Ով պետք է սահմանի բարոյական ու հոգևոր արժեքները

Ով պետք է սահմանի բարոյական ու հոգևոր արժեքները

Ո՞վ պետք է սահմանի բարոյական ու հոգևոր արժեքները: Որքա՞ն մեծ է Եկեղեցու ու հոգևոր հայրերի դերն այս հարցում:

Բարոյական և հոգևոր արժեքներ, անշուշտ, պետք է սահմանի այդ բարձր արժեքները գիտակցողն ու կրողը կամ դրանց վերաբերյալ գիտելիքի աղբյուր հանդիսացողը: Այդպիսի բարձրագույն ատյան է գերմարդկային ատյանը, որտեղից դեռևս երեխայական զարգացման փուլում գտնվող մարդկությանը տրվել են հատուկ սկզբունքներ և պատվիրաններ բարոյական ու հոգևոր արժեքների վերաբերյալ: Այսպես նաև մանուկը իրենից մեծի, հասունի կարիքն ունի դաստիարակության ու կրթության համար:

Ֆրանսիացի քրիստոնեական գրողներից Ֆրանսուա Ռընե դը Շատոբրիանն ասում է. «Քրիստոնեությունը կատարյալ է, մարդիկ են անկատար, իսկ կատարյալ որևէ բան չի կարող անկատարից սկիզբ առնել. հետևաբար, քրիստոնեությունն աստվածային կրոն է»: Իրոք, քրիստոնեության մեջ հրաշքներ են համարվում ոչ միայն նյութական, երևելի, գերբնական զարմանահրաշ նշանները, այլև հոգևոր բարձրագույն գիտելիքները, պատվիրանները, և եթե քրիստոնեությունից հեռացնենք նյութական հրաշքները, այնուամենայնիվ, մնում են հոգևոր-գաղափարական հրաշքները: Քրիստոնեության մեջ հիանալիորեն տրված են այնպիսի գերագույն արժեքներ, ուսուցումներ, որպիսիք չկան այլ կրոններում:

Քրիստոսի կողմից տրված իշխանությամբ ու լիազորությամբ Եկեղեցին և հոգևորականները պահպանողն ու տարածողն են այդ գաղափարների ու արժեքների: Այդ մեծ պարտականությունը կատարելու համար հոգևորականներն իրենք պիտի օրինակ լինեն` որպես կրողն այդ արժեքների ու սկզբունքների, հեռու մնալով այնպիսի քայլերից, որոնք կարող են թեկուզ փոքր-ինչ գայթակղության առիթ դառնալ և մարդուն հեռացնել Աստծուց, Եկեղեցուց:

Արևմտյան հասարակության մեջ կարծես սովորական է դիտվում, երբ մեկն իր համար ցանկալի հավատալիք է ընտրում կամ ստեղծում` հիմնվելով Սուրբ Գրքի վրա: Քրիստոնեությունը նախընտրողներից լինում են մարդիկ, ովքեր իրենց հարմար թվացող ուսուցումներն ընդունում են, իսկ մյուսները` մերժում: Այդպիսի դիրքորոշում ունեցող մարդը կարո՞ղ է իրեն քրիստոնյա կոչել:

Նման խնդիր կա հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այնտեղ խրախուսվում է հավատացյալ լինելը, չի քաջալերվում աթեիստական դիրքորոշում ունենալը: Բայց այսպիսի քաղաքականությամբ դրական է համարվում որևէ հավատալիք ունենալը: Ամերիկայում նույն փողոցի վրա կարելի է տեսնել տարբեր եկեղեցական շինություններ, որոնք պատկանում են տարբեր եկեղեցիների ու աղանդների, մարդը, որը որ նախընտրի, կարող է այնտեղ մտնել: Այսպես կրոնը կամ հավատքը կարծես ապրանք է դառնում` որը հավանել ես, այն էլ կարող ես վերցնել:

Այսպիսի հասարակություններում կանայք և տղամարդիկ, պատահում է, որ ապրում են միասին, ազատ հարաբերություններով` ո՛չ եկեղեցում պսակվելով և ո՛չ էլ նույնիսկ հետագայում ընտանիք կազմելու որոշումով, բայց իրենց համարում են քրիստոնյաներ, որովհետև իրենց այդ կրոնն է դուր եկել: Այդպիսի հասարակություններում նաև արվամոլները կամ իգացողները կարող են եկեղեցու անդամ լինել, մասնակցել եկեղեցական արարողությունների, հաղորդություն ստանալ և իրենց համարել բարեպաշտ քրիստոնյաներ:

Քրիստոնյա լինելը միայն բարեպաշտություն և եկեղեցի հաճախել չէ, այլ նաև ամբողջությամբ կատարելն է այն պատվիրաններն ու պատգամները, որոնք կան Աստվածաշնչում, ապրելն է այն կյանքով, որը հաճելի է Աստծուն: Հետևաբար, չի կարելի քրիստոնեությունից դուր եկածն ընտրել, իսկ մյուսներն անտեսել, Սուրբ Գիրքը պետք է տեսնել և ընկալել իր ամբողջության մեջ:

Աստվածաշնչի հատվածական ընկալումն է նաև, որ բերում է աղանդավորության ծնունդի, և կամ ինչպես կարող ենք տեսնել որոշ բողոքական արդի եկեղեցիներում` արվամոլ, նույն սեռի մարդու հետ ամուսնացած հոգևորականների, եպիսկոպոսների, կանանց քահանայագործության և եպիսկոպոսության վերաբերյալ ազատ մոտեցումների: Այսպիսով, Աստվածաշունչը պետք է հասկանալ և նրա պատվիրանները պահպանել ամբողջությամբ և ոչ թե ընտրողաբար:

Աղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում