Սոնան ու դաշնամուրը

Սոնան ու դաշնամուրը

Վա՜յ, այս ինչ ձայն է,
այս ինչ աղմուկ է,
էլի Սոնա՞ն է
կողքի սենյակում,
դաշնամո՞ւր է նա
էլի նվագում…

Հիմա ի՞նչ ձայն է,
ի՞նչ ձայն է գալիս.
կողքի սենյակում
Սոնան է լալիս:
Եվ մայրիկին է
կանչում, բողոքում,
թե ինչու՞, ինչու՞
դաշնամուրն համառ
լավ է նվագում
քույրիկի համար,
իսկ երբ Սոնան է
մոտենում նրան՝
աղմուկ է հանում
խոզուկի նման…
-Ասա՛, մայրիկ ջան,-
լալիս է Սոնան,-
ի՞նչ վատություն եմ
արել ես նրան…

Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում