Փարավոն Միրզոյան. «Իրավիճակ է փոխվել, բայց որ ասեմ` ամեն ինչին համաձայն եմ, սխալ կլինի»

Փարավոն Միրզոյան. «Իրավիճակ է փոխվել, բայց որ ասեմ` ամեն ինչին համաձայն եմ, սխալ կլինի»

Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը` խոսելով Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Այս հեղափոխությունը, որի հիման վրա ստեղծագործություն ունեմ, ինձ շատ ոգեւորեց: Ինքս էլ մասնակից եմ եղել ու կարող եմ պարծենալ, որ երկրում մթնոլորտ ու իրավիճակ է փոխվել, բայց որ ասեմ` ամեն ինչին համաձայն եմ, սխալ կլինի:

Չի կարելի` ամեն տեղ ինչ-որ մարդկանց նշանակել կամ առաջարկել, որոնք ղեկավարման փորձ չունեն: Կառույցներ կան, որտեղ փորձառու մարդիկ պետք է ղեկավարեն: Ինձ համար զարմանալի է, որ, օրինակ, խորհրդական են ընտրում իրենցից ավելի ցածր կրթություն կամ հմտություն ունեցող մարդկանց, ախր ի՞նչ խորհուրդներ նրանք պետք է տան:

Ինչ վերաբերվում է քաղաքապետարանին, Երեւանը ղեկավարող մարդը պետք է նախ քաղաքը շատ սիրի, շատ մեծ փորձ ունենա: Կարող է մարդը լավ տղա է, լավ երգիչ է, լավ դերասան է, բայց պետք է կյանքի եւ ղեկավարման փորձ ու կուլտուրա նույնպես ունենա: Հեշտ չէ Երեւանի նման քաղաք ղեկավարելը: Բնավ պարտադիր չէ, որ անպայման կուսակցական լինի»:

Նկարիչը տարակուսանք է հայտնում. «3 միլիոնանոց ժողովուրդն ինչու պետք 30 կուսակցություն ունենա, կադրեր ընտրելիս պետք է պրոֆեսիոնալիզմն ու փորձը հաշվի առնել, ոչ թե բարեկամ ու ծանոթ լինելը: Թե չէ նշանակում են մարդկանց, որ չգիտես, թե ինչպես պետք է մեր երկիրը ներկայացնեն համաշխարհային կառույցների առաջ: Նման բաներին պետք է ավելի լուրջ մոտենալ: Մենք մի հրաշալի քայլ ենք արել, հանկարծ նահանջ չունենանք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում