Ադամ-Եվայի ժամանակից

Ադամ-Եվայի ժամանակից

Տիկ. գարունն իր Հասմիկ աղջկա
գլխի շուրջը շարեց հարսանեկան ծաղկաթերթեր՝
վարդագույն մշուշից հունցած,
լցրեց մեղմ բույրով, որի անտես թելերը
գնում, հասնում էին մինչև դրախտ
և մերժելով սիրուց երաշտի մատնված ամռանը՝
ամուսնացրեց պճնամոլ աշնան հետ։
Աշունը պոկեց ծաղկաթերթերը մեկ-մեկ,
մսխեց դրանք քամու հետ գիրկընդխառն
և ձյուների միջով փախավ հեռու երկիր՝
առանց մտածելու, որ այս պատմությունը
կարող է հրապուրել մարդկանց։

2492 Ք.Ծ.Ա.

Եվ եկավ Հայկն իր որդոց և թոռների ու ծոռների և ամենայն ընդոծիների հետ, լցրեց Արարատի երկիրը… Սա հրաշալի էր, որովհետև մենք ունեցանք հայրենիք։
Ես համոզված եմ, որ հենց այդ ժամանակ եղավ մեկը, որ լքեց այս հողը։ Ես միշտ մտածել եմ նրա մասին։ Ինչու՞ հեռացավ նոր դարսվող պատից, նոր թխվող հացից, նոր դարձող լեզվից։
Անարդարությունի՞ց, բռնությունի՞ց Հայկի և նրա որդոց։ Թշնամյաց ահի՞ց գուցե։ Պատճառները բյուր են, փաստը՝ մեկ։ Ո՞վ էր, որ գնաց օտարների մեջ և ի՞նչ ասաց նրանց։ Ասաց՝ իմ երկրում բռնությու՞ն է, ժողովրդավարություն չկա, հալածա՞նք է կուսակցական, ինչպես հիմա են անում ֆրանսիական ու հոլանդական փափուկ բարձերին պառկելու համար։
Ո՞վ էր նա։ Շատ եմ ուզում իմանալ։ Նա կարոտե՞ց այս հողը և հարազատներին, երբևէ ցանկացավ ետ դառնալ։ Նա, որ մեկնեց օտար աշխարհ հեռավոր հնադարում արդյոք ապրեց իր երկրի օրենքներով, թե՞ քայլեց, որսաց, եփեց, կերավ, սպանեց ու սպանվեց նրանց կանոններով։ Ու հետաքրքիր է նաև երկրի տերերը՝ Հայը և Հայկյանք, իմացան արդյոք իրենցից գնացածի մասին, իմացան ու շարունակեցին երջանիկ ապրե՞լ, ինչպես հիմիկվա տերերը։

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում