Գրենոբլը օրեր շարունակ դարձել էր երաժշտական խառնարան` համախմբելով տարբեր երկրների, մշակույթների, նախասիրությունների տեր երիտասարդներին

Գրենոբլը օրեր շարունակ դարձել էր երաժշտական խառնարան` համախմբելով տարբեր երկրների, մշակույթների, նախասիրությունների տեր երիտասարդներին

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում հուլիսին կայացավ DIVERCITES միջազգային փառատոնը, որին մասնակցում էին մեկ տասնյակից ավելի երկրների երաժիշտներ:

Հայաստանը ներկայացնում էր Սևան քաղաքը: Սևանցի երիտասարդներն արդեն 4-րդ անգամ են մասնակցում մշակութային ինքնատիպ երկխոսությանը:

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքը, քույր քաղաքներ կարգավիճակով, համագործակցում է աշխարհի 20 քաղաքների հետ: Ապակենտրոնացված ցանցի գործարկման լավագույն և արդյունավետ միջոցներից է նաև երաժշտական փառատոնի անցկացումը, որն ունի 13-ամյա կենսագրություն, անցկացվում է 2 տարին մեկ անգամ և կրում է DIVERCITES /բառացիորեն` բազմազանություն/ անվանումը:

Փառատոնն իր տեսակի մեջ լինելով եզակի և ինքնատիպ` նաև հավակնոտ է, որը փորձում է համադրումների միջոցով ստանալ մի նոր որակ:

Սևանցի 5 երիտասարդները հարուստ տպավորություններով, հետաքրքիր ծրագրերով վերադարձել են տուն և փորձում են այստեղ էլ կյանքի կոչել երաժշտական հետաքրքիր նախագծեր:

DIVERCITES երաժշտական փառատոնի, Գրենոբլում անցկացրած օրերի և տպավորությունների մասին զրուցում եմ մասնակիցներից Մանե Սերգոյանի հետ:

«Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև կան և նմանություններ և տարբերություններ: Մենք մեզ լավ ենք ճանաչում, իսկ ֆրանսիացիներին պետք է ճանաչել իրենց հայրենիքում: Նրանք բարեհամբույր են, շատ ջերմ, սիրում են շփվել, ծանոթանալ և ընկերանալ: Զարմանալի է, սակայն երբ հայտնվում ես այլ միջավայրում, որտեղ մարդիկ ապրում են այլ կերպ, թվում է` չես տեղավորվելու քեզ չես գտնելու: Սա առաջին հայացքից, սակայն մեկ-երկու օրը բավարար է կարծիքդ փոխելու համար: Քիչ ժամանակ է պետք հասկանալու համար, որ բոլորս առաջին հերթին մարդ ենք, ունենք նույն զգացմունքները, նույն վախերը, ուրախանում ու տխրում ենք նույն կերպ` անկախ արժեքներից և ապրելակերպից: Երևի թե ամենամեծ տարբերությունը խոհանոցն էր, ընդհանրապես սննդի մշակույթը. մենք` հայերս, սնվում ենք բացարձակ այլ կերպ, ֆրանսիացիները` այլ»,- իր տպավորություններն է կիսում Մանեն:

Գրենոբլյան փառատոնը հետաքրքիր ձևաչափ ունի. նախօրոք` ոչ մի պատրաստված համար, ամեն ինչ համադրվում է տեղում և ստեղծվում օրերի ընթացքում:

Նախորդ տարիների փորձն էլ հուշում էր, որ հերթական փառատոնին պետք է պատրաստվել հավուր պատշաճի, կարողանալ մյուս ժողովուրդների մշակույթին համադրել հայկականը, տարբեր երկրներ ներկայացնող երիտասարդների հետ ստեղծել բարեկամական հարաբերություններ:

Մանեն կարճ ժամանակում ստեղծել էր իր շուրջը բարեկամական և ընկերական լավ հարաբերություններ, որոնք էլ օգնեցին փառատոնի գալահամերգի օրը հանդես գալ ազատ ու անկաշկանդ տարբեր երկրների երաժիշտների հետ:

«Փառատոնին նախորդող օրերն ուղղակի սեր էին. սեր` բառի ուղիղ իմաստով, երբ 11 երկրներից ժամանած տարբեր երաժշտությամբ ապրող երիտասարդներ մեծագույն սիրով, համբերատարությամբ, մեկը մյուսին օգնելու ցանկությամբ աշխատում էին երգ ու երաժշտության մեջ, ապրում դրանով և արարում այն,- հիշում է Մանեն գրենոբլյան օրերը և շարունակում:- Երբ 11 օր անդադար աշխատում ես, պահեր են լինում, որ հոգնում ես, զայրանում, հետո նորից հավաքվում ու սկսում փորձերդ: Այդ ժամանակ անգամ չես էլ կարող պատկերացնել, թե օրերի գերծանրաբեռնված աշխատանքի արդյունքն ինչ է լինելու և ինչ բավականություն ես ստանալու: Իսկ համերգի օրը, երբ ականատեսն ես դառնում պրոֆեսիոնալիզմի, տեսնում ես բեմը, մարդկանց բազմությունը, երաժիշտ ընկերներիդ հարդարված տեսքը, ողջ ներաշխարհդ լցվում է էմոցիաների ու դրական լիցքերի տեղատարափով: Ելույթի ժամանակ բեմից սեր էր կաթում, իսկ հանդիսատեսից ստանում էինք էլեկտրական լիցքերի հարվածներ, ու դա հրաշալի էր»:

Գրենոբլը օրեր շարունակ դարձել էր երաժշտական խառնարան` համախմբելով տարբեր երկրների, մշակույթների, նախասիրությունների տեր երիտասարդներին:

Այս փառատոնը ևս մեկ պատեհ առիթ էր` ներկայացնելու մեր արժեքները, խոսելու հայի և Հայաստանի մասին, միաժամանակ աշխարհին ներկայացնելու Սևանը: Սևանն այլևս դուրս է եկել իր փոքրիկ տնից, և յուրաքանչյուր նմանատիպ ձեռնարկ ազդակ է եվրոպական ընտանիքին ինտեգրվելու, մշակութային առավել մեծ սահմաններ գծելու համար:

Մանեն ոչ միայն իր, այլ նաև ընկերների տպավորություններն է ներկայացնում, որոնք շատ ջերմ են ու տաք: «Պրոֆեսիոնալ անձնակազմ, հրաշալի երկիր, բազմաթիվ նոր ընկերներ: DIVERCITES երաժշտասեր և երաժշտությամբ ապրող մարդու համար է: Պետք է խոստովանել, որ աշխարհում ամենահամախմբող, սեր քարոզող, լեզու, ազգություն և կրոն չճանաչող ուժը երաժշտությունն է: Կարող ես չտիրապետել տվյալ երկրի լեզվին, կարող ես չխոսել մի քանի լեզուներով, հերիք է իմանաս մեկը, ապրես ու զգաս մեկով, որի անունն է երաժշտություն»:

Հավելենք, որ Սևանը ներկայացնող երիտասարդների ընտրությունը կատարվել է Սևանի համայնքապետարանի կողմից: Սևանը` որպես Գրենոբլ քաղաքի գործընկեր համայնք, որն ունի 14-ամյա կենսագրություն, պատասխանատվությամբ է մոտենում այս փառատոնին, և ընտրությունն էլ կատարվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա Հայաստանը մշակութային այս ինքնատիպ հարթակում ներկայացնելու լավագույն հնարավորություն է:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում