Համերգ՝ նվիրված Սաթյաններ կոմպոզիտորական գերդաստանին

Համերգ՝ նվիրված Սաթյաններ կոմպոզիտորական գերդաստանին

«Գորիսը՝ ԱՊՀ 2018 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում այսօր կկայանա Սաթյաններ կոմպոզիտորական գերդաստանին նվիրված համերգ:

«Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից  տեղեկանում ենք, որ Աշոտ Սաթյանի, Արամ Սաթունցի, Արամ Սաթյանի հայտնի ու սիրված երգերը կհնչեն Գորիսի դրամատիկական թատրոնում՝ Խորեն Լևոնյանի, Մաշա Մնջոյանի, Լուսինե Կչոզյանի, Մարիցա Թիլիքյանի, Էդգար Խաչատրյանի և այլոց կողմից, բեմում կլինի Թիվի բենդը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Հակոբյան): Համերգային երեկոյին իր մասնակցությունը կունենա նաև ԵՊՀ երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարեն Սարգսյան): Մուտքն ազատ է: Նախագիծն իրականցվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Կոմպոզիտոր, դիրիժոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Սաթյանը (1906-1958 թթ.) սովորել է Բաքվի Հայարտան երաժշտական ստուդիայում (1926-30թթ.): 1930-ից բնակվել է Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործ և դիրիժորական բաժինները (1936թ.)։ 1939-47-ին Սաթյանը եղել է «Հայկինո» ստուդիայի երաժշտական մասի ղեկավար, 1947-52-ին` ՀԿՄ վարչության նախագահ: Գրել է «Մարտիկի երգը», «Աղբյուրի մոտ», «Լավ լսեք ինձ», «Կենաց երգ» և այլ երգեր, «Արարատյան հովտի երգեր» վոկալ-սիմֆոնիկ շարքը (1950, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1952), երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար` «Գարնան երգ» կոնցերտային վալսը, հայկական առաջին անսամբլային երկերից մեկը` Լարային կվարտետը (1936), «Զանգեզուրի լեռներում» սիմֆոնիկ պատկերները (1952), քայլերգեր փողային նվագախմբի համար («Զաքյանի դիվիզիայի քայլերգը», 1942, և այլն), թատերական և կինոերաժշտություն («Դավիթ Բեկ», 1944, «Սովետական Հայաստան» 1950, «Ում է ժպտում կյանքը», 1952, և այլն):

Կոմպոզիտոր Արամ Սաթունցը (1913 – 1990 թթ.) եղել է կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի եղբայրը: 1931-41թթ եղել է Բաքվի, Անդիջանի, Գռոզնիի ժողովրդական գործիքների անսամբլի դիրիժոր: 1938-41թթ. սովորել է Բաքվի կոնսերվատորիայի, 1944-47թթ՝ Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական դասարաններում: 1941-44թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1945թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես երաժշտական բաժնի վարիչ, 1949-74թթ՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում՝ որպես երաժշտական խմբագրության գլխավոր խմբագիր, ապա երաժշտական ձևավորումների խմբագրության պատասխանատու խմբագիր: Գրել է «Ատամնաբույժն արևելյան» երաժշտական կատակերգությունը (ըստ Հ.Պարոնյանի, 1938թ.), «Զանգեզուր» սիմֆոնիկ պոեմը (1947թ.), «Վերածնված նաիրյան երկրի երգերը» վոկալ-սիմֆոնիկ շարքը (1979թ.), «Ժողովրդի սխրանքն անմահ է» կանտատը (1980թ.), «Տոնական պարային սյուիտ» փողային նվագախմբի համար (1967թ., Ալեքսանդրովի անվան մեդալ, 1974թ.), «Հայկական ֆանտազիա» (1960թ.) և «Օլիմպիական սպորտային պարային սյուիտ» (1980թ.)՝ էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համար, կամերային-գործիքային երկեր (Սոնատ-պոեմ դաշնամուրի համար, 1946թ. և այլն), բազմաթիվ երգեր, ռոմանսներ, պարեր, քայլերգեր, երաժշտություն կինոնկարների և դրամատիկ ներկայացումների համար: Հրատարակվել է կոմպոզիտորի երգերի 3 ժողովածու (1969թ., 1975թ., 1983թ.): Կազմել և խմբագրել է մանկական երգերի ժողովածուներ: 1975թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1985թ.՝ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում

Կոմպոզիտոր, երգահան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը (1947թ., Երևան, հայրը՝ Արամ Սաթունց, հորեղբայրը՝ Աշոտ Սաթյան) 1961 թ. ավարտել է Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը և առաջին պրոֆեսիոնալ քայլերը արել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1970 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, որից հետո կատարելագործվել է Մոսկվայում։ 1969 թ. Մոսկվայի երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական ստուգատեսում «Սիմֆոնիկ վարիացիաներ» ստեղծագործության համար ստացել է առաջին մրցանակը։ 1970 թ-ից եղել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ։ 1973-80 թթ աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմում՝ որպես երաժշտական խմբագիր, 1980-86 թթ՝ Երևանի Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ որպես երաժշտության տեսության բաժնի վարիչ։ 1981-1984 թթ սովորել է Երևանի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում և հրավիրվել դասավանդելու ստեղծագործական բաժնում։ 1990-1994 թթ եղել է Երևանի Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, 1994-1997 թթ՝ Հայաստանի հեռուստառադիո պետական վարչության երաժշտական ծրագրերի և խմբերի տնօրենը ու գեղարվեստական ղեկավարը։ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների տարբեր հանրապետական մրցույթներում։ Գրել է «Լիլիթ», «Փոքրիկ Ցախեսը», «Մանեկեն» փոփ օպերաները, «Մենք դաշնամուր ենք նվագում» բալետը, 3 սիմֆոնիա, մի շարք կոնցերտներ, բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ավելի քան 300 երգեր և ռոմանսներ, երաժշտություններ կինոյի և թատրոնի համար։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում