Արտահերթ ջրհեղեղ

Արտահերթ ջրհեղեղ

Հարմարվենք ջրին և վարժվենք ապրել նրա խորքերում,
ամեն օր գոնե կես ժամ պառկենք ջրով լի վաննայի
հատակին և հետո չեք էլ նկատի, թե կեսն ինչպես
կդառնա մի ժամ, ապա երկու, երեք… և հանկարծ
կզգաք, որ ջրի տակ շնչում եք չգիտես, թե երբ
ձևավորված խռիկներով, և հետո այլևս չեք ուզենա
դուրս գալ ջրի երես… Հարմարվեք ջրին և վարժվեք
ապրել նրա խորքերում, շտապեք, որովհետև շուտով
բոլոր ծովերը կմիանան, բոլոր օվկիանոսներն ու լճերը,
գետերն ու գետակները… Եվ միայն երջանիկ
նորածինները հարմարվելու կարիք չեն զգա` կծնվեն
հարմարված և անմիջապես կհեռանան խորքերը ջրի,
հուսահատության մատնելով բարեպաշտ ծնողներին,
որոնք երազում էին դաստիարակել նրանց և դարձնել
հայրենի երկրի օրինավոր քաղաքացի, որը երբեք չի
խախտի փողոցային երթևեկության կանոնները և
հավատարիմ կմնա բիզնեսի տասը պատվիրաններին`
մի շնանա, մի սպանիր, մի խաբիր, մի ստիր իրավապահ
մարմինների աչքի առաջ, և ընդհանրապես, ստուգիր
դրամը առանց դրամարկղից հեռանալու, մինչև
վերջնականապես չհամոզվես, որ գանձապահը
անշնչացած է… և ամենակարևորը, ինչքան ուզում եք
սիրեցեք զմիմեանս, բայց երբեք չմոռանալով, որ միայն
հայրենական արտադրության ապահովիչներն ու
կարմիր խնձորներն են փրկելու մեր ազգը 20, 21 և
հետագա բոլոր դարերի ժանտախտներից… Ինչևէ,
հարմարվենք ջրին և վարժվենք ապրել նրա խորքերում,
հոգեպես պատրաստ լինենք դիմագրավելու բոլոր
անակնկալները, և սա հատկապես վերաբերում է
երաշտից հավերժ տառապող հողագործներին, որոնք
կարող է ցնորվեն ջրի այդ անսպասելի առատությունից
և չդիմանալով ծովից-ծով երջանկությանը, խրվեն
հարբեցողության մեջ և գարնանացանը տապալեն
սիլիկոնե ստինքներով ջրահարսերի հմայքներով
պարուրված… Ահա, տեսնում եմ օրը` անափ, անծայր
օվկիանոս, իսկ ջրերի երեսին լող են տալիս ցանուցիր
հիշողություններն անցյալի` դասական գրականությամբ
լի գրապահարաններ, տան վարձի գրքույկներ, վերջին
սերնդի համակարգիչներ, սիրային նամակներ, վարկային ներդրումներ, կոլեկտիվ բողոքներ, մարդահամարի
տվյալներ, և ղեկը կորցրած մի նավ` բերնեբերան լցված
պրեզիդենտներով, նախարարներով, սենատորներով
և այլ բարձրաստիճան այրերով, որոնք գիրկընդխառը
լալիս էին իրենց կորուսյալ երկրների, փոխադարձ
այցելությունների, արդյունավետ բանակցությունների,
երկուստեք շահավետ ծրագրերի, անվերջ բարեփոխվող
սահմանադրությունների, ահաբեկչության դեմ միասնական
պայքարի, նախընտրական խոստումների, բուռն,
երկարատև ծափահարությունների համար… Թշշալով
հանգել են դժոխքի բոլոր կարասները:
Իսկ ո՞ւր է դրախտը,- հարցնում է մի հավատացյալ
քաղաքացի, թաց մորուքով քահանային` երկուսն էլ
գերանից կառչած.
Այդ միայն Նա գիտե, զավակս, – պատասխանում է
քահանան…
Իսկ Նա սովորականի պես անշտապ քայլում էր
ջրերի վրայով` բարձրահասակ, գեղեցիկ… Եվ ի՞նչն է
հետաքրքիրը` զարմանալի բարի ու պայծառ ժպիտ էր
փայլում դեմքին, զարմանալի բարի ու պայծառ…

Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում