Ես

Ես

Ես չմեռա 10 տարեկանում,
որովհետև բարձր ծերպեր չէի մագլցել,
և ոչ մի անգամ դեռ չէի ընկել ցած։

Ես չմեռա 20 տարեկանում,
որովհետև շատ էի ուզում իմանալ, թե ինչ կա
փակ դռան հետևում իմ խարտյաշ տանտիրուհու…

Ես չմեռա 30 տարեկանում,
որովհետև նկատեցի Աստծո սրունքները
և ցանկացա տեսնել դեմքը նրա։

Ես չմեռա 40 տարեկանում,
որովհետև վերջացել էր մանկությունը
և շատ էի ուզում իմանալ, թե ինչ է սկսվելու հետո։

Ես չմեռա 50 տարեկանում,
որովհետև հոգնած էի և շատ էի ուզում
վերջապես գտնել իմ տան ճանապարհը։

Ես չմեռա 60 տարեկանում,
որովհետև նկատեցի՝ սարսափելի խորունկ է երկինքը
և ներքևից նայելը ավելի հարմար է,
քան այնտեղ լինելը նույնիսկ։

Միայն թե իմանաք դուք, իմ մտերիմներ,
թե որքան դժվար եմ հասել ձեզ և որքան դժվար եմ պաշտպանվել ձեզնից,
թե չէ՝ ինչպես կապրեի այսքան…

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում