Իմ երազներում․․․

Իմ երազներում․․․

Իմ երազներում դու շատ համառ ես ու շատ համարձակ,
Հիմա կոստյումով, թանկ պարֆում բուրող ոմն պաշտոնյա:
Քո երազներում հեթանոս կնոջ նման եմ արձակ,
Հիմա՝ էլեգանտ, գլամուր ոճով հագնված դամա:

Պատահական չենք ընտրում մեր սրտի մարդուն, այլ նրան,
Ում կերպարն արդեն փայփայել ենք մեր մտքի ծալքերում,
Մենք հավանեցինք իրար հենց սկզբից, աննախապայման,
Քանի որ վաղո՜ւց տեսնվել էինք մեր երազներում:

Ցերեկն անխռով, ցերեկը մի զուսպ դիմակ կա դեմքիս,
Դո՛ւ էլ լավ գիտես ցերեկը շրջել դիմակով խաղաղ,
Բայց դիմակիս տակ ձեռքեր է առել կարծես թե ոգիս,
Օձիքդ հավաքել ու թափ է տալիս իշխող ու անվախ:

Ինձ համար պարզ է, հասկանում եմ, որ երազները մեր,
Բեմադրում ենք մեր ուղեղներում, սցենարով սրտի,
Գիշերը հեշտ է, բեմ ենք բարձրանում առանց հրավեր,
Բայց ցերեկն օտար կողք-կողքով անցնում քաղաքավարի:

Հայացքումդ լուռ մի օր երազիդ տեքստը կարդացի,
Հասկացար, որ նույն ներկայացումը տեսել եմ ես ել,
Ինձ երազել ես առանց շլյապա, առանց ակնոցի,
Առանց կոստյումի, առանց փողկապի քեզ եմ երազել:

Այնպես ճմշող ենք ցերեկը զգում հանդիսատեսին,
Ուստի խաղը մեր կտրուկ փոխում է իր լրջությունը,
Աչքով արեցիր, ժամադրվեցինք, նայեցինք լուսնին,
Բոլորից անտես երազո՛ւմ կանենք մեր խենթությունը:

Հենց այնպես երազ չի տեսնում ոչ ոք, ինքնաբերաբար,
Խորը քնի մեջ շատ հմայիչ է ազատությունը,
Արի՛ մի քիչ էլ երազում ապրենք ու հետևաբար,
Արի հանդիպենք այնտեղ նո՛ւյն ժամին ու անենք նո՛ւյնը:

Լուսինե ԱՂԱՋԱՆՅԱՆ
“Հույզերի Հեղեղ” գրքից:
16. 06. 2012թ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում