«Հայկական զգացմունքայնությանս ավելացավ եվրոպական վերլուծական մտածողությունը»

«Հայկական զգացմունքայնությանս ավելացավ եվրոպական վերլուծական մտածողությունը»

Զրույց գերմանաբնակ ազատ արվեստագետ Ստեփան Գանտրալյանի հետ

– Դուք 1999-ից հեռացաք հայրենիքից: Վերջին անգամ ձեզ որպես դերասան հանդիպել ենք Փոսի թատրոնում Կարինե Խոդիկյանի «Ետ չնայես» ներկայացման մեջ: Մինչ դա խաղացել եք Պատանի հանդիսատեսի, Էքսպերիմենտալ, գեղագիտական դաստիարակության կենտրոնի թատրոններում, ձեզ նույնիսկ հիշում ենք հեռուստաթատրոնից: Տարիներ անց Երեւանում խոսում էին, որ եվրոպաներում հանդես եք գալիս նաեւ որպես նկարիչ, հետո էլ՝ իբրեւ երգիչ-երգահան: Իսկ անցյալ տարի Հայաստանի Ազգային պատկերասրահում շվեյցարացի հանրահայտ Թերեզա Վեբերի անհատական ցուցահանդեսին զուգահեռ կայացած գեղանկարչուհու մասին երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն, գերմաներեն պատմող ձեր գրքի ականատեսը եղանք: Օրերս էլ երեւանյան «STOP» ակումբում հանդես եկաք իբրեւ երգիչ, երգահան: Չմոռանանք նշել, որ դուք խաղացել եք նաեւ կինոյում՝ Արման Մանարյանի երկու՝ «Ոսկին եփողը», «Ընկեր Փանջունի»… Հետաքրքիր է՝ եթե շարունակեիք ստեղծագործել Հայաստանում, ձեր այլ շնորհները կամ տաղանդները կբացահայտվեի՞ն:

– Դժվար է ասել, թե ինչ կլիներ: Բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ կլինեի արվեստում: Բայց չէի լինի այն, ինչ եմ այսօր: Հայրենիքից հեռանալուց հետո սկզբում աշխատել եմ գերմանական մեկ-երկու չէ, այլ մի շարք թատրոններում որպես դերասան, ընդ որում՝ խաղացել եմ գերմաներենով: Հեշտ չէր… Բայց անհնար էլ չէր… Մոտ 6 տարի աշխատել եմ Մյուլհայմ ան դեր Ռուր քաղաքի «Theater an der Ruhr» հայտնի թատրոնում, հյուրախաղերով շրջագայել եմ իսկապես ամբողջ աշխարհով: Երբ Բրեխտի «Երեք գրոշանոց օպերայում» ընդամենը մեկուկես փորձով ստանձնեցի մեքսիկացի գործընկերոջս դերը, քանի որ նա հայրենիք էր վերադառնում, հասկացա, որ շահել եմ «մարտը»՝ դրանով իսկ վաստակելով թե բարեկամներ, թե թշնամիներ: Իմիջիայլոց, թանտրոնն իր բնույթով ամենուրեք նույնն է՝ անկախ տեսակից, որակից, երկրից եւ այլ հանգամանքներից: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե մեր երկրից դուրս թատերական ինտրիգներ չկան՝ չարաչար սխալվում է: Ընդ որում, տաղանդավոր լինելը դեռ չի նշանակում, որ անպայման կսիրվես կամ կգնահատվես… Հաճախ քեզ չեն սիրում միայն այն բանի համար, որ դու, ասենք, իրենցից ավելի շնորհալի ես: Երբ «Երեք գրոշանոցի» երկրորդ ներկայացման ժամանակ, որը կայացավ Ֆրիդրիխսհաֆեն քաղաքի 1200 հանդիսատեսի համար նախատեսված «Ցեփելինհաուս» սրահում, խաղացածս տեսարանը գերմանացի զուսպ ու ժլատ հանդիսատեսից ծափահարություններ կորզեց, այն էլ՝ ներկայացման ընթացքում, չեմ թաքցնի՝ հոգիս փառավորվեց: Նման բան չէի էլ կարող երազել: Երկու տարի անց Մեխիկոյում, Սերվանտեսի անվան միջազգային «Սերվանտինո» թատերական փառատոնում նորից խաղում էինք «Երեք գրոշանոց օպերան», ծրագրում իմ անվան փոխարեն գրված էր այն նույն մեքսիկացի գործընկերոջս անունը: Չգիտեմ՝ պատահականությո՞ւն էր, գուցե դիտավորությո՞ւն… Չեմ թաքցնում՝ փառասիրությունս վիրավորված էր: Ներկայացումից հետո արտիստական մուտքի մոտ վրդովված կանգնած ծխում էի ու երբ հանդիսատեսներից ոմանք ինքնագիր էին խնդրում՝ հիշեցնելով խաղացածս այն տեսարանը, որից հետո հնչել են բրավոները, հասկացա մի բան. անունս էական չէ, էական էր իմ խաղացած կերպարը…

– Գնացիք Գերմանիա, միանգամից թատրոն՝ այն էլ ճանաչված… Միայն չասեք, թե ձեզ էին սպասում:

– Երկար ժամանակ ուզում էի ինձ տեսնել որպես եվրոպացի արվեստագետ: Հետո վերաիմաստավորեցի իմ հայկական ինքնությունը կամ վերագտա հայկական արժեհամակարգս: Շատ շուտ հասկացա, որ դու իրենցից մեկը չես կարող լինել, ոչնչով չես կարող զարմացնել: Այս դեպքում ի՞նչն է մնում, մնում է քո հայկական ինքնությունը, հենց դրանով ես դու դառնում առանձնահատուկ ու գնահատված: Օրինակ, Քյոլնում, ներկայացումներից ազատ ժամանակ թերթ էի բաժանում քաղաքի հսկա արվարձաններից մեկում, միաժամանակ Հռենոսի ափին գտնվոր «Հայկ» հյուրանոցում: Նաեւ չնչին գումարով բարապան էի աշխատում, սկզբում միայն գիշերները, իսկ հետո երբեմն 3-5 հերթափոխ անընդմեջ, առանց հանգստի: Հիշում եմ՝ մի անգամ նույնիսկ 7 հերթափոխ եմ աշխատել, առանց քնելու: Այդ պահին չես էլ մտածում, որ այդ անսպառ էներգիան ապագա տարիներից պարտք ես վերցնում՝ կյանքդ կրճատելով ու մի օր դրա համար հատուցելու ես, այն էլ սեփական առողջությամբ… Ի դեպ, կյանքս փոխվեց այն ժամանակ, երբ հասկացա, որ ես իրենցից մեկը չեմ ու երբեք էլ չեմ դառնա: Հասկացա, որ ես անկրկնելի եմ միմիայն իմ ինքնությամբ, արժեհամակարգով, որտեղ ազգությունս, կրոնս, մշակույթս, ուսումս, դաստիարակությունս… մեծ դեր են խաղում: Այ այստեղ հանկարծ կյանքս փոխվեց, ու ասես կախարդական փայտիկով ամեն ինչ իր տեղն ընկավ: Բայցեւայնպես Գերմանիայում ստեղծագործելու ընթացքում հայկական զգացմունքայնությանս ավելացավ նրանց վերլուծական մտածողությունը… 2005թ. տեղափոխվեցի Բեռլին, կինոդերասանների վերապատրաստման դասընթացների մասնակցելու նպատակով: Չնայած դրանից հետո հիմնվելով Բեռլինում, միեւնույն է, շարունակեցի աշխատանքս թատրոններում: Դժվար է պատկերացնել, երբ դրսում, կոնկրետ իմ դեպքում՝ եվրոպական արվեստի այդ մեծ խառնարանում, որտեղ աշխարհի բոլոր կողմերից եկած արվեստագետներն իրենց ուժերն են փորձում, արվեստում ճանապարհ հարթելը բախտախնդրություն է, բայց նաեւ շանս:

– Հիշում ենք նաեւ ձեր մասնակցությամբ 2000-ականների կեսերին Երեւանում կայացած գերմանա-հայկական թատերական փառատոնից Էդգար Հիլզենռաթի «Վերջին մտքի հեքիաթը» վեպի բեմականացման մեջ, որտեղ միաժամանակ երկու գլխավոր դերերով հանդես եկաք…

– Դա 2006 թիվն էր, այդ բեմադրությունը խաղացինք Երեւանում, Վանաձորում, Գյումրիում, Ստեփանակերտում, հետո միայն Բեռլինում: 2009թ. Արմեն Ջիգարխանյանի հետ մասնակցել եմ Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով Քարոլին Սաֆարյանի «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացմանը…

– Ներկայացրեք, խնդրեմ, ձեզ՝ որպես երգիչ-երգահան:

– Առաջին մենահամերգս կայացել է Բեռլինում, 2007թ.: Սկզբում երգում էի միայն հեղինակած երգերս, ինքս էլ ինձ նվագակցում: Հետո արդեն երկացանկս ստվարացավ, այլ երաժիշտներ էլ հրավիրեցին համերգների: Ծրագրումս շուրջ 10 լեզուներով նաեւ շանսոններ են, բալլադներ, ռոմանսներ եւ այլն: Իսկ հեղինակածս շատ երգերի վերջնական տարբերակներն արդեն Երեւանում բնակվող կոմպոզիտոր եղբորս՝ Սամվելի աշխատանքի արդյունք են: Նա հարստացնում է գրածս մեղեդիները… Նշեմ նաեւ, որ առանց եղբորս միջամտության երգերս երեւի կմնային իրենց արխայիկ միամիտ ձեւի մեջ, ինչպես 1988թ. ամռանը, երբ նոր-նոր էի սկսել երգեր գրել, գիշերներն էլ երգում էի օպերայի բակում, նստացույցի ժամանակ…

– Նշեցիք, որ Գերմանիայում սկզբնական շրջանում անցկացրած անքուն գիշերները իրենց հետքն են թողել առողջության վրա…

– Չգիտեմ՝ դա էր պատճառը, բայց հիվանդացա, ախտորոշումն էլ՝ քաղցկեղ: Տեւական ժամանակահատված այդ հիվանդությունը հաղթահարելուց հետո ի վերջո հեռացա թատրոնից, բայց, բնականաբար՝ ոչ արվեստից: Ինձ համար կարեւոր չէր, թե ինչով էի ներկայանում հանդիսատեսին՝ ընթերցանությամբ, անհատական ցուցահանդեսներով, թե համերգներով: Մշտապես այլ արտահայտչամիջոցներ էլ էի որոնում: Կարեւորը՝ ինքս իմ առաջ ազնիվ լինելն էր, ինքնությանս հարազատ մնալը, մտավորականի կոչմանը չդավաճանելը: Այսօր էլ համոզված եմ, որ կարեւոր չէ, թե ինչ ես անում, կարեւորը՝ ինչպես ես անում, եւ որ արածդ արվեստով ու սիրով ես անում:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում