Երևանում քանդում են հուշարձան շենքի պատը՝ առևտրային օբյեկտի մուտք բացելու համար

Երևանում քանդում են հուշարձան շենքի պատը՝ առևտրային օբյեկտի մուտք բացելու համար

Աբովյան 32 շենք բնակիչներն ահազանգում են, որ իրենց շենքը, որն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, վտանգված է։ Առանց բնակիչների համաձայնության, առաջին հարկի բնակիչներից մեկը ցանկանում է պատը քանդել ու առանձին մուտք բացել։

Աբովյան 32-ում 1934 թվականին Նուբար Փաշայի նվիրատվության շնորհիվ կառուցվել է մի շենք, որն եղել է Երևանի առաջին պետական շենքը, որի բնակարանները, ըստ բարերարի ցանկության, տրամադրվել են մշակույթի, գիտության և արվեստի ականավոր գործիչներին: Շենքում ապրել են Հայաստանի Գիտական վրիաբուժության հիմնադին պրոֆեսոր Համբարձում Քեչեկը, արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ Սեդրակ Առաքելյանը, Հայաստանի ժողովրդական նկարչ Գաբրիել Գյուրջանը, հայ նշանավոր լեզվաբան, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր, արվեստաբան Ռուբերն Դրամբյանը և այլոք։ Շենքի պատերին փակցված են հուշատախտակներ։

Panorama.am-ը ճարտարապետ Արսեն Կարապետյանից տեղեկացավ, որ շենքի ճակատի փոփոխություն է տեղի ունենում՝ դուռ են բացում։

«Ինչքան ես հասկացա, մեկ տարի առաջ մշակույթի նախարարությունը թույլ է տվել։ Զրուցել եմ նախարարության հետ, հիմա փորձում են գտնել հիմքերը, արդյոք օրինական էր ամեն ինչ արվել։ Բայց հաստատ հարևանները դիմումը չեն ստորագրել, միշտ միանշանակ դեմ են եղել, իսկ նման բաներ, նույնիսկ եթե հուշարձան չէ, առանց հարևանների հետ համաձայնեցնելու իրավունք չունեն ընդունել նույնիսկ դիմումի ձևով»,- ասաց նա։

Panorama.am-ը զրուցեց շենքի բնակիչներից Աշոտ Բալայանի հետ։

«Շենքն ունի երկու մուտք դեպի Աբովյան փողոց։ Առաջին հարկի բնակարաններից մեկը գնել են, փորձում են սարքել առևտրային նշանակության օբյեկտ։ Հաշվի առնելով, որ իրենք չունեն դեպի Աբովյան փողոց մուտք, փորձում են ընդհանուր մուտքի կողքի պատը ջարդել ու առանձին մուտք բացել։ Արդեն իսկ կտրել են պատը։

Արդեն կես տարի է պայքարում ենք։ Քաղաքապետարանը, մշակույթի նախարարությունը, թաղապետարանը, ոստիկանությունը տեղյակ են։ Նախանցած շաբաթ կանխել էինք ոստիկանության օգնությամբ, այսօր առավոտ նորից սկսել են մեջից քանդել։ Հաշվի առնելով, որ միջից են աշխատում, մենք իրավունք չունենք ներխուժենք ու կանխենք։ Սղոցով մեջից կտրել, դուրս են եկել»,- պատմեց շենքի բնակիչը։

Նա նշեց, որ հարևանների համոզմամբ օրինական չէ շենքի պատի քանդումն ու մուտք բացելը։

«Փորձում ենք հասկանալ, թե իրենց ինչ թույլտվություն են տվել։ Մենք համոզված ենք, որ իրենց թույլտվություն են տվել ներքին աշխատանքների համար, բայց այլ բան են անում։ Մենք չենք կարողանում մի մարմին գտնել, որը կգա ու կստուգի պրոեկտի և կատարվող աշխատանքների համապատասխանությունը։ Իսկ մեզ ցույց չեն տալիս, թե իրենց ինչ թույլտվություն են տվել։ Քաղաքապետերանն ինչ որ պրոկետի թույլտվություն տվել է, մշակույթի նախարարությունն ինչ որ պրոկետի համաձայնել է, բայց մենք չգիտենք՝ ինչ է։

Բացի այդ, հասարակ բան կա, եթե դուռ են բացում, օգտագործելով ընդհանուր մուտքը, պետք է լինի բնակիչների թույլտվությունը։ Մենք չենք տվել այդ թույլտվությունը։ Լիովին վստահ ենք, որ չունեն այդ թույլտվությունը։

Կոպիտ ասած՝ կոռուպցիոն թեմա է, կամ էլ տարբեր մարմինների անհամաձայնություն է, ամեն մեկը չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնի, իսկ սեփականատերն էլ օգտվում է այդ վիճակից, օրենք է խախտում ու առաջ գնում։

Մենք չգիտենք, թե ինչ են բացելու։ Վերցրել են բնակարան ու ուզում են սարքել ոչ բնակելի տարածք։ Ինչ պետք է սարքեն՝ կամ խանութ, կամ սրճարան կամ նման մի բան։ Համոզված ենք, որ մշակութային արժեք ունեցող շենքում առևտրային կետ բացելն անիմաստ է ու քաղաքին վնաս»,- ասաց Ա. Բալայանը։

Նրա խոսքով, մշակույթի նախարարությանը, քաղաքապետարանին, քաղաքաշինության կոմիտեին ուղղված նամակներն անպատասխան են մնացել։ Հոգնել են պետական մարմիններից, ցանկանում են մասնավոր փորձաքննություն անցկացնել ու պարզել, ինչ կարելի է, ինչ չի կարելի։

«Պետական մարմինները գալիս են, բանավոր ասում են չի կարելի, բայց երբ գրավոր պետք է տան, ասում են՝ ինչ-որ բան թույլատրել են։ Մենք ինֆորմացիայի պակաս ունենք։ Չենք հասկանում՝ ինչ անենք։ Աննորմալ վիճակ է»,- նշեց շենքի բնակիչը։

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունը վերջերս դիմել էր քաղաքացիներին՝ հուշարձանների ցուցակը ընդլայնելու համար:

Panorama.am -ի հարցին, թե՝ իսկ դա հաճոյանալու համար չէ՞, կտրուկ ժխտեցին: Այդ դեպքում ինչո՞ւ ցուցակում եղածը չի պահպանվում:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում