«Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնին այս տարի կներկայացվի հարսանեկան ու ծիսական զգեստներ

«Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնին այս տարի կներկայացվի հարսանեկան ու ծիսական զգեստներ

Oգոստոսի 4-ին Երևանի Հյուսիսային պողոտայում արդեն 4-րդ անգամ կանցկացվի «Երևան ՏԱՐԱԶֆեստ» քաղաքային զբոսաշրջային փառատոնը: Երևանի քաղաքապետի օգնական, քաղաքապետարանի տուրիզմի բաժինը համակարգող Մարիա Բարաղամյանն այսօր լրագրաղների հետ հանդիպմանն ասաց, որ այս տարի ևս այն բաղկացած է լինելու երկու մասից:

«Առաջին մասը, ավանդույթի համաձայն, ազգային մշակույթի, հայկական ապրանքանիշերի, ժողվարպետների աշխատանքների ցուցադրությունն է լինելու: Անցկացվելու է նաև Հայաստանում գործող ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների, դեսպանությունների կողմից ներկայացվող ապրանքների ցուցահանդես-տոնավաճառ, իսկ երկրորդ մասում կներկայացվեն հայ դիզայներների տարազային բաղադրիչ պարունակող արդի հավաքածուները»,- ներկայացրեց նա։

Բարաղամյանի խոսքով՝ փառատոնի շրջանակում ներկայացվում է հայկական մշակույթը, ազգային հագուստը։

«Պատրաստվում են փառատոնին ներկայանալ նոր հավաքածուով, որն ամբողջությամբ հայկական նախշազարդերով է: Մեր նպատակն է հանրության լայն շրջանում ներկայացնել մեր ազգայինը, որին դիզայներները նոր շունչ են հաղորդում: Մենք այդ առումով այնքան մեծ հարստության տեր ենք, որ պարզապես իրավունք չունենք այդ նախշազարդերը չտեղափոխել նոր հագուստի վրա»,-հայտնեց ասուլիսին ներկա «Տարազ ԷյԷմ» ազգային նորաձևության սրահի հիմնադիր տնօրեն, դիզայներ Սվետլանա Հակոբյանը։

Դիզայներ Գևորգ Շադոյանն էլ նշեց, որ այս տարի ներկայացնելու է երկու մասից բաղկացած հավաքածու. «Իմ նախորդ հավաքածուն նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, երբ հագուստների վրա տեղ էին գտել տարբեր համայնքների, գավառների նախշազարդեր: Այն անվանակոչել էի «Վերածնունդ»: Այս տարի իմ հավաքածուն, որը կոչվում է «Հաղթանակ», նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակին: Ես որոշեցի ներկայացնել հագուստներ երկու հավաքածուներից էլ՝ «Վերածնունդ»-ից դեպի «Հաղթանակ»։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում