«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման խոսակցություն երբևէ տեղի չի ունեցել իմ և Արմեն Խաչատրյանի միջև» Տեր Մինաս ավագ քահանա Մարտիրոսյան

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման խոսակցություն երբևէ տեղի չի ունեցել իմ և Արմեն Խաչատրյանի միջև» Տեր Մինաս ավագ քահանա Մարտիրոսյան

Հուլիսի 28-ին Երևան քաղաքի Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած եկեղեցամերժ ցույցի ժամանակ ցուցարար Արմեն Խաչատրյանը (նախկինում` հայր Եղիա) իմ անունից հայտարարություններ է տարածել: Վերջինս հայտարարել է, որ տարիներ առաջ իր և իմ` տեր Մինաս քահանա Մարտիրոսյանիս միջև կայացած զրույցի ընթացքում ես իբրև թե իրեն ասել եմ, որ դպրանոցի ներկայիս վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (ավազանի անունը` Արման) դպրանոցում ուսանելու տարիներին եղել է անկարգ սան, և իր (Արմեն Խաչատրյանի) հարցին, թե այդ դեպքում ես, որպես դպրանոցի տեսուչ, ինչու՞ չեմ հեռացրել նրան դպրանոցից, իբր թե պատասխանել եմ, որ Արման Սարոյանը կաթողիկոսի քրոջ որդու` Հայկ Պռոշյանի (ներկայումս` Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան) ընկերն է, ուստի այդ պատճառով ի զորու չեմ եղել նրան հեռացնել:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման խոսակցություն երբևէ տեղի չի ունեցել իմ և Արմեն Խաչատրյանի (նախկին հայր Եղիա) միջև, և վերջինիս կողմից իմ անձին եղած բոլոր վերագրումները լկտի սուտ և հերյուրանք են: Նախ ուզում եմ հստակ ընդգծել, որ Արման Սարոյանը (ներկայումս` Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) իմ տեսչության տարիներին անկարգ սան չի եղել և ընդհանրապես նրան դպրանոցից հեռացնելու որևէ պատճառ չի եղել: Երկրորդ հանգամանքն այն է, որ Գարեգին Բ Կաթողիկոսը Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ուսանելու տարիներին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն է եղել` Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, ոչ թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հետևաբար ես չէի կարող խոսքի մեջ շեշտել, թե Արման Սարոյանը կաթողիկոսի քրոջ որդու ընկերն է եղել: Այդ տարիներին Գարեգին Սրբազանը (Գարեգին Բ Կաթողիկոսը) եղել է Վազգենյան հոգևոր դպրանոցի վերատեսուչը, ում՝ բոլոր սաների հանդեպ անաչառ և անկողմնակալ վերաբերմունքը շատ հստակ է եղել:

Իհարկե տեսչական բազմամյա ծառայության փորձառությունն ինձ հուշում է, որ Արմեն Խաչատրյանի կողմից թերևս փորձ է արվելու այս հերքումը ներկայացնել իբրև պարտադրված մի գրություն: Ուզում եմ նրան խորհուրդ տալ, որ թույլ ճշմարտությունն առավել արժեքավոր է, քան պարարտ սուտը:

Տ. Մինաս ավագ քահանա Մարտիրոսյան
Փոխտեսուչ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի

30.07.2018թ.

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում