Հանդիպումներ կան, որ դառնում են ճակատագրական

Հանդիպումներ կան, որ դառնում են ճակատագրական

Հանդիպումներ կան, որ դառնում են ճակատագրական, ճակատագրեր կան, որոնց կյանքը հանդիպեցնում է՝ որքան էլ որ խուսափես:
Սրտեր կան, որ բաբախում են միմյանց համար, որքան էլ հեռու լինեն իրարից, զարկեր կան, որ ազդարարում են հեռացում կյանքից. մի զարկ ու վերջ…
Երբ միայնությունդ լցվում է քեզանով, երբ բոլոր քայլերդ տանում են դեպ անորոշություն, երբ կողքիդ լինում է, կողքիդ նստում է ամեն մի անիմաստություն, իսկ գիրկդ մնում է դատարկ, սկսում ես հավատալ ոչնչի գոյությանը, գոյի ոչնչությանը…
Սկսում ես մաքառել սեփական նպատակներիդ ու երազանքներիդ աղյուս առ աղյուս բարձրացնելու համար, աղյուսներ, որոնցից յուրաքանչյուրը թրծված է արցունքով, աղյուսներ, որոնք մի մեծ պատի փշրանքներից են առաջացել, ցրիվ եկել: Փորձում ես միավորել, որպեսզի նորից պատ շարես ու նորից գլուխդ տաս այդ պատին…
Եվ այդժամ սկսում ես նախանձել թռչուններին, որոնք պատերից վեր են…
Լինել թռչուն հնարավոր չէ, բայց զգալ, այն ինչ նա է զգում ճախրելոիս, մեկ-մեկ ստացվում է, եթե թևերդ ուժեղ են, երբ չես վախենում բարձրությունից, ոչ էլ հպարտանում ես հասածդ բարձունքի անմատչելիությամբ:
Հանդիպումներ կան, որ դառնում են ճակատագրական, երբ հանդիպում ես թռչնին, քանի որ վաղ թե ուշ նա թռչելու է. կամ պետք է զգաս ինչ-որ նա է զգում, կամ վայր կընկնես ցավոտ բարձրություններից:
Եվ ոչ մի ճակատագրեր էլ չկան, կաս ինքդ ու մնացածը, ովքեր երկինքներ են, որոնցում կարող ես կամ ճախրել կամ էլ գահավիժել շարածդ պատերի վրա:
Մի զարկ ու վերջ…

Դավիթ ՍԱՄՎԵԼՅԱՆ
Հատված «Ռոդենի ձմեռը» գրքից, Հավելված 2

Հետևեք մեզ նաև Telegram-ում