարագամատույցները` համապատասխան խոսակցական լեզվով բացատրություններով, որով արդեն պարբերաբար եկեղեցի հաճախող հավատացյալը նույնիսկ մեկ այլ երկրում գրաբար երգեցողությունն ու աղոթքները լսելիս գիտե, թե որն է ասվածի իմաստը: Իսկ Հայաստանում գործածվում են պատարագամատույցներ, որոնցում մանրամասն բացատրված է Պատարագի յուրաքանչյուր հատվածի նշանակությունն ու իմաստը:

Մեր Սուրբ Եկեղեցու շարականների, հոգևոր երգերի, մեղեդիների խոսքերը ևս գրաբար են` բանաստեղծական գեղեցիկ հորինվածքներով ու չափերով: Եվ դրանք գրաբարից այլ լեզվի փոխադրելիս պիտի խախտվի բանաստեղծական չափը, ավելին` ըստ այդմ կայլափոխվի երաժշտությունը: Մեր եկեղեցական արարողությունները, դրանց տեքստերն ու երաժշտությունները նաև մշակութային արժեքներ են, իսկ մշակութային արժեքները չեն ենթարկվում փոփոխությունների:

Զարմանալի է, որ կան նման իրողություններ, որոնց առնչությամբ փոփոխման պահանջներ չեն հնչում: Օրինակ` իտալական օպերաներն ամենուր հնչում են իտալերեն լեզվով, և հանդիսատեսներն այն լսում և ընդունում են այդ լեզվով: Ոչ ոք չի պահանջում, որ հիվանդներին տրվող դեղատոմսերում բժիշկները դադարեն բժշկության մեջ լատիներեն լեզուն գործածելուց և բոլոր դեղատոմսերը գրեն ժամանակակից լեզվով: Բացի դրանից երիտասարդներն արտասահմանյան շատ երգեր են լսում, որոնց բառերը բոլորովին չեն հասկանում և դրանց դեմ չեն բողոքում: Մինչդեռ Պատարագի և մյուս արարողությունների լեզուն դասական հայերենն է, որի բառապաշարը ծանոթ է բոլորին, միայն այլ է քերականությունը: Եվ եթե նույնիսկ չլինեին Սուրբ Պատարագի առնչությամբ վերոնշյալ բացատրական միջոցները, պարզապես նախանձախնդրություն էր պետք` հասկանալու նպատակով գրաբարի մի քանի քերականական կանոններ սովորելու համար: Այսօր բազում մարդիկ օգտվում են համակարգչից, համացանցից, որի համար սովորում են անգլերեն տերմիններ ու խոսքեր: Եվ եթե սեփական հաճույքի կամ հետաքրքրության համար մարդիկ բոլորովին օտար բառեր ու եզրեր են սովորում, ուրեմն որքան առավել ևս պետք է նախանձախնդիր լինեն հոգևոր շահի համար մի փոքր բան սովորելու գործում:

Մեր օրերում շատ երիտասարդների հարազատ են աշխարհիկ երաժշտության տարբեր տեսակների հնչյունները, և եթե գնանք փոփոխությունների, ոմանք էլ պիտի ուզեն իրենց հասկանալի և հարազատ երաժշտություն Պատարագի, ժամերգությունների ժամանակ, և ավելի առաջանալով` պիտի պահանջեն նաև Քրիստոսի զոհագործության խորհուրդը հանդիսացող Պատարագի թատերականացում` առավել տեսանելի դարձնելու կատարվող զոհագործությունը: Ոմանք էլ պիտի պահանջեն մանրանկարների և սրբանկարների փոփոխում այսօրվա նկարչությանը հատուկ արտահայտչամիջոցներով կատարված նկարներով: Սակայն բացի փոփոխություն պահանջող մարդկանցից կան նաև բազում մարդիկ, ովքեր դեմ են այդ փոփոխություններին, և Եկեղեցին մի քանի մասերի չպիտի բաժանվի` մարդկանց ցանկություններին ընդառաջ գնալով: Նաև Եկեղեցին բազմադարյա հաստատություն է, որն իր կայունությունը պահպանում է իր առողջ պահպանողականությամբ, քանզի ամեն ժամանակ իր պահանջներն ունի, և ամեն ժամանակաշրջանում մարդկանց ցանկությունների համեմատ փոխվելով` Եկեղեցին Եկեղեցի չէր մնա:

Կաթոլիկ Եկեղեցին փորձ կատարեց ծիսական լեզվի փոփոխման, որոշ տեղերում անգամ արարողությունների երաժշտությունների արդիականացման, որը բոլորովին չբերեց մարդկանց և հատկապես երիտասարդների դեպի եկեղեցի հոսքի, ինչը որ սպասվում էր այդ փոփոխություններից: Մարդը, այնուամենայնիվ, հոգու խորքում ցանկանում է Եկեղեցին տեսնել ավելի վեր այս աշխարհի սովորական ընթացքից և սովորույթներից: Եվ, ինչպես նշվեց, լեզուն հասկանալու համար պարզապես պետք է ցանկություն և նախանձախնդրություն, երաժշտությունը հասկանալու և հոգեհարազատ զգալու համար` ապաշխարող խոնարհ հոգի, քանզի խորը զղջում և ապաշխարություն չապրած մարդը երբեք չի կարող հասկանալ հոգևոր երաժշտությունը: Իսկ սա նշանակում է, որ ոչ թե Եկեղեցին պետք է փոխվի ըստ մարդու, այլ մարդը պետք է փոխվի ըստ Եկեղեցու:

Աղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում