Կարոտ և սպասում

Կարոտ և սպասում

Հրեշտակներ չեկան քո հոգին փրկելու
Կամ գոնե՝ մարմինդ:
Նրանք ամուր փակեցին առասպելների դռները,
և դու ստիպված հավատացիր,
որ գոյություն չունեն նրանք:
Ծովի ընկերությունը քեզ մատուցվեց
որպես հարգանք:
Դու նայեցիր ավազին և մտածեցիր՝
ինչ երկար է ճանապարհդ:
Դու հենց այդպես մտածեցիր նաև,
երբ քայլում էիր ծովի երկայնքով:

Հետո ճայերի անտանելի ձայները հասան քեզ:
Իսկապես, ի՞նչ լավ բան կա այդ ամենի մեջ:
Ներիր ինձ, ես արդեն կանոնավոր չեմ սափրվում,
չէ՞ որ դու իմ մասին ավելի մեծ կարծիք ունես:

…Բայց դու ամեն օր
բաց ես թողնում քո լուսամուտները,
որովհետև հաստատ հավատում ես,
որ կգան նրանք,
որոնց անգոյությանն էլ ես
հաստատ հավատում …

Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում