Աղոթք նեղության մեջ, աղոթքի անպատասխան մնալու մասին

Աղոթք նեղության մեջ, աղոթքի անպատասխան մնալու մասին

Սուրբ Իսահակ Ասորին ասում է. «Մինչև քեզ վրա նեղություն գալն աղոթիր Աստծուն և դժբախտության ժամանակ կգտնես Նրան, և Նա քեզ կլսի»: Ինչո՞ւ նեղությունից ազատվելու համար աղոթել մինչև նեղ իրավիճակում հայտնվելը: Իսկ եթե ես անմեղ եմ, և ինձ հետ դժբախտությո՛ւն է պատահել:

Եկեղեցական Հայրերն ուսուցանել են, որ մարդ միայն նեղության ժամանակ չպետք է աղոթի Աստծուն, այսինքն` միայն նեղության ժամանակ չէ, որ պետք է Աստծո հետ հաղորդակցվել, այլ միշտ, որովհետև Աստված մեր երկնավոր Հայրն է և ոչ թե մի միջոց, որով մենք ուզում ենք մեր ցանկությունները բավարարել կամ դժվարին իրավիճակները թեթևացնել: Սա նշանակում է, որ Աստծո հետ կենդանի և սիրառատ հաղորդակցություն է պետք շահադիտական գործողությունների փոխարեն:

Մարդու համար սխալ է ասելը, թե ես անմեղ եմ, և ինձ դժբախտություն է պատահել: Մարդը մեղքեր է գործում կյանքի ընթացքում մտքով, խոսքով կամ գործով: Հետևաբար, մարդ չի կարող ասել իր մասին, թե` ես սուրբ եմ և մեղք չեմ գործել: Անգամ սուրբ Գրիգոր Նարեկացին երբեք չի խոսում իր սրբության մասին, այլ իր մեղավորության, և իր «Մատյան ողբերգության» ողջ շարադրանքի մեջ մեղքերի թվարկումով Աստծո ներումն ու ողորմությունը խնդրում:

Երբեմն մարդը կարող է մտածել, որ որևէ նեղության մեջ ընկնելը համարժեք չէ իր կերպարին, քանի որ դա անարդար է իր հանդեպ: Սուրբ Եփրեմ Ասորին ուսուցանում է, որ ամեն ինչում, անգամ անարդար թվացող նեղության, պատժի մեջ կա Աստծո նախախնամությունը և խրատական գործողությունը: Նա իր օրինակով է բացատրում:

Երբ մի մարդու ունեցվածքի` կենդանիների առնչությամբ սադրանք կազմակերպելու անհիմն մեղադրանքներով բանտ է ընկնում, այստեղ հայտնություն է լինում նրան, որ նախկինում գործած մի այլ մեղքի` մի աղքատի կովին հալածելու և մահվան հասցնելու, այդ մարդուն ունեցվածքից զրկելու համար է պատժվելով խրատվում:

Սա նշանակում է, որ նեղության մեջ չպետք է տրտնջանք, այլ Աստծո օգնությունը խնդրենք, Աստծո ներումը հայցենք, քանզի այդ ժամանակ, ըստ Պողոս առաքյալի` Աստված փորձության հետ նաև ելք պիտի ցույց տա (Ա Կորնթ. 10.13):

Աղոթքի անպատասխան լինելու մասին. ինչո՞ւ են աղոթքները երբեմն անպատասխան մնում:

«Անպատասխան աղոթք» արտահայտությամբ նկատի ունենք, որ Աստծուն ուղղված որոշ խնդրանքներ չեն իրականացել: Աստված միշտ չէ, որ անմիջապես արձագանքնում է աղոթքներին, խնդրանքներն իրականություն դարձնում:

Պատճառները մի քանիսն են. խնդրվածները արժանավոր բաներ չեն, կամ դեռ բարենպաստ ժամանակը չի եկել այդ խնդրանքների իրականացման համար, կամ դեռ չենք հասել այն բարձրության, որով հնարավոր կլիներ ընդունել խնդրանքների պատասխանները, և կամ էլ մեր խնդրանքների իրականացումը կարող է մեզ վնասել, և դրա համար է, որ Աստված անպատասխան է թողնում այդ աղոթքները:

Այնուամենայնիվ, եթե աստվածահաճո բաներ ենք խնդրում, պետք է խնդրենք Աստծո հանդեպ պատշաճ վերաբերմունքով, Աստծուն պարզ միջոց չնկատելով մեր խնդրանքների իրականացման համար, այլ Նրան վերաբերվելով որպես սիրող Հոր:

Երբ մեր լավ ու առաքինի խնդրանքներով մեր աղոթքներն անպատասխան են մնում, ապա պետք է շարունակել աղոթելը: Դա է մեզ սովորեցնում անիրավ դատավորի ու այրի կնոջ մասին առակը (Ղուկ. 18.18), ինչպես նաև քանանացի կնոջ մասին ավետարանական պատմությունը (Մատթ. 15.21-28):

Քրիստոս չէր կատարում կնոջ խնդրանքը` դստերը բուժելու, բայց կինն այնքան աղաչեց, որ պատասխան ստացավ և գովեստի արժանացավ Քրիստոսի կողմից: Քրիստոս ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը, թող քեզ լինի` ինչպես որ կամենում ես»:

Աղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում