Մանկություն

Մանկություն

Գլորվում է ինքնաշեն գլորակը
դարուփոսերում օրորվում՝
ուր որ է կընկնի,
բայց հրեշտակը, որ հայրիկի հետ մեր գոմիպատն է շարում,
շտապում, շտկում է,
ու կրկին գլորվում է գլորակը…
հետևից վազում են վտիտ ոտքերը՝
բոբիկ, քերծված, ուր որ է
կշրմփան ցեխի մեջ ու չեն վեր կենա,
բայց մի ուրիշ հրեշտակ, որ քաղհանում է
կաղամբի մարգը մայրիկի հետ,
հասնում, շտկում է նրա ընթացքը։
Գլորվում է, գլորվում է գլորակը
Ամանորի շեմին, դառնում կլոր գաթա,
որ ախորժակով ուտում եմ ես,
կատուն, հավերը և մեր տանեցիք
և բոլոր ուջանցիները անխտիր…
և այն հրեշտակները երկու,
որոնց այլևս երբեք չհանդիպեցի…

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում