Նյութական արժեքները կարող են անբարո լինել

Նյութական արժեքները կարող են անբարո լինել

«Նյութական արժեք» ասելով` հասկանում ենք նյութից պատրաստված, ստեղծագործված արժեքավոր իրեր, ստեղծագործություններ, ինչպիսիք են մշակույթի, արվեստի ստեղծագործությունները, գլուխգործոցները: Նյութական արժեքներն ինքնին անբարո չեն, սակայն դրանց բովանդակությունը կարող է հակասել քրիստոնեական բարոյականության ընկալումներին կամ դրսևորման ձևերին, ինչպես նաև մեկի համար նյութական գերագույն արժեք է փողը, ինչը քրիստոնեկան ընկալմամբ արծաթասիրության մեղքի արտահայտումն է: «Բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է»,- ասում է առաքյալը (Ա Տիմ. 6-10):

Նյութի միջոցով դրսևորվող նկարչության, քանդակագործության մեջ կարող են պատկերվել մերկ մարդիկ կամ մարդկանց մերկության տեսարաններ, որոնց բացահայտ ցուցադրումն ընդունելի չէ քրիստոնեական տեսակետից: Անգամ կրոնական բովանդակությամբ նկարներ կամ քանդակներ ազատական մոտեցմամբ պատկերում են մերկ մարդկանց: Մինչդեռ այսպիսի մոտեցում չենք տեսնում քրիստոնեական վաղ շրջանի մշակույթի մեջ, որտեղ մանրանկարները կամ պատկերաքանդակները կատարված են միայն մարդկային կերպարների պատկերումով և դրանցով ասելիքի խորհուրդը վեր հանելու տաղանդով:

Սակայն Վերածննդի շրջանում նույնիսկ կրոնական բովանդակությամբ ստեղծագործություններն սկսեցին հակասել կրոնական որոշ գաղափարների վաղքրիստոնեական ընկալումներին, քանի որ այդ դարաշրջանը բերում էր վերածնունդը ոչ թե մշակութային վերելքի, այլ հեթանոսական ընկալումների և գաղափարների: Ըստ այդմ` կրոնական թեմայով ստեղծագործություններն արդեն պատկերում էին ոչ միայն աստվածաշնչյան դրվագներ, այլ հատկապես նպատակ ունեին դրանց միջոցով պատկերելու մարդուն, նրա մարմնի գեղեցկությունը, կառուցվածքը, ուժը, նրբությունը:

Դա է պատճառը, որ անգամ Քրիստոսին վերաբերող թեմայով Վերածննդի դարաշրջանի կամ այդ ոճով ստեղծվող նկարներում մարդիկ կիսամերկ են, կանայք դրսևորում են իրենց մարմնի մերկության տեսարանները: Ուրեմն, նյութական արժեքները կարող են անբարո լինել իրենց բովանդակությամբ:

Բարոյագիտությունը կամ էթիկան գիտություն է բարոյականության մասին. մարդը բարոյական ծնվո՞ւմ է, թե՞ դա ներարկվում է իր աշխարհայացքի մեջ գիտության, գիտելիքի միջով:

Մարդը ծնվում է առանց գիտելիքների և բարոյականության կամ դրան հակառակ պղծության հակումների: Հետագա դաստիարակության, գաղափարների ընկալման ժամանակ արդեն ձևավորվում են համապատասխան հակումներ: Պողոս առաքյալն ասում է, որ հավատը լսելուց է, իսկ լսելը քարոզելուց (Հռոմ. 10.14, 17): Առաքյալի խոսքն է նաև. «Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծու մարդը և պատրաստ` բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմ. 3.1617): Սա ցույց է տալիս, որ առանց ուսուցման մարդը կարող է մոլորվել, ընկնել մեղքի ծուղակը, քայլել անբարոյականության զարտուղի ճանապարհներով:

Հնում փիլիսոփաները վիճում էին այն հարցի շուրջ, թե առաքինությունն արդյոք բնածի՞ն է, թե՞ ձեռքբերովի: Այն օրինակն էր տրվում, որ բժշկություն իմացող մարդը բժիշկ է, բայց արդարություն իմացող մարդը կարող է և արդար չլինել: Ուրեմն, միայն իմացությունը բավարար չէ, այլ անհրաժեշտ է նաև կամքի դրսևորումը: Առաքյալի խոսքով` մինչև Քրիստոս մարդիկ օրենքի տակ էին, իսկ Փրկչի գալստից հետո` շնորհի (Հռ. 6.1415, Գաղ. 3.2426), այսինքն` մարդիկ օրենքի խիստ պատիժներից վախենալով է, որ պահպանում էին առաքինի ապրելակերպի շատ կանոններ:

Սակայն այժմ մարդը նաև կարող է շնորհը, կարողությունն ունենալ ոչ թե իրեն վախից զսպելու, այլ ներքնապես և ամբողջապես բարոյական ու առաքինի լինելու, որովհետև Քրիստոս ոչ միայն ուսուցանեց և ցույց տվեց ճիշտ ճանապարհը, այլև դրա հետ մեկտեղ շնորհներ տվեց վերափոխվելու և կարողություն ունենալու` աստվածահաճո կյանքով ապրելու և գործելու համար: Հետևաբար, բարոյականությունը կամ անբարոյականությունն ի ծնե չեն լինում, այլ ուսուցմամբ ու քարոզչությամբ, և բարոյականությունն ու առաքինությունը հաստատվում են աստվածային շնորհի գործակցությամբ:

Աղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում