Տողեր

Տողեր

Սպառնալի կախվել է երկինքը դաշտերի վրա,
նոյեմբերը մացառների մեջ փռռացող լաթ է…
նախիրը անցավ քարուտների կողքով՝ կիսաքաղց,
նախրորդը երազում է ապրել Փարիզում և քայլում է իր
մտքից անջատ։
Կրկնախոխ գալիս է գայլը և սիրտ չի անում մոտենալ։
Նախրորդը, որ արդեն սուզվել է երանավետ նիրհի մեջ,
սթափվում է հանկարծ՝ դեմքին իջած խոնավ ու ծանր
ապտակից, որ հասցրեց մացառների մեջ փռռացող
նոյեմբերի քրքրված լաթը։ Ապա հորդեց անձրևը,
նախիրը հոտոտեց մոտակա գյուղի հոտը,
հայրենի գոմի ջերմությունը բորբոքեց կովերի սիրտը
և կարոտակեզ բառաչների խմբերգը տարածվեց
անձրևի տակ։
Իսկ գայլը մնաց թանձրացող մշուշի մեջ,
որը նույնպես հայրենիք է՝ ոչինչ չխոստացող։

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում