Խոզն ու եզը

Խոզն ու եզը

Խոզն ի՞նչ գլուխ ունի, որ ինչ զրից տա,
Բայց մեկ օր եզին սկսեց խրատ տալ նա։
Խոզ ու խրատ՝
Տո անհավատ։
Լսի՛ր՝ սի՛րելի՝ սատանին նալաթ․
Խոզ փիլիսոփա քի՞չ կան՝ բե՛մուրվաթ։
«Իրավ որ եզն ես՝ հո սուտ չեն ասում
Մարդիք ու կապում, լծում քեզ, տանջում։
Արաբա ու սելն՝ քո բեռն ու բաժին.
Վար ու ցանք, քութան միշտ քո շըլնքին։
Ախըր խերդ ի՞նչ ա, կուզեմ իմանալ.
Շատ օր սոված ես դու կալսում մեր կալն։
Տուն որ գալիս ես՝ մեկ բուռը խոտ էլ
Չեն ուզում քեզ տան։ Քո բերած մալն էլ
Ձեռիցըդ խլում, քեզ մաղբուն անում,
Իրանք վայելում, քեզ սոված թողում»։-
«Մարդի հախիցը էդպես չեն վեր գալ.
Քանի ձեռիցդ կգա, քե՛զ հալալ։
Քանդիր գյոռբեգյոռ մարդի տունն ու տեղը,
Ծծի՛ր նրա արինն, քամի՛ր նրա եղը։
Ոտնատակ արա՛, քանդի՛ր հանդն ու բաղը,
Կե՛ր նրա մասիլն, հանի՛ր աչքի պտուղը,
Ո՛չ հավին խնայի՛ր, ո՛չ նրա ճվին։
Ի՞նչ ես հարցնում, մարդ միշտ իր գլխին
Պետք է հանապազ մուղայիթ կենա,
Աշխարքը դմակ, ձեռըդ դանակ ա,
Որդիանց հասնի, կե՛ր, ու փորդ արա՛։
Ո՞վ ըլի, ըլի, ի՞նչ ես ֆիքր անում,
Էսպես էկել ա աշխարն՝ էսպես գնում։
Թե տեսնող ըլի, գլուխդ էլ կախ քցիր,
Ինձ պես խռնչալով գնա՛, հեռացի՛ր։
Կատվի ձագ գտնիս, թե հավի ճուտը,
Կե՛ր ու քեֆ արա՛, թո՛ղ էրվի սիրտը։
Տանն էլ մի մնար, որ մեկ խոսք ասեն,
Դուս արի, գնա՛, որ խիալ չանեն։
Օրն հազար մարդի տուն էլ որ քանդես,
Էլի դեռ քիչ ա, որ լավ մտածես»։-
Էսպես եմ արել, էսպես չաղացել
Որ ճրաքուս էկել, աչքերս լցվել։
Դու էդպես փեդի նման չորացել,
Շունչդ դուս կգա, թե մեկ փչեն էլ։
Տեսնինք, ո՞վ ա քեզ ասում՝ ա՛ֆարիմ.
Կամ ինձ բազուխաստ անում, որ պատժվիմ.
Ասած է՝ հաստ ու բարակն է մեկ գին.
Վա՜յ ու հազար վա՜յ բարակ մանողին»։-

Խոզն իր խոզությունն ձեռից չի թողալ։
Մեր եզն սկսեց իր բերանը բանալ։
«Ցեխն ա քո ջանը, գնաս տաս թավալ.
Հալբաթ որ էդպես կուզես դու խոսալ։
Ի՞նչ օգուտ ունի էն քաղցր արեգակն,
Կամ էն՝ երկնքի պայծառ լուսնիակն,
Որ լիս են տալիս, իրանք մեր մտնում,
Մեզանից մեկ քաղցր խոսք էլ չեն լսում։
Կամ անբան երկիրն ո՞ւմնից խեր ունի.
Որ հազար բարի տա ամեն տարի։
Անձրևը գալիս, արևը բացվում,
Սար ու ձոր էնպես ցնծում, ու ծաղկում։
Էն խեղճ մեղրաճանճն էլ որ չի քնում,
Աղքատ, հարստի բերան քաղցրացնում։
Վարդն՝ որ իր հոտը չի պակսացնում,
Ծառն՝ որ իր պտուղն ինքը չի՛ ուտում։
Հողը ծառին է նյութ տալիս, պահում,
Ծառը հողին միշտ շվաք անում, սիրում,
Երկինքն անձրևն ա փայ տալիս երկրին,
Երկիրն ծովերիցն բարձրացնում ամպին։
Սրանք որ չեն ուզում, իրանց մենք պաշտենք,
Ընչի՞ չի պետք է մեկ խեր էլ տանք մենք։
Ի՞նչ վնաս ունիմ, որ ես աշխատում,
Հազար որբ, խղճի կարիքն լցնում,
Էս առողջ ջանը էլ ո՞ւր ա տվել
Աստված՝ որ չուզեմ բանի պետք ածել։
Էն երկրի խոտը ի՞նչ սրտով ուտեմ,
Էն աղբրի ջուրը ի՞նչպես ես խմեմ,
Որ աշխարքումս բանի պետք չգամ,
Ի՛մ գլխիս նայիմ, ի՛մ ցավս հոգամ։
Ես հո իմ փորի հմար չեմ աշխատում՝
Որ կերն պակսելիս՝ լամ ու տրտնջամ,
Սրբերին էլ ի՛նձ են մատաղ անում,
Ով մեկ մեծ մուրազ ունի իր սրտումն։
Ամա քե՛զ՝ անբա՛ն,
Թուրքն էլ չի սիրում, ջհուդն հո ատում։
Ո՛չ գառն ա հետդ ման գալը ուզում,
Ո՛չ կով ու ոչխար իրանց մեջ թողում։
Ով մեկին մեկ մատ անուն է դնում,
Խո՛զ է ասում նրան, կամ գոջի կանչում։
Քրիստոնեն էլ որ քեզ տուն է թողում,
Թուրքի, ջհըդի ջգրու է անում։
Մեյդան դուս գալիս, շունն էլ վրեդ հաչում։
Մեր հացն որ չուտես՝ կարո՞ղ ես ապրիլ,
Որ էդպես ռեխդ սկսում ես ցրվիլ։
Խոզինը ցեխն է կամ մուռտառ տեղը,
Լավ միտքն ե՞րբ կընկնի նրա խելքն, ղուղը։
Դու լագոդներիդ՝ է՛դ խրատը տու՛ր,
Որ տնաքանդություն անեն, հասնին ուր։
Ես իմ աշխատանքն ձեռից չեմ թողալ,
Քանի շունչ ունիմ ու խեր կարեմ տալ,
Իմացողի հմար ես չեմ աշխատում,
Խեր տալն եմ ուզում, տեսնում, մխիթարվում»։-

Խաչատուր ԱԲՈՎՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում